ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒՇԱԳՐԱՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ Է ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը, որը երեկ հրաժարվեց իր զբաղեցրած պաշտոնից, երեկ՝ ասուլիսի ժամանակ, հայտարարեց՝ պատերազմի առաջին իսկ օրերին հանցագործություն է տեղի ունեցել, որտեղից էլ ծնվել են հետագա խնդիրները։

 

«Այստեղ եւս մեկ հանցագործություն է կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է համալրումը: Երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրահամալրումը եւ փոխարենը կամավորականներին ուղարկել առաջնագիծ պատերազմի երրորդ օրը։ Վարչապետի որոշման հիմնավորումներն ինձ չեն զեկուցում։ Չեն կարող հերքել, որովհետեւ պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այս գործընթացի համար եւ գիտեն, որ գալու է ժամանակը, որ սրա համար պատասխան պիտի տան այդ գործառույթը չիրականացնելու համար, խոսակցությունը ձայնագրել են», – հայտարարեց Մովսիսյանը, նշելով՝ առաջին իսկ մարտի ժամանակ այդ մարդկանց մի մասը կոտորվում է մարտի դաշտում, մի մասը խուճապահար փախչում է։

«5-րդ օրը Արցախում 1500 հոգի մարդ ունեինք փախած, որոնք իզոլացվել են տարբեր տեղեր, որ չգան հետ ու խուճապ չառաջացնեն Հայաստանում։ Եվ էդքան մարդկանց վրա մարդ է նշանակվել, զորքից կտրվել, որպեսզի դրանց պահեն, կերակրվել են զինվորների սնունդով, եւ մեր հարգարժան գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, գնդապետ Բալասանյանը, գեներալ Ալեքսանյանը եւ տարբեր զինվորականներ բացատրական աշխատանքներ են տարել, որպեսզի նրանց մի մասին հետ վերադարձնենք բանակի շարքեր», – ասաց Հակոբյանը։

Նա նշեց՝ զորահավաքը չի կատարվել, եւ դրա պատասխանատուն երկրի ղեկավարն է, պաշտպանության նախարարը, զինվորական կոմիսարիատը եւ տարածքային կառավարման նախարարը, ոչ գլխավոր շտաբի պետը։

Ըստ Հակոբյանի՝ ամսի 30-ի դրությամբ Արցախն իրականացրել է իր համալրման պլանի 78 տոկոսը, Հայաստանը՝ 52 տոկոսը։

«Դա պետք է իրականացվեր 40 ժամվա ընթացքում, եւ սա 5-րդ օրն է էդպես եղել, երկրորդ օրն ավելի ցածր է եղել համալրման տոկոսը», – ասաց Հակոբյանը՝ նշելով, որ այստեղից ծնվել են բոլոր խնդիրները։

«Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Իսկ թե վարչապետի վերաբերյալ նրա հրապարակած փաստերը որքանով են հիմնավոր, բերեմ ընդամենը մեկ օրինակ

Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որեւէ հեռախոսազրույց չի ունեցել, մինչդեռ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված են վարչապետի եւ ՌԴ նախագահի միջև սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին մամուլի հաղորդագրությունները: Վերջիններս տարածվել են նաեւ ԶԼՄ-ներին:

Վարչապետի հասցեին Հակոբյանի հնչեցրած մյուս մեղադրանքները ունեն ճշտության նույնպիսի աստիճան: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները, եւ դրանք պետք է հատիկ- հատիկ պարզաբանվեն եւ գնահատականի արժանանան:

Լիազորված եմ տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետը իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ եւ, ըստ պատեհության, կանդրադառնա դրանց: Այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաեւ վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում»,- նշեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու եւ իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ազատամարտիկ Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը. այս մասին հայտնել է նրա պաշտպան Արամ Վարդեւանյանը: Աշոտ Մինասյանը  ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման, եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման, եւ 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։

 

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Եվրոպական Միությունը կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության ձեւաչափում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քաղաքական բանակցությունները. այս մասին նշել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել ջանքերը հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ուղղությամբ»,- ասված է Բորելի հայտարարությունում: Եվրոպական Միությունը մտադիր է հետեւել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնության կատարմանը: Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց անհապաղ հանել օտարերկրյա գրոհայիններին:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է

Մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը: Մանվել Սեկտորի Գրիգորյանը ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին Արմավիրի մարզում,  ունի գեներալ-լեյտենանտի կոչում։ Նա մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն իր ցավակցությունն է հայտնում ընտանիքին եւ զինակից ընկերներին:

 

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

Փաշինյանի որոշմամբ Աշոտ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

 

 

386 ԴԻԵՐ

Նոյեմբերի 13-ից հայկական եւ ադրբեջանական կողմերը փոխանակել են ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհվածների 385 դիերը. այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով` նոյեմբերի 13-ից մինչ օրս փոխանցվել է սպանվածների 385 դի: Այս ցուցանիշը ներառում է երկու կողմերի զոհերին: Զախարովան հայտնել է նաեւ, որ ավելի քան 3 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ. «Նոյեմբերի 14-ից մինչ օրս ավելի քան 3 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ` 3054 մարդ»: Նոյեմբերի 23-ին աշխատանքային այցով Մոսկվայում կլինի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նախատեսվում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները իրանցի պաշտոնակցի հետ։ Ըստ Զախարովայի՝ 2020 թվականի ընթացքում սա Զարիֆի չորրորդ այցը կլինի Մոսկվա։ «Ենթադրվում է, որ կշարունակվի մտքերի փոխանակում միջազգային մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ»,- ասել է Զախարովան։ Զախարովան նշել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղում սրբավայրերի պահպանման հարցին հատուկ նշանակություն է տրվում. դա Լեռնային Ղարաբաղում շահագրգիռ կողմերի հետ Ռուսաստանի շփումների մի մասն է:

 

 

ԲԵՌՆԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է

Հայաստանում երկաթուղային, օդային եւ մայրուղային խողովակաշարային տրանսպորտի տեսակներով բեռնաշրջանառությունն աճել է, իսկ ավտոմոբիլային տրանսպորտի պարագայում՝ նվազել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ Հայաստանում այս  տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բեռնաշրջանառության 0.9% անկման (կազմել է 3 մլրդ 404 մլն 400 հազ. տոննա-կմ) պայմաններում երկաթուղային տրանսպորտով բեռնաշրջանառության ծավալն աճել է 4.2%-ով (652.8 մլն տոննա-կմ), ավտոմոբիլային տրանսպորտով բեռնաշրջանառությունը նվազել է 9.9%-ով (637.3 մլն տոննա-կմ)։ Օդային տրանսպորտով բեռնաշրջանառության ծավալը 2020-ի առաջին ինն ամիսներին կազմել է 200 հազար տոննա-կմ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ավելանալով 2 անգամ, իսկ մայրուղային խողովակաշարային տրանսպորտի դեպքում այդ ցուցանիշները կազմել է համապատասխանաբար 2 մլրդ 114.1 մլն տոննա-կմ եւ 0.6%։

 




Լրահոս