ՀՀ կառավարությունը հաստատել է արցախահայությանն աջակցություն ցուցաբերելու երկրորդ միջոցառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը հաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը:

Միջոցառման նպատակն է՝ սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի վերը նշված տարածքների համայնքների հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:

Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ։

Միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվելու է ծնողին, եթե երեխայի ծնողը հանդիսանում է ծրագրի շահառու: Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը:

Միանվագ դրամական օգնությունը տրամադրվեու է Հայփոստի և Արցախփոստի միջոցով: Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերված միջոցներով:




Լրահոս