ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի՝ 18.11.2020թ. թիվ 1645-Ա/2 հրամանով սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա՝ 2020 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները եւ անցկացման աշխատակարգը։ Այս մասին փոխանցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 12-րդ դասարանում սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել եւ չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Ըստ այդմ՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն՝ համաձայն հետեւյալ ժամանակացույցի.
«Հայոց լեզու եւ հայ գրականություն» (գրավոր թեստ)՝ 12.2020թ.,
«Մաթեմատիկա» գրավոր (թեստ)՝ 12.2020թ.,
«Հայոցպատմություն» գրավոր (թեստ)՝ 12.2020թ.,
«Մայրենի լեզու եւ գրականություն» բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)՝ քննաշրջանի ընթացքում,
Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») բանավոր (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)՝ քննաշրջանի ընթացքում:
Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով:
Միեւնույն առարկայից ե՛ւ միասնական, ե՛ւ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը): Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչեւ դեկտեմբերի 1-ը պետք է գրավոր դիմեն ուսհաստատության տնօրենին. հեռավար ուսուցման դեպքում կարելի է դիմել էլեկտրոնային փոստով:
12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից եւ ուսհաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից:
12-րդ դասարանում անցկացվող ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») բանավոր, ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարանների համար եւ «Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) առարկաների քննական առաջադրանքների հարցաշարերը եւ հարցատոմսերը կազմում են տվյալ ուսհաստատության առարկայական մեթոդական միավորումները` ԿԳՄՍ նախարարության երաշխավորած դասագրքերի եւ նյութերի հիման վրա: Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների ցանկության դեպքում «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննության թեստերը կազմվում են ռուսերեն:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները ուսումնական հաստատությունն ավարտում են անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈւՊ):
Պետական ավարտական քննությունները կազմակերպվելու են ուսումնական հաստատությունում առկա եղանակով: Յուրաքանչյուր հաստատություն դառնալու է քննական կենտրոն: Քննության մասնակից սովորողները բաժանվելու են խմբերի: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված սովորողների թիվը չի կարող գերազանցել 20-ը՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները եւ սոցիալական հեռավորությունը:
ՋԵՌՈՒՑՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ՝ ՈՒՍՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում: Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսը մասնակիորեն վերսկսվել է, ուստի ԱԱՏՄ-ն ստուգայցերով դիտարկելու է ջեռուցման նորմերի պահպանումը։
Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-N հրամանով: Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է`
հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։
Հաստատության շենքերում ապահովվում է օդի հետեւյալ ջերմաստիճանը.
դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս,
ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում եւ ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան ցելսիուս:
Հաստատությունների շենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում: Պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության եւ կազմակերպական-իրավական ձեւից, գերատեսչական պատկանելությունից:
Նախադպրոցական կազմակերպություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի N 857 հրամանով:
Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է`
շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացված ջեռուցման եւ օդափոխության համակարգերով: Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով, տեղադրվում է միջանցքում եւ ոչ այն տարածքում, որտեղ երեխաներն են: Վառարանները վառվում են երեխաների բացակայությամբ եւ մարվում են երեխաների գալուց 1,5-2 ժամ առաջ:
Որպես ջեռուցիչ սարքեր կարող են օգտագործվել խողովակային տաքացուցիչները` տեղադրված բետոնե պանելների մեջ, ջեռուցիչներ, նաեւ տաք օդ մղող կոնվեկտորներ: Այրվածքներից ու վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է ջեռուցման սարքերը արտաքինից ծածկել փայտե ցանցաճաղով: Չի թույլատրվում ծածկել ԳՍՊ-ով (ՓՏՍ):
Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել՝ կախված տարածքի օգտագործման նպատակներից, երեխաների տարիքից:
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ
Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են: Երթեւեկությունը դեպի Արցախ թույլատրվում է ե՛ւ Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով, ե՛ւ Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով: Երթեւեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից: Ի դեպ, այս ճանապարհով թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը: Համազգեստով կամ զենքով հակացուցված է: Սոթքի ոլորաններում ճանապարհներին պահպանվում է թույլ տեսանելիություն: Առանձին հատվածներում անձրեւախառն ձյուն է տեղում:
1520 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 1520 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 121979 դեպքի. այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 475986, վերջին մեկ օրում` 3796 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 31243 պացիենտ. մեկ օրում նվազել է 6839-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 88388 անձ, վերջին մեկ օրում՝ 8319 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 31 քաղաքացի, մահացածների թիվը 1870 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 478 է:
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
Պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն: Այս ուղղությամբ Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում: Երեկ ձեւավորվել է աշխատանքային 6 խումբ: Վերջիններս Ստեփանակերտում, շրջկենտրոններում եւ գյուղական համայնքներում կատարում են վնասների չափագրում եւ գույքագրում, որին անմիջապես կհաջորդի ակտիվ շինարարությունը: Աշխատանքային խմբերում ընդգրկվել են ԱՀ ԱԻ պետական ծառայության, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողները, ԱՀ քաղաքաշինության նախարարության եւ Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության մասով ներկայացուցիչները: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է ներկայացրել: Նշենք, որ արցախցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադառնում են հայրենիք. 936 արցախցի է վերադարձել տուն: