ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԵՏԵՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՐԻՆԱԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի 15 քաղաքների եւ կոմունաների ղեկավարները հանդես են եկել Արցախի Հանրապետության ճանաչման հռչակագրով` կոչ անելով Ֆրանսիային եւ միջազգային հանրությանը հետեւել իրենց օրինակին:

 

Բանաձեւում մասնավորապես ասվում է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը վերսկսել է ղարաբաղյան հակամարտությունը, որը սառեցվել էր 1994 թվականի անկայուն հրադադարով` սկսելով աննախադեպ լայնամասշտաբ հարձակում ինքնորոշված հանրապետության վրա: Ադրբեջանական բանակի գործողությունները, որի կազմում ընդգրկված էին սիրիական ջիհադական խմբավորումների զինյալներ, հանգեցրել է հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում (Արցախ), որն ուղեկցվել է զինված հակամարտության վերաբերյալ միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով: Ռմբակոծվել են ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ սահմանամերձ համայնքները: Բազմաթիվ խաղաղ բնակիչներ են սպանվել, իսկ արցախցի հազարավոր մարդիկ արտաքսվել են իրենց տներից:

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին՝ 44 օրվա արյունալի մարտերից հետո, ուժի մեջ է մտել  հրադադարի պայմանագիրը, որը կնքվել է Ռուսաստանի իշխանությունների հովանու ներքո՝ ամրագրելով հակամարտող կողմերի դիրքերը:

Չնայած այս համաձայնագրի դրույթները բոլորովին էլ գոհացուցիչ չեն, դրանք նպաստում են երկու կողմերից էլ կյանքեր փրկելուն: Տարածքների կորուստը կարող է հանգեցնել ծայրաստիճան անբարենպաստ իրավիճակի, մասնավորապես՝ հարյուրավոր հնագույն եկեղեցիների եւ տաճարների պահպանման առումով:

Այս առումով Արցախի երկրորդ քաղաք Շուշիի անկումը հղի է Արցախի ժողովրդին սեփական պատմական հիշողությունից զրկելու վտանգով՝ հաշվի առնելով քաղաքում տեղի ունեցած բոլոր աննախադեպ ավերածությունները՝ ներառյալ վերջերս վերանորոգված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Այսուհետ մեր պարտքն է չթաքնվել զգուշավոր չեզոքության հետեւում, ինչը նշանակում է հավանություն տալ ադրբեջանական ագրեսիային: Մենք պետք է վերահաստատենք մեր լիակատար աջակցությունը բարեկամ ժողովրդին ՝ աջակցելով հայ ժողովրդի վերադարձին իրենց նախնիների հողեր»:

Հայտարարության մեջ նշվում է նաեւ որ անկախության հռչակումից ի վեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր ժողովրդին երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն` հենված երբեւէ կասկածի տակ չդրված ժողովրդական հիմքերի, տարածքային ամբողջականության եւ պաշտպանության, ինչպես նաեւ տնտեսական եւ մշակութային բարգավաճման վրա:

«Արցախի պետության տարածքում համախմբված ժողովուրդը արմատապես կապված է իր նախնիների հողի հետ՝ ընդհանուր լեզվով, ընդհանուր պատմությամբ, ժառանգական մշակույթով ու դավանանքով: Հաշվի առնելով այս կարեւոր գործոնները, մեզ առավել, քան երբեւէ, թվում է, որ Արցախի անկախությունը  իրավականորեն ուժեղ է, օրինական եւ արդար», – ասվում է հայտարարության մեջ՝ Ֆրանսիայի կառավարությանը եւ միջազգային հանրությանը հորդորելով ճանաչել նաեւ Արցախի անկախությունը որպես միակ արդյունավետ միջոց` պաշտպանելու Արցախի ժողովրդին էթնիկական զտումից, որը մինչ այժմ սպառնում է նրանց: Համատեղ հռչակագիրը ստորագրել են Վալանսի, Դեսին Շարպի, Վիենի, Սեն Շամոնի, Կոմպիենի, Բուկ Բել Էրի, Լե Պեն Միրաբոյի, Շավիլի, Ալֆորտվիլի, Շամ սյուռ Մարնի,  Ռոման սյուռ Իզերի, Բուր դե Վալանսի, Բուր դե Պիաժի, Շատուզանյե լե Գուբեի, Գիլերան Գրանժի ղեկավարները:

 

 

 

ԱԺ-Ն ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է

ՀՀ ազգային ժողովը վավերացրել է ««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը: Այս նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառվարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Այս վարկային համաձայնագրով նախատեսված էր կառուցել Հրազդանի տարածաշրջանից, մասնավորապես՝ Դդմաշենից մինչեւ Վրաստանի սահման էլեկտրահաղորդման գիծ, Դդմաշենում՝ ենթակայան, եւ Այրումում՝ փոխակերպիչ կայան, որը հնարավորություն կտա Հայաստանի էներգոհամակարգին զուգահեռ աշխատանք ապահովել ե՛ւ Իրանի, ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Ռուսաստանի հետ միաժամանակ»,- ասել է  Վարդանյանը: Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020թ. հուլիսի 1-ին ստորագրված ««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II – Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրով նախատեսվում են Վարկային համաձայնագրի 3.2 հոդվածով սահմանված կարգով մասհանումներ, համաձայն որի՝ մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Անդրադառնալով հարցին, թե ինչու են մասհանումների կատարման ժամկետը երկարաձգում՝ նա ասել է, որ նախորդ կառավարության կողմից ծրագիրը ժամանակավորապես կասեցվել էր եւ չէր իրականացվում, որպեսզի գնահատվեին դրա տեխնիկատնտեսական արդյունավետությունը եւ այլ հնարավոր իրականացման մեթոդները: Նախագիծն ընդունվել է միաձայն` 71 «կողմ» ձայնով:

 

 

 

ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր է տրամադրել 2020 թվականի օգոստոսի 26-ին Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 12 փլուզված բնակարանների սեփականատերերին:  Աջակցության չափը հաշվարկվել է՝ հիմքում ընդունելով փլուզված բնակարանի մակերեսները եւ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված, 1 քառ. մետրի համար ձեւավորված շուկայական միջինացված գնի տվյալները՝ 333 հազ. դրամ՝ 1քմ-ի համար: Եթե նոր ձեռք բերվող բնակարանի արժեքն ավելի ցածր է, խնայված գումարը մնում է շահառուին: Եթե գնվող բնակարանի արժեքը գերազանցում է վկայագրով տրամադրվող աջակցությանը, ապա շահառուն կարող է նաեւ հավելյալ գումար ավելացնել կամ ձեռք բերել այն հիպոթեկային վարկավորման միջոցով:

 

 

ՄԱՔՐՈՒՀԻՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ

Մարո Ղամբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2020թ. հուլիսի 8-ին մաքրություն  կատարելու նպատակով, տանտերերի թույլտվությամբ,  մուտք է գործել  Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի բնակարաններից մեկը եւ նկատել  է գետնին ընկած վիճակում գտնվող տանտիրոջ՝ Գեւորգ Խաչատրյանի «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բանկային  պլաստիկ քարտը՝ իր  գաղտնաբառով։ Մ. Ղամբարյանը վերցրել  է քարտը եւ նույն  օրը այդ շենքի առաջին հարկում գտնվող «Հայբիզնես  բանկ»  ՓԲԸ-ի շինություն հանդիսացող բանկոմատից քարտի միջոցով, կանխիկացման եղանակով հափշտակել է Գեւորգ  Խաչատրյանին պատկանող զգալի չափերի՝ 165 հազար դրամ գումարը։ Նախկինում  չդատված Մարո Ղամբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։

 

 

ՀՆԱՄԵՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԵՎ ՎԱՆՔԵՐԸ ՔԱՆԴՎՈՒՄ ԵՆ

Իջեւան քաղաքից մոտ 2 կմ հեռավորությամբ գտնվող 13-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցին  կիսավեր վիճակում է։ Իջեւանի՝ տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող, 12-13-րդ դարերի Սրվեղի վանքը  խիստ  կարիք ունի հիմնանորոգման։  Իջեւանի տարածաշրջանի  Կիրանց եւ Աճարկուտ գյուղերի   անտառներում գտնվող վանքերի վիճակը վատթար է։ 13-րդ դարի կառույց Կիրանցի վանական  համալիրի բոլոր կառույցներն աղյուսաշեն են եւ այդ առումով հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի հուշարձաններից են: Կիրանցի վանքը կանգուն է, սակայն վանքի լանջերին բուսնած ճառեր կան, որոնք քայքայում են պատերը: Առաքելոց վանքը Հայ առաքելական եկեղեցու հին կոթող է, գտնվում է Կիրանց գյուղից 3 կմ արեւմուտք՝ անտառապատ լեռների լանջերին: Սամսոնի վանքը կառուցված է Խնձորկուտ կոչվող անտառապատ սարահարթի վրա 12-13-րդ դարերում: Այն գտնվում է ավերված վիճակում: Ավերված վիճակում է նաեւ 12-13-րդ դարերի Դեղձնուտի վանքը, որը միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից է: Հայ առաքելական եկեղեցին հետամուտ չէ մեծ ճանապարհից հեռու, անտառում գտնվող, քաղկեդոնական  ոճով  կառուցված հնամենի կաթողներին, քանզի դրանցում պարբերաբար հոգեւոր արարողություններ իրականացնելու, հավատացյալների մուտքն ապահովելու համար պայմաններ չկան։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս