ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության նախագիծը։

 

Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, նախադպրոցական կրթական ծրագրերին, երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական եւ սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների եւ ձեւերի ընտրության, ինչպես նաեւ նրանց կյանքի անվտանգության եւ առողջության պահպանման համար: Համագործակցելով համայնքի եւ ընտանիքի հետ՝ հաստատությունն ապահովում է սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու եւ դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալները,  հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, հայրենի բնության, պատմության եւ ազգային մշակույթի տարրերին  ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական եւ ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը:

Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերի ձեւավորումը եւ երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչեւ 30-ը: Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ըստ տեսակների լինում են՝

մսուր՝ 0-3 տարեկանների ընդգրկմամբ, մսուր-մանկապարտեզ՝ 0-6 տարեկանների ընդգրկմամբ, մանկապարտեզ՝ 3-6 տարեկանների ընդգրկմամբ, նախակրթարան՝ 5-6 տարեկանների ընդգրկմամբ, կենտրոն՝ 0-6` նախադպրոցական բոլոր կամ որեւէ տարիքային խմբի ընդգրկմամբ:

Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձեւից, իրականացվում է ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի  միջեւ ստորագրված պայմանագրի հիման վրա՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Հաստատությունը կարող է ունենալ կնիք, ձեւաթուղթ, պաշտոնական կայք, ինքնուրույն հաշվեկշիռ եւ բանկային հաշիվ: Հաստատության պաշտոնական կայքում հրապարակվում են հաստատության նախահաշիվը, ֆինանսական հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը, հայտարարությունները եւ հաստատության գործունեությանն առնչվող «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված  տեղեկություններ եւ այլն: Հաստատությունն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների եւ կազմակերպությունների հետ, չի թույլատրվում քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը: Համաձայն քննարկվող կանոնադրության նախագծի՝ նախադպրոցական հաստատությունները կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, մասնավորապես,՝ ստեղծել ռեսուրս-կենտրոններ, իրականացնել մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական դասընթացներ, վարել ծնողական կրթությանը միտված դասընթացներ եւ ծրագրեր, կազմակերպել լրացուցիչ կրթական ծառայություններ, սաների երկարօրյա կամ շուրջօրյա ուսուցում եւ խնամք։

Հավելենք, որ ՀՀ  ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ: Նախադպրոցական ուսումնական հաստատություն չունեցող համայնքում կամ բնակավայրում կարող են ներդրվել նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսարդյունավետ այլընտրանքային մոդելներ:

 

 

 

502 ՓԱԽՍՏԱԿԱՆ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ

Հայաստանից նոյեմբերի 17-ին 502 փախստական է վերադարձել Ստեփանակերտ. այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ 24 ավտոբուսից բաղկացած շարասյունը Երեւանից ուղեւորվել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի եւ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ: Փախստականների անվտանգ վերադարձը եւ իրենց տներ վերադարձող խաղաղ բնակիչների՝ շփման գծի  ուղղությամբ տեղաշարժի անվտանգության ապահովումը կազմակերպվում է Հումանիտար արձագանքման  միջգերատեսչական կենտրոնի ղեկավարմամբ եւ վերահսկմամբ: Նշվում է, որ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1700 բնակիչ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները: Ավտոբուսների անվտանգ տեղաշարժն ապահովել են ռուս զինծառայողները:

 

 

 

«ԹԵԺ ԳԻԾ»՝ ՊԵԿ-Ի ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Մաքսանենգության եւ մաքսային իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ստեղծվել է հերթապահ բաժանմունք եւ գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության  թեժ գիծը գործում է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով: Ծառայության հեռախոսահամարն է 011 80 11 99, որով ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են զանգահարել եւ հայտնել կատարված, կատարվող կամ նախապատրաստվող իրավախախտման վերաբերյալ:

Թեժ գծով ստացված տեղեկությունները փոխանցվում են համապատասխան ստորաբաժանմանը դրանց իսկությունը ստուգելու եւ մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման հավանական դեպքերը կանխելու ու հայտնաբերելու նպատակով: Ծառայության նպատակն է ավելի արդյունավետ դարձնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից շուրջօրյա իրականացվող աշխատանքները` իրավախախտումների կանխման եւ հայտնաբերման ուղղությամբ: Ի դեպ, մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության դեպքերի վերաբերյալ տեղեկությունները կարող են գրանցվել նաեւ անանուն: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության հերթապահ բաժանմունքում գործում է նաեւ հսկողության համակարգ, որը հնարավորություն է տալիս թիրախավորված անձանց հայտնաբերել, բացահայտել  եւ կանխել վերջիններիս հանցավոր գործողությունները:

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը փոխանցել է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով մեքենաների համար դժվարանցանելի է։ Մարտունի-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երթեւեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի փոխանցմամբ՝ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

 

 

 

ՈՐՈՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Նոյեմբերի 17-ին՝ մինչեւ ուշ երեկո, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների աջակցությամբ Մարտունիի եւ Շուշիի ուղղություններում շարունակվել են անհայտ կորածների որոնման եւ զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։ Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են` ներառելով նոր, ավելի ընդգրկուն տարածքներ:

 

 

1589 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 1589 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 120459 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 472190, վերջին մեկ օրում` 4109 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 38082 պացիենտ. մեկ օրում նվազել է 171-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 80069 անձ, վերջին մեկ օրում՝ 1726 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1839 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 469 է:

 




Լրահոս