
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է տարածված լուրերին, թե պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից և աշխատանք է խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից:
«Արմենպրես»-ի խնդրանքով, անդրադառնալով տարածված լուրին, ՀՀ ԱԳ նախկին նախարարը հավաստիացրեց, որ իր ինքն ու ընտանիքն ապրում և շարունակելու են ապրել Հայաստանում:
«Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ՝ ցանկություն: Իսկ իմ անձով հետաքրքրվողներին պարզապես հորդորում եմ. այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ անձի, իմ ընտանիքի մասին բամբասանքերը»,- նշեց Մնացականյանը: