ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏԱՐԵՍԿԶԲԻՆ ԷՐ ԾՐԱԳՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Ադրբեջանը վաղուց է պատրաստվել Հայաստանի դեմ պատերազմին, այլեւս կասկածելու տեղ չի մնում: Ադրբեջանաթուրքական զորավարժություններից եւ համատեղ հայտարարություններից զատ հետաքրքիր նրբություններ են պարունակում նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Նախարարների կոմիտեի նիստում այս տարի տեղի ունեցած դեպքերը, որոնք, սակայն, վրիպել են հանրության լայն շրջանակների  ու, կարծես թե, նաեւ մեր երկրի իրավաքաղաքական ղեկավարների տեսադաշտից:

Ինչի՞ մասին է խոսքը. 2016 թվականից սկսած՝ վեց ամիսը մեկ անգամ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախարարների կոմիտեի նիստին ներկայացնում էր ադրբեջանցի փախստականների՝ իրենց բնակության վայրեր վերադարձվելու հարցը: Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Այն ներկայացվեց նաեւ այս տարվա հունվարին, սակայն հենց նիստի օրը բոլորի համար անակնկալ կերպով ադրբեջանական կողմը հրաժարվեց դրա քննարկումից: Այսինքն՝ 4 տարի շարունակ հետեւողական պահանջում էր քննարկել հարցը ու հանկարծ հետ կանգնեց: Իսկ ինչո՞ւ։ Պատճառների մասին ուշագրավ բացահայտում է արել ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը. «Տարօրինակ կերպով այս տարվա հունվարին Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ այն կրկին օրակարգ մտնի, բայց նիստի օրը այդ հարցը հենց ինքն է հանում քննարկման օրակարգից. այսպիսի բան չէր եղել այսքան ժամանակ: Նրանք չցանկացան քննարկել, քանի որ եթե այն քննարկվեր, եւ նախարարների կոմիտեն մերժեր որոշում կայացնելը, այսօր Ադրբեջանը հնարավորություն չէր ունենա այս փաստաթղթի մեջ ներառել նրանց վերադարձի հարցը»:

Ստացվում է՝ դեռ այս տարվա հունվարին ադրբեջանական կողմը պատերազմ սկսելու մտադրություն է ունեցել եւ դիտմամբ փախստականների վերադարձի հարցի քննարկումը վերջին պահին հետաձգել է, որպեսզի հետո խնդիրների առեջեւ չկանգներ: Իսկ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունում այդ կետն ամրագրված է եւ, փաստորեն, ենթակա կատարման:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանական խմբակցությունը հայտնվել է անելանելի իրավիճակում: Այդ առումով վտանգված է նաեւ 2021 թվականի բյուջեի նախագծի ընդունումը: Եվ չնայած ԱԺ լիագումար նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեի նախագիծը, մինչ այդ էլ այն քննարկվել էր մշտական հանձնաժողովներում: Սակայն իրավիճակով պայմանավորված՝ արդեն լիագումար նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին լսող չկար, քանի որ նախագծի քննարկումն ուղեցկվեց Արցախի վերաբերյալ ելույթներով, իշխանություն-ընդդիմություն մեղադրանքներ հնչեցնելով, բայց ոչ բուն նախագծի մասին քննարկումներով: Սակայն կառավարության հետագա գործունեության համար այն կարեւոր փաստաթուղթ է եւ պետք է ամեն դեպքում հավանության արժանանա խորհրդարանի կողմից, որպեսզի հետագայում հնարավոր լինի այն կյանքի կոչել: Այժմ չորս օր ժամանակ է տրվել, որպեսզի ներկայացվեն բյուջեի վերաբերյալ վերջնական առաջարկությունները, որից հետո էլ պետք է կազմակերպվի քվեարկությունը, սակայն այս նախագիծը չի հետաքրքրում անգամ իշխանական խմբակցության շատ պատգամավորների:

 

 

 

Երեկ Արա Այվազյանը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարար: Վերջինս ունի բավականին հարուստ կենսագրություն: Եվ հետաքրքիր է, որ նա վերջերս՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին է ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, մինչ այդ նա տարբեր երկրներում եղել է արտակարգ եւ լիազոր դեսպան: Այդ երկրներն են՝ Մեքսիկան, Կոստա Ռիկան, Կուբան, Հոնդուրասը, Գվատեմալան եւ Պանաման: Հիշեցնենք՝ Զոհրաբ Մնացականյանի՝ աշխատանքից հեռացման մասին պարզ դարձավ նոյեմբերի 16-ին, երբ այդ մասին խորհրդարանում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դրան զուգահեռ Մնացականյանը հրապարակեց իր ձեռագիր գրված դիմումը: Դրանից մեկ օր հետո՝ նոյեմբերի 17-ին, հայտնի դարձավ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պաշտոնանկության մասին: Սակայն համառ լուրեր են տարածվում այն մասին, որ այսքանով նախարարությունում կադրային փոփոխությունները չեն դադարելու, եւ առաջիկայում կրկին հեռացվողներ կլինեն, ընդ որում՝ կրկին փոխնախարարների մակարդակով: Եվ հենց դա է պատճառ եղել, որ ընտրությունը կանգ է առել Այվազյանի վրա, որ վերջինս նշանակվեց փոխնախարարի պաշտոնում, իսկ արդեն վաղուց նշանակվածներն առաջիկայում հրաժեշտ կտան այդ պաշտոնին:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալներն ավելացել են 1.4 տոկոսով: Բայց, մյուս կողմից, այս տարվա 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 1 տոկոսով նվազել են: Նույն պատկերն է նաեւ խոզի մսի դեպքում. այս տարվա հունվար-սեպտեմբերին խոզի մսի արտադրության ծավալները պակասել են 10.1 տոկոսով։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ նաեւ, որ ոչխարի մսի արտադրության ծավալներն են աճել 7.9 տոկոսով: Ավելացել են նաեւ թռչնամսի արտադրության ծավալները 8.7 տոկոսով: Ստացվում է, որ կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը սկսել են դրական ազդել ոլորտի վրա. մսամթերքի արտադրության ծավալները աստիճանաբար ավելանում են: Միաժամանակ նշենք, որ անկում արձանագրվել է երշիկեղենի արտադրության ոլորտում 2.2 տոկոսի չափով: Ըստ մասնագետների՝ այս ոլորտում արձանագրված նվազումը պայմանավորված է գնողունակության անկմամբ։ Ի դեպ, նույն Վիճակագրական կոմիտեն մսամթերքի շուկայում սեպտեմբերին թանկացում է արձանագրել 0.9 տոկոսով։ Մասնագետների համոզմամբ՝ ոչ միայն մսամթերքի, այլեւ մյուս շուկաներում թանկացումների ալիք է սկսվելու առաջիկայում։

 

 




Լրահոս