Լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փորձում էին մայրաքաղաքի տարբեր փողոցները փակել՝ խոչընդոտելով երթեւեկությունը։
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ովքեր կարող են օգտվել ուսման վարձի զեղչից միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:
Աննա Իսկանդարյան (40 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը եւ բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը`
1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին,
2) միակողմանի ծնողազուրկ ուսանողներին,
3) 3 եւ ավելի անչափահաս կամ 3 եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,
4) վճարովի ուսուցման համակարգում երկու եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,
5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին,
6) հեռավոր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին,
7) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին,
8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսումնական հաստատության հայեցողությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչպես է աշխատող կանանց տրամադրվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդ:
Հերմինե Առաքելյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ՝ 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության), 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության, 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում: Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին: Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին որդեգրելու կամ երկու եւ ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը:
Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը: (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդված):
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխային փաuտացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողն այն կարող է ստանալ հերթականությամբ: