ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՇՈՒՄ Է ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է երկրի նախագահի հրամանը՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին։ Փաստաթուղթն օրենսդիր մարմին էր ուղարկվել երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին։ Ըստ այդ հրամանի՝ թուրք զինվորականները կարող են Ադրբեջանում գտնվել 1 տարի ժամկետով։ Դրա հետ մեկտեղ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ կարելի է ցանկացած գնահատական տալ Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած դերին, բայց Անկարային չի կարելի մեղադրել միջազգային իրավունքի խախտման մեջ:

 

Պուտինն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ Թուրքիան երբեք չի էլ թաքցրել, որ Լեռնային Ղարաբաղում պաշտպանում է Ադրբեջանին, ու դա ԽՍՀՄ-ի փլուզման աշխարհաքաղաքական արդյունք է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հերթին հայտարարել է, որ ռուս եւ թուրք զինվորականները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում «հայերի եւ ադրբեջանցիների անվտանգության ապահովման գործողություններին»։

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինին:

-Պարո՛ն Խրամչիխին, ի՞նչ կարծիք ունեք Թուրքիայի եւ ՌԴ նախագահների հայտարարությունների մասին:

-Թուրք դիտորդների հարցում, դատելով Ռուսաստանից եւ Ադրբեջանից հնչող հայտարարություններից, Ռուսաստանն ու Թուրքիան նախնական համաձայնության են եկել։ ՌԴ նախագահի դիտարկումներից կարելի է հասկանալ, որ լինելու են ոչ թե թուրք խաղաղապահներ, այլ դիտորդներ, նրանք չեն լինելու շփման գծում, այլ լինելու են Ադրբեջանի տարածքում։ Սակայն հասկանում ենք նաեւ այն, որ նրանք մոտ են լինելու շփման գծին, քանի որ այդպես է պետք Թուրքիային եւ Ադրբեջանին, որոնք այս պատերազմով եւ դրան հաջորդած բոլոր բանակցություններում ներառեցին Թուրքիային եւ փորձեցին Անդրկովկաս ներքաշել թուրքական գործոն եւ ռազմական ներկայություն։ Սա, ինչպես տեսանք, Ռուսաստանի համար անընդունելի էր, եւ Ռուսաստանը կարողացավ Թուրքիային հեռու պահել խաղաղապահ առաքելությունից, բայց Ռուսաստանը չի կարող արգելել թուրք զինվորականների ներկայություն Ադրբեջանի տարածքում, բայց այս հարցում եւս, համատեղ կենտրոնի հիմնավորմամբ, Ռուսաստանը ստացավ մասնակցություն նաեւ այս հարցում եւ կարողացավ լիովին վերահսկելի դարձնել թուրքական ներկայությունը Ադրբեջանում։

-Սակայն ի՞նչ եք կարծում, այդ որոշումը վերջնակա՞ն է:

-Կարծում  եմ՝ ռուս-թուրքական խոսակցությունն այս հարցերի շուրջ դեռ մարված չէ։ Թուրքիան փորձում էր սիրիական մոդելը կիրառել Ղարաբաղում, իսկ Ռուսաստանն ասաց, որ դա հնարավոր չէ, որ Ղարաբաղը Իդլիբ կամ Սիրիա չէ, եւ համատեղ պարեկություն-խաղաղապահություն հնարավոր չէ, ավելին՝ հարկավոր չէ։ Բարդ բանակցային գործընթաց է ընթանում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, որում կա ե՛ւ մրցակցություն, ե՛ւ հակաարեւմտյան համագործակցության ցանկություն եւ տարածաշրջանային շահեր, որոնք ամենուր նույնը չեն։ Ընդհանուր առմամբ, խոսակցությունը, թեեւ բարդ է, ոչ միշտ է տապալված։ Ռուսաստանն ու Թուրքիան բանակցային ճկունություն են ցուցադրում, իսկ Ռուսաստանը բացատրում է, որ յուրաքանչյուր հակամարտությունում չէ, որ սիրիական մոդելը տեղին ու կիրառելի է։ Կարծում եմ՝ դիտորդների տեղակայումից եւ նրանց դիրքավորումից պարզ կդառնա, թե ինչպես կզարգանան իրադարձությունները ապագայում։ Այնուամենայնիվ, ռուսական կողմը հստակ նշում է իր կարմիր գծերի մասին, դիրքորոշումների դիմակայությունը շարունակվելու է, քանի որ դեռ հարցեր կան լուծելու, իսկ բազմաթիվ կողմեր դժգոհ են նման հրադադարից եւ իրերի ներկայիս դրությունից:

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 11-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի միջեւ կայացած տեսակապով բանակցությունների արդյունքում։

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԼԱՎՐՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովին, ամերիկացի Էնդրյու Շոֆերին, ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտիին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

 

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը:

Լավրովը, Պոպովը, Վիսկոնտին, Շոֆերն ու Կասպշիկն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների միջնորդական հետագա գործողությունների համակարգմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ իրեն է համարում ստեղծված իրավիճակի պատասխանատուն, նշել է, որ մտադիր չէ հրաժարական ներկայացնել եւ պատրաստ է աշխատել՝ հանուն ներկայիս իրավիճակի հաղթահարման:

Վարչապետը հրապարակել է անհրաժեշտ գործողությունների «ճանապարհային քարտեզը», որի առաջին կետում Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնումն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով: Առաջնահերթություն է Արցախի կարգավիճակն ու արցախցիների վերադարձն իրենց բնակության վայրեր:  ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության կարեւորության մասին են արտահայտվել միջազգային բոլոր հեղինակավոր հաստատությունները: Մասնավորապես, Մնացականյանը նոյեմբերի 9-ի համաձայնության հարցը քննարկել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, ով վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Մինսկի խմբի երեք անդամներից երկուսը՝ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, հայտարարել են, որ Ռուսաստանից հստակություն են ակնկալում Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանների վերաբերյալ: Հարցը Փարիզում քննարկել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Տեղի է ունեցել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Նոյեմբերի 17-ին ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն նույնպես հայտարարել է, որ հարկ է շուտափույթ կերպով վերսկսել մինսկյան գործընթացը: «Կարգավորման հիմքում պետք է լինեն Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթները՝ ուժ կիրառելու կամ դրանով սպառնալու բացառում, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում եւ մարդկանց իրավահավասարություն»,- հայտարարել է Փոմփեոն։ Հակամարտող կողմերը երեք անգամ՝ նախ՝ Ռուսաստանի, ապա՝ Ֆրանսիայի, եւ, վերջապես, ԱՄՆ-ի միջնորդությամբ փորձել են հրադադար կնքել, սակայն բոլոր պայմանավորվածությունները ձախողվել են: Առայժմ արդյունավետ է միայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 9-ին առաջարկած ծրագիրը:

 

 

 

1.1 ՏՈԿՈՍ ԳՆԱՃ

Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալներն այս տարվա 9 ամիսների արդյունքներով ավելացել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին պանրի արտադրության ծավալները ավելացել են 4.9, թթվասերինը՝ 3.3, մածունինը` 2.3, իսկ կաթնաշոռինը` 1.8 տոկոսով: Իսկ, ահա, կաթի արտադրության ծավալներն այս տարվա 9 ամիսներին ավելացել են 10 տոկոսով: Ոլորտի մասնագետներից մի քանիսը ArmLur.am-ի հետ զրույցում ասացին, որ կաթնամթերքի արտադրության ծավալների աճը պայմանավորված է կաթնատվության ավելացման հետ: Միաժամանակ, տեղեկացնենք, որ կաթնամթերքի, պանրի շուկայում այս հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 1.1 տոկոս գնաճ: Ի դեպ, այս թանկացմանը նպաստել է հուլիսի 19-ից գազի գնի բարձրացումը. ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, վճարում են 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ նախկին 212-ի փոխարեն: Նույն սակագինը 18 օր է արդեն՝ գործում է նաեւ պահածոների, խմիչքի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով:

 

 

 

ԿՔՆՆԱՐԿԵՆ

Նոյեմբերի 23-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հարցով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, ինչպես հայտնել է ռուսական կողմը, Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանում տեղակայել է հինգ լրացուցիչ սահմանակետ, երկուսը՝ Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանին (Երասխ ու Պարույր Սեւակ), երկուսը՝ Հայաստանի եւ Իրանի սահմանին (Մեղրի եւ Սղերդ), եւ հինգերորդը՝ սահմանին՝ Տեղ գյուղի մոտ: Հակամարտող կողմերին սահմանակից Իրանը ողջունել էր եռակողմ համաձայնագիրը եւ հույս հայտնել, որ պայմանավորվածությունները կհանգեցնեն Կովկասում կայուն խաղաղության: Իրանի դիվանագիտական գերատեսչությունն ընդգծել էր փոքրամասնությունների անվտանգության եւ իրավունքների հարգման, ինչպես նաեւ տարածաշրջանից օտարերկրյա զինյալների դուրսբերման անհրաժեշտությունը:




Լրահոս