«ԽՈՑԵԼ ԵՄ ԹՇՆԱՄՈՒ 10 ՏԱՆԿ». ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԶԻՆՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս մերօրյա հերոս Մարտին Բաբախանյանը խոցել է թշնամու 10 տանկ եւ 4 միավոր տեխնիկա: Մարտինը ժամկետային զինծառայող է, ծառայել է Ջաբրայիլում, իսկ ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 66 օր:

 

Նշենք, որ Մարտինը թշնամու ագրեսիան  հետ մղելիս վիրավորվել է՝ ստանալով երկու անգամ կանտուզիա, այժմ նա գտնվում է Երեւանի Կանազի զինվորական հոսպիտալում:

Պատերազմի եւ այլ հարցերի մասին ArmLur.am-ը զրուցել է հերոս Մարտին Բաբախանյանի հետ:

«Ես հիմա այս պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ ավելի կողմ եմ, քան այն մնացած, ովքեր բացի հայրենիքի մասին մտածելուց անում են ամեն ինչ: Եթե չստորագրվեր մեզ համար այդ չարաբաստիկ համաձայնագիրը, ապա բոլորը կմեռնեին, եւ այդքան զինվորներ չէին փրկվի»,-նշում է մեր զրուցակիցը:

Ըստ մեր զրուցակցի՝ պատերազմի սկսելու մասին իմացել են զորամասում տագնապ ազդանշանից: Թշնամին հարձակվել է միանգամից մեծաքանակ զորքով եւ զրահատեխնիկայով:

«Տագնապ ազդանշանից արթնացանք, ու արդեն ասացին, որ պատերազմ է սկսվել, եւ մենք բարձրացանք դիրքեր: Առհասարակ, մեզ մոտ խուճապային իրավիճակ չի եղել, տրամադրություններս մինչեւ վերջին օրը եղել է մարտական, դուխով, ամեն ձեւով»,-պատմում է Մարտին Բաբախանյանը:

Մարտինը տանկիստ է, եւ ինչպես ինքն է ընդգծում, տանկիստ լինելը յուրահատուկ մասնագիտություն է. «Բառերով չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում, երբ խոցումներ էի անում: Թշնամու ամեն տանկ խոցելուց հետո ոգեւորությունս է՛լ ավելի էր մեծանում, ու իմ մեջ միայն մի ցանկություն էր առաջանում, որ է՛լ ավելի շատ խոցումներ անեմ: Առաջին անգամ իմ դիմաց  դուրս է եկել երկու ԲՄՊ զրահամեքենա եւ երկու տանկ: Առաջին հաջող խոցումից հետո լսեցի հրամանատարիս ձայնը՝ ապրես, կպավ, ինչը շատ ոգեւորիչ էր, եւ լսում էի միայն իր հրահանգները: Ընդհանրապես, խոցումից հետո մեծ փոշի է դուրս գալիս, եւ նորմալ իմ դիտասարքից բան չի երեւում, իսկ հրամանատարական կազմի դիտասարքից երեւում է:  Այդ խոցումից երկու ժամ հետո արդեն 5 տանկ խոցած եմ եղել»,- իր սխրագործությունների մասին հիշում է քաջարի զինվորը:

Ժամկետային զինծառայողի փոխանցմամբ՝ բոլոր զինվորները մեկ մարդու պես իրենց տեղում անսասան կանգնած են եղել եւ թույլ չեն տվել թշնամուն առաջ գալ:

«Ամեն ինչ եղել է ՄՈՊ-ից, մինչեւ վերջ բոլոր զինվորները կանգնած են եղել, ընկեր ունեմ վիրավոր, ով 500 հոգի մարդ է փրկել: Մենք ամեն ձեւ դիմակայել ենք ,չգիտեմ, թե ինչ է եղել, ինչու ենք հիմա այս իրավիճակում»,- մեզ հետ զրույցի վերջում հավելում է մեր զրուցակիցը եւ ընդգծում, որ դեռ ամեն ինչ ավարտված չէ, շուտով հետ ենք վերադարձնելու մեր տարածքները:

Նշենք, որ  Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրությամբ 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվել է ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՏԱՐՈՆ ՄԱԼԱՔՅԱՆԸ՝ «System of a down»-Ի ՆՈՐ ԵՐԳԵՐԻ, ԽՄԲԻ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

15 տարին երկար ժամանակ է ռոքնռոլի համար, սակայն պատերազմը միավորեց «System of a down» ռոք խմբին։ Երկարատեւ դադարից հետո նրանք ներկայացրին «Protect The Land» եւ «Genocidal Humanoidz» երգերը՝ դրանք նվիրելով Արցախին եւ նպատակ ունենալով գումար հավաքել հիմնադրամի համար։ Օրեր առաջ խումբը հայտարարել է, որ 600,000 դոլար է հավաքել։

 

Ռոք խմբի կիթառահար Տարոն Մալաքյանը «Guitar World» պարբերականին տված հարցազրույցում խոսել է երգերի ստեղծման մասին։ «Ես տեղյակ չեմ բոլոր մանրամասներին, բայց մենք ստիպված էինք ինչ-որ համաձայնության գալ, որը նշանակում է, որ մենք հողեր ենք զիջում։ Հիմա վատ վիճակ է. 100,000-150,000 մարդ կա, որոնք փախստական են։ Վերջին մի քանի օրվա ընթացքում ամեն ինչ ավելի է վատացել…»,- նշել է նա։

Մալաքյանը նշել է, որ փորձել են բարձրացնել տեղեկացվածությունը, որովհետեւ աշխարհում մարդկային աղետ է տեղի ունենում, մինչդեռ մարդիկ ուշադրություն չեն դարձնում դրան։ «Մենք բախտավոր ենք՝ լինելու խմբի կազմում, որը կարող է այս ձեւով հաղորդագրություն տարածել մեր ժողովրդի համար։ Ես չգիտեմ, թե որքանով ենք օգնել իրավիճակին, բայց շատ մարդիկ կան, որոնք հիմա գիտեն, թե ինչ է կատարվում»,- ասել է Մալաքյանը։

Կիթառահարը պատմել է, թե ինչպես են ողբերգությունները վերամիավորել «System of a down» խմբին գոնե երկու նոր երգերի համար։ Խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը հաղորդագրություն է ուղարկել խմբի ընդհանուր զրուցարանում՝ նշելով, որ իրենք պետք է ինչ-որ բան անեն՝ բարձրացնելու համար տեղեկացվածությունը. «Ես արդեն երգ ունեի, որը ձայնագրված էր եւ պատրաստ էր թողարկման իմ սկավառակում, բայց երգն այնքան համապատասխան էր իրավիճակին, որ ներկայացրի խմբին»։

Պարբերականի հարցին՝ արդյոք հնարավորություն կա, որ «System of a down»-ը մոտ ապագայում նոր երաժշտություն ներակայացնի, երաժիշտը պատասխանել է՝ երբեք չի ասում երբեք. «Մենք նույնիսկ չգիտեինք, որ սա տեղի կունենա։ Ես պատրաստվում էի երգեր թողարկել իմ «Scars On Broadway» խմբի հետ, սակայն Հայաստանում ստեղծվեց այս իրավիճակը, եւ մենք մի կողմ դրեցինք մեր տարաձայնությունները։ Դրանք միայն խմբի ներսում են»։ Մալաքյանը նշել է՝ խումբն ընտանիքի նման է, եւ ճիշտ չէ կարծիքը, թե ինքն ու Թանկյանը լեզու չեն գտնում. «Սերժն ու Տարոնը հիանալի են լեզու գտնում։ Բայց Սերժն ու Տարոնը կամ Շավոն ու Սերժը տարբեր մարդիկ են եւ տարբեր մտքեր ունեն, թե խումբն ինչպես պետք է առաջ շարժվի։ Ահա, թե որտեղ են մեր տարաձայնությունները»։

 

 

ԲԱՑ ԿԹՈՂՆԻ

Իտալական «Ռոմայի» եւ Անգլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը բաց կթողնի Իտալիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Պարմայի» հետ հանդիպումը: 30-ամյա Սմոլինգը սննդային թունավորում է ստացել, որի պատճառով բաց է թողել նաեւ նոյեմբերի 18-ին տեղի ունեցած մարզումը: «Ռոմա»-«Պարմա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ Երեւանի ժամանակով 18:00-ին: Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Ռոման» 14 միավորով չորրորդ տեղում է:

 

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ

Կատալոնական «Բարսելոնայի» դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուեյթը կարող է մարզական կարիերան շարունակել Անգլիայի պրեմիեր լիգայում: 29-ամյա Բրեյթուեյթին ձեռք բերելու ցանկություն ունեն «Վեսթ Հեմը», «Վեսթ Բրոմվիչը» եւ «Լիդս Յունայթեդը»: Բրեյթուեյթը, որը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2020 թվականի փետրվարին, կատալոնական թիմի կազմում մասնակցել է 11 հանդիպման, խփել 1 գոլ: Ընթացիկ մրցաշրջանում Դանիայի հավաքականի հարձակվողը «Բարսելոնայի» կազմում խաղադաշտում անցկացրել է 37 րոպե:

 

 

ՄՐՑԵԼ Է

Լոնդոնում անցկացվող ԸՁՀ-ի տարվա ամփոփիչ մրցաշարում աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը մրցել է ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի, իսկ գերմանացի Ալեքսնադր Զվերեւը՝ արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ: Նովակ Ջոկովիչը 1 ժամ 21 րոպե տեւած պայքարում 3:6 հաշվով պարտություն կրեց Դանիիլ Մեդվեդեւից: Ալեքսանդր Զվերեւը 2 ժամ 12 րոպե տեւած մրցավեճում 6:3, 4:6, 6:3 հաշվով հաղթել է Դիեգո Շվարցմանին: Նոյեմբերի 19-ին ավստրիացի Դոմինիկ Տիմը կմրցի ռուսաստանցի Ալեքսանդր Ռուբլյովի, իսկ իսպանացի Ռաֆայել Նադալը՝ հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ:

 

 

ՆՎԱՃՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը նվաճման հեղինակ է դարձել Ազգերի լիգայի մրցաշարում: 27-ամյա հարձակվողն Ազգերի լիգայի խմբային փուլում կատարել է 4 գոլային փոխանցում՝ այս ցուցանիշով լավագույնը ճանաչվելով մրցաշարում: Մրցաշարի լավագույն ռմբարկու է ճանաչվել նորվեգացի Էրլինգ Հոլանդը, որը խփել է 6 գոլ: Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի երկրորդ խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Վրաստանը ունի 7 միավոր եւ երրորդ տեղում է, իսկ Էստոնիան 3 միավորով վերջին՝ չորրորդ տեղում է: Մակեդոնացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն տվեց Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում բարձրանալ B դիվիզիոն, որտեղ մրցակիցները կլինեն անհամեմատ ավելի ուժեղ:

 

 




Լրահոս