Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արմեն Աբազյանին:
Վարչապետը նշել է, որ մեր պետությունն այժմ ապրում է բավականին դժվար եւ ծանր ժամանակներ, երբ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կարողանա կատարել պետության ողնաշարի իր դերակատարումը: «Համոզված եմ, այդպես էլ տեղի կունենա: Իհարկե, այժմ ժամանակներ են, երբ մենք պետք է վերլուծենք, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու: Պետք է ասեմ, որ իմ եզրակացությունը շարունակում է մնալ նույնը: Մեզ համար ամենաբարդ եւ ամենամեծ խնդիրն այն է, որ մեր երկրում, այնուամենայնիվ, ցավոք, ինստիտուտների կայացման պատշաճ մակարդակի չենք կարողացել հասնել: Ըստ էության, 2018 թվականից հետո մենք պետական կառավարման համակարգից դուրս բերեցինք համակարգային կոռուպցիան եւ օլիգարխիան, բայց այս ընթացքում չկարողացանք նույնքան արդյունավետ արդեն իսկ այլ տրամաբանության մեջ գոյություն ունեցող համակարգեր ձեւավորել: Սրա համար կային օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ, որովհետեւ, օրինակ, Ազգային անվտանգության ծառայության դեպքում ինձ համար ամենամեծ խնդիրը եւ մարտահրավերը եղել է այն, որ մի կողմից պետք է այնպես անել, որ համակարգը, կներեք այդ բառի համար, չջարդվի, մյուս կողմից, որ համակարգը համապատասխանի նոր ժամանակների մարտահրավերներին:
Այս առումով սա մի բարդ խնդիր է, որը մենք դեռ չենք լուծել եւ պետք է լուծենք: Ազգային անվտանգության ծառայության անունը լսելիս պետք է մարդիկ, անկախ իրենց հայացքներից, աշխատանքի վայրից, բնույթից, կրթական ցենզից, զգաստանան, ոչ թե ինչ-որ նեգատիվ կոնտեքստով, այլ հասկանալով, որ գործ ունենք պետական կարգի օրինականության, անվտանգության ապահովման մարմնի հետ, որն առաջին հերթին ապահովում է պետության անվտանգությունը, քաղաքացու անվտանգությունը եւ այսպես շարունակ: Բայց արդյոք այդ մակարդակը մեզ բավարարո՞ւմ է: Ես չեմ կարծում, որ մենք հիմա այդպիսի իրավիճակ ունենք, եւ մեր խնդիրն է հենց այս իրավիճակը նոր նշաձողի բարձրացնելը, այնպիսի նշաձողի բարձրացնելը, որ հենց դա տեղի ունենա մեր հանրային գիտակցության մեջ»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա բարդ շրջանում է ստանձնել պաշտոնը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Քյարամյանի ներուժը կօգտագործվի մեր պետության կայացման հետագա գործընթացներում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին կատարած բարդ աշխատանքի համար, որովհետեւ նա է՛լ ավելի բարդ իրավիճակում է ստանձնել պաշտոնը:
«Ուզում եմ պարոն Աբազյանին եւ բոլոր ներկաներին հաջողություններ մաղթել: Մենք պետք է հետեւություններ անենք տեղի ունեցածից, խոսենք, քննարկենք, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու, ինչու է այդպես ստացվել: Պետք է կարողանանք գալ ճիշտ եզրակացությունների: Իհարկե, համոզված եմ, այն, թե ինչ տեղի ունեցավ եւ ինչու, ամենաշատ տեղեկատվությունը կենտրոնացած է հենց այս դահլիճում: Բայց շատ կարեւոր է այդ տեղեկատվությունը կարողանալ մշակել, վերլուծել եւ դրանից հետեւությունների հանգել, որովհետեւ այդ ինֆորմացիայի ահռելի ծավալը կարելի է ուղղակի ունենալ, բայց չկարողանալ, ի վիճակի չլինել ըմբռնել, ի վիճակի չլինել մշակել, ի վիճակի չլինել եզրակացությունների հանգել:
Այնպես որ, մեզ շատ բարդ, ծանր աշխատանք է սպասվում, այդ թվում՝ հանրային եւ պետական անվտանգությունը պահպանելու իմաստով: Մենք պետք է այդ մարտահրավերը ընդունենք, դիմակայենք՝ որպես նպատակ ունենալով մեր պետության հզորացումը, որպես նպատակ ունենալով մեր պետության իրական ինստիտուտների կայացումը, որպես նպատակ ունենալով այնպիսի իրավիճակ ստեղծելը, երբ մեր պետական շահերի պաշտպանության մասին մեր հայտարարություններն ապահովագրված կլինեն կոնկրետ ինստիտուցիոնալ երաշխիքներով, որ մենք մեր դրած նշաձողերը կարողանանք հաղթահարել»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Արմեն Աբազյանը հայտնել է, որ գործընկերների հետ ամեն ինչ անելու են, որպեսզի ՀՀ-ում կանոնավոր ձեւով գործի Սահմանադրությունը: «Զբաղեցրած դիրքի ցանկացած պաշտոնյա, անկախ իր պատկանելիությունից, անօրինականության դեպքում մեր կողմից արժանանալու է օրենքով սահմանված բոլոր պատիժներին:
Եվ նաեւ ուզում եմ իմ գործընկերներին շնորհակալություն հայտնել սեպտեմբերի 27-ից սկսված եւ մինչեւ օրս տեղի ունեցող գործընթացներում իրականացրած հայրենասեր եւ բարձր պատասխանատվությամբ աշխատանքի համար»,- ասել է ԱԱԾ նորանշանակ տնօրենը:
ԱՌԱՋՆԱԳԾԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ
Արցախի պաշտպանության բանակը շարունակում է հրապարակել առաջնագծի զինծառայողների սխրանքները։ «Հակաօդայիններ ավագ լեյտենանտ Ռուբեն Սերյոժայի Խաչատրյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Կամոյի Բաբայանն ու սերժանտ-պայմանագրային Կարեն Արթուրի Գրիգորյանը, գրագետ ու ներդաշնակ գործողությունների շնորհիվ, հոկտեմբերի 19-ին ոչնչացրել են հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք: Թշնամական 1 տանկ ոչնչացվել է սերժանտ Արտիկ Ալեքսանի Լալայինի կողմից, իսկ մայոր Հակոբ Ռուդիկի Պողոսյանը շարքից հանել է հակառակորդի 7 տանկ:
Տեսադիտարկման համակարգի տեղադրման ու մարտական պայմաններում աշխատանքի ապահովման, կապի տարբեր միջոցների անխափան ու ներդաշնակ ապահովումն իրականացնելիս անձնական արիության, բարոյակամային բարձր որակներ ու մասնագիտական պատրաստության բարձր մակարդակ են դրսեւորել կապավորներ, ավագ լեյտենանտ Գեղամ Արարատի Մուսայելյանը, ենթասպա Հրանտ Սամվելի Բալասանյանը, սերժանտ-պայմանագրայիններ Կարեն Արմենի Սեւիյանը, Քաջիկ Արթուրի Վանյանը, շարքային-պայմանագրային Սամվել Սերգեյի Խաչատրյանը, կապիտան Արամ Նիկոլայի Մանգասարյանը, ավագ լեյտենանտ Ռենալդ Մարտինի Կասպարյանը, ավագ լեյտենանտ Նորայր Մանվելի Հայրապետյանը, կապիտան Գագիկ Սլավի Մարտիրոսյանը, լեյտենանտ Նվեր Վաչագանի Խաչատրյանը:
Պատերազմական օրերի ամբողջ ընթացքում մարտական գործողություններ վարող ստորաբաժանումների թիկունքային ապահովումը կազմակերպելու գործընթացում աչքի են ընկել կապիտան Արթուր Էդվարդի Մուսայելյանը, մայոր Արմեն Էդուարդի Այդինյանը, մայոր Իգոր Ռոմանի Բալայանը, ավագ ենթասպա Արմեն Զորիկի Հարությունյանը, պահեստազորի կրտսեր սերժանտ Անդրեյ Վլադիմիրի Զաքարյանը, ավագ ենթասպա Արմեն Ռոբերտի Հակոբյանը»,-ասված է ՊԲ հաղորդագրության մեջ։
ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Զինված ուժերի զինծառայողները, պահեստազորայիններն ու հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվածները պատերազմական օրերին եւ այսօր մարտական դիրքերում շարունակում են զգոնությամբ եւ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները։ Նրանց կողքին են նաեւ զինված ուժերի հոգեւոր սպասավորները՝ գնդերեցները, որոնք իրենց խոսքով եւ օրհնությամբ ամրացնում են հայրենյաց պաշտպանների կամքը եւ սերն առ հայրենիք։
ՊՆ-Ն ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հորդորել է ՊՆ պահեստներ վերադարձնել պատերազմի ընթացքում ըստ անհրաժեշտության բաշխված միջոցները, որոնք նվիրաբերվել են զինված ուժերին: «Սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ կազմակերպություններ եւ անհատներ, այդ թվում՝ արտերկրից, զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել կամ հատկացրել են ռազմական նշանակության ապրանքներ, ավտոմոբիլային եւ այլ տեխնիկա, այլ պարագաներ ու սարքավորումներ: Կանոնակարգված կերպով ՊՆ պահեստներում մուտքագրված ապրանքներն ու միջոցները դասակարգվել են ըստ տեսակների եւ բաշխվել ըստ անհրաժեշտության: Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության ընթացքում կազմակերպությունների եւ անհատների ցուցաբերած աջակցությունը եւ կարեւորելով զինված ուժերին նվիրաբերված միջոցները հետագայում եւս նպատակային օգտագործելու ու կիրառելու անհրաժեշտությունը՝ հորդորում ենք ՊՆ հետեւյալ պահեստներ վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան.
ռազմական նշանակության միջոցներ՝ Պռոշյան ավան, ՀՀՍ պահեստ, ք. Գորիս, ՀՀՍ պահեստ, ավտոմոբիլային տեխնիկա՝ Ք. Եղվարդ, Եղվարդի խճուղի, զինավան, կապի միջոցներ՝ ք. Երեւան, Ծարավ Աղբյուրի 54, իրային ապրանքներ՝ ք. Երեւան, Արցախի 61»:
ՇՏԱԲ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետությունում ձեւավորվել է տեղեկատվական օպերատիվ կենտրոն, որն իրականացնելու է պատերազմի հետեւանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու եւ լուծումներ առաջարկելու գործառույթ: Կենտրոնը գտնվում է ք. Ստեփանակերտում, ԱՀ ԳՆ «Ջրային տնտեսություն» ՓԲԸ գրասենյակում՝ «Արցախհէկ» ԲԲԸ գլխավոր մասնաշենքի հարեւանությամբ: Կառույցում իրենց վերապահված գործառույթներն են իրականացնում քաղաքաշինության, աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների, «Արցախէներգո», «Արցախգազ» ընկերությունների, Շուշիի ու Հադրութի վարչակազմերի աշխատակիցները: Հանրապետության մյուս բոլոր շրջանների՝ Շահումյանի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի եւ Քաշաթաղի բնակիչները խնդիրների դեպքում կարող են դիմել ինչպես համապատասխան վարչակազմերին, այնպես էլ տեղեկատվական օպերատիվ կենտրոն անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով: