Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն եւ աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին այս դժվարին ժամանակաշրջանում կատարած աշխատանքի համար: «Իհարկե, մենք գտնվում ենք չափազանց բարդ եւ ծանր մի ժամանակահատվածում, երբ եթե համարենք, որ ինչ-որ առումով ռազմական ծանրաբեռնվածությունը նվազում է, հայտնի հանգամանքների բերումով դիվանագիտական ծանրաբեռնվածությունը համապատասխանաբար մեծանում է, եւ հենց դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարեւորն ու ծանրաբեռնվածը:
Այս առումով հույս ունեմ, որ նորանշանակ նախարարը կկարողանա ողջ դիվանագիտական համակարգը համախմբել եւ կենտրոնացնել մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար: Հույս ունեմ, որ պարոն Մնացականյանը, ով մեծ հարգանք եւ հեղինակություն է վայելում համակարգում, կաջակցի այդ հարցում»,- ասել է վարչապետը:
Վարչապետը կարեւորել է խնդիրների ձեւակերպումը, որովհետեւ, նրա խոսքով, երբեմն դրանք ձեւակերպելիս ենք խնդիր ունենում: «Այս ամենը պետք է վերլուծվի, պետք է հետեւություններ արվեն, պետք է չվախենանք այդ հետեւությունների մեջ լինել համաձակ, լինել դաժան ինքներս մեր նկատմամբ, որպեսզի այս ամենից կարողանանք դուրս գալ ուժեղացած»,- նշել է վարչապետը:
«Կասկած չունեմ, որ պարոն Այվազյանն ունի անհրաժեշտ ներուժ՝ ղեկավարելու ԱԳՆ-ն եւ առաջ տանելու մեր ազգային օրակարգն արտաքին քաղաքական ոլորտում: Կասկած չունեմ, որ ԱԳՆ ներուժը չափազանց ուժեղ է, որպեսզի այս պատասխանատու շրջանում լավագույնս առաջ տանի Հայաստանի ազգային օրակարգն ու պետական շահը: Նաեւ, պարո՛ն վարչապետ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն կարեւոր օրակարգի համար, որը Դուք առաջ եք տանում՝ Հայաստանի ժողովրդավարական հիմքերի ամրապնդման համար: Արտաքին քաղաքականությունն, ի վերջո, ներքինի շարունակությունն է, եւ մեր դիվանագիտական ներուժն ու կարողություններն առավել հաջողված են, երբ մեր թիկունքն ամուր է, եւ մենք կարողանում ենք աշխարհում ներկայանալ որպես ամուր, ինքնավստահ պետություն եւ ժողովուրդ: Մենք այս շրջանում եւս անցնում ենք բավականին պատասխանատու շրջան, եւ կասկած չունեմ, որ մեր ժողովրդի համար այս շրջանն անցնում է վճռականությամբ՝ մեր երկիրն ուժեղացնելու, ամրապնդելու եւ ապահովելու ազատ ու բարգավաճ կյանք Հայաստանում»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Իր հերթին Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին այս դժվարին պահին ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: «Լինելով կադրային դիվանագետ՝ ես Ձեր այս որոշումն ընկալում եմ նաեւ որպես վստահություն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նկատմամբ: Ձեր առաջարկի հիման վրա որոշումը կայացրել եմ որպես պետական ծառայող՝ լավ գիտակցելով պատասխանատվության ողջ բեռը, բայց միեւնույն ժամանակ իմանալով, զգալով, որ մեր դիվանագիտական ընտանիքն անվերապահ աջակցություն է ցուցաբերելու եւ սատարելու է մեր այս նվիրական գործին»,- ասել է Այվազյանը:
ԱԳ նորանշանակ նախարարի խոսքով՝ Արցախի հերոսական գոյամարտի շարունակությունը ռազմադաշտից հետզհետե տեղափոխվում է դիվանագիտական դաշտ, եւ բոլորը լավ հասկանում են այն հսկայական պատասխանատվությունը, որ ունեն պետության, ժողովրդի եւ պատմության առաջ: «Դիվանագիտական բանակը, կենտրոնական ապարատը եւ մեր դիվանագիտական առաքելությունները շարունակելու են առավելագույնս օգտագործել մեր ներուժը, 30-ամյա մասնագիտական փորձը, նվիրվածությունն ու վճռականությունը՝ ճակատագրական այս մարտհրավերներին դիմակայելու, ուղին հարթելու արժանապատիվ՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար: Ընդունված է ասել, որ դիվանագիտությունը հնարավորինի արվեստն է, եւ երեկ, այսօր ու վաղը մենք բոլորս արել ենք եւ անում ենք առավելագույնը, հնարավորինը: Վստահ եմ, որ այս փուլում էլ ձգտելու ենք անել անհնարինը: Պարո՛ն վարչապետ, ուզում եմ Ձեզ, մեր ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախին եւ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին վստահեցնել՝ այստեղ յուրաքանչյուրը հասկանում է, որ իրենից է կախված մեր երկրի ներկան ու ապագան: Եվս մեկ անգամ շնորակալություն, պարո՛ն վարչապետ, եւ Աստված մեզ օգնական»,- նշել է ԱԳ նախարարը:
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԴՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծ: Այն ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համընդհանուր միաձայնությունը: Ֆրանսիայի Սենատը Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձեւի նախագիծը կքննարկի նոյեմբերի 25-ին: Իսկ Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները կազմել են զեկույց Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու ռուս-հայ-ադրբեջանական համատեղ հայտարարության եւ դրան հաջորդած խաղաղապահների տեղակայման մասին: Stratfor-ը ենթադրում է, որ հրադադարը միայն սառեցնում է հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությունը: Վեց շաբաթ տեւած կռիվներից հետո կողմերն ընդունել են Ռուսաստանի միջնորդությունը: Հրադադարի համաձայնագրով հայկական կողմը զիջում է բուն Ղարաբաղի մի քանի հատվածներ եւ հսկողության տակ մնացած երեք հարակից շրջանները: Հրադադարը կոնսոլիդացնում է տարածաշրջանում Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքերը եւ միաժամանակ թուլացնում Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ազդեցությունը:
ՊԱՐԻՏԵՏԱՅԻՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները. այս մասին ասել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք առաջարկել ենք պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել, ոչ թե քննիչ հանձնաժողով, որի ղեկավարը կրկին կլիներ իշխանությունից: Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը կուսումնասիրի պատերազմից առաջ եղած դեպքերը, թե ինչպես հասանք պատերազմին, պատերազմի ընթացը եւ վերջում թե ինչ եղավ ստորագրված փաստաթղթով, եւ ինչ է կատարվում»,- ասել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ դրա շրջանակներում ամեն մի զոհված զինվորականի, ամեն մի կորած զինվորականի, ամեն մի գնդի, ստորաբաժանման հետ տեղի ունեցած դեպքերը, սպառազինության հետ կապված հարցերը, ամեն բան պետք է նախապատրաստվեն, եւ իմանանք, թե ինչ է կատարվել:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ ՋԱՐԴԵԼՈՒ ԱՌԹԻՎ
Նոյեմբերի 10-ին Իջեւան քաղաքի հարավային մուտքի մոտ՝ «Իջեւանատուն» ռեստորանի մոտ, անհայտ անձը կամ անձինք միջպետական ավտոոճանապարհի եզրին տեղադրված քայլող մարդու արձանի գլուխը պոկել են։ Այդ արձանը խորհրդանշում է թավշյա հեղափոխությունը, արտաքինից նման է ուսապարկով քայլող Նիկոլ Փաշինյանին։ Վանդալիզմի այդ դեպքը զայրույթ է առաջացրել իջեւանցիների շրջանում, Ֆեյսբուքի «Իջեւան» խմբում այդ կապակցությամբ դատապարտող շատ մեկնաբանություններ են գրվել։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն՝ իմանալու համար, թե դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցվել է, կա ձերբակալված անձ, թե ոչ։ Ոստիկանությունից հայտնել են հետեւյալը. ոստիկանության Իջեւանի բաժնում դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքից 9 օր հետո կրկին դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից պատասխանել են, որ ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է արձանը վնասողների ինքնությունը, նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Իջեւանի բաժին, ուր տվել են համապատասխան բացատություններ։
Ներկայումս այս գործով հետաքննությունը շարունակվում է։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզաբանել են, որ դեպքերի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, համաձայն օրենսդրության՝ քրեական գործ հարուցելու հետ կապված որոշում ընդունում են դեպքից հետո՝ 10 օրվա ընթացքում, կապված փորձաքննություներ անցկացնելու հետ՝ այդ ժամկետը կարող է երկարաձգվել: Ներկայումս միջպետական ավտոճանապարհի եզրին այդ արձանն այլեւս չկա, այն ապամոնտաժված է։
Այդ արձանը հանդիսանո՞ւմ է պատմամշակութային հուշարձան, այն գտնվում է համայնքայի՞ն, թե՞ սեփական տարածքում, ո՞ւմ միջոցներով է այն կառուցված, վերականգվելո՞ւ է վնասված արձանը, թե՞ ոչ։ Այս եւ այլ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանին, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Նշենք, որ Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է, նա Փաշինյանին կողմից Իջեւան համայնքի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2019թ. սեպտեմբերի 12-ին, երբ Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումանը հրաժարական տվեց։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ