ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ԼՔԻ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն իրավիճակում, որում հայտնվել է մեր պետությունը, բոլորը պետք է անեն, ինչ հնարավոր է անել: Այն մղձավանջային իրողությունը, որում հայտնվել է մեր պետությունը, լույս պետք է բացվի»,- երեկ նշել է նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը, որը եւս մասնակցում էր վարչապետի հրաժարականը պահանջող անհնազանդության ակցիային: Ըստ նրա՝ եթե ժողովուրդը համակերպվում է այն իշխանության հետ, որը թուրքին հող է հանձնել, ապա պետք է նաեւ ժողովրդին մեղադրել: «Բոլորիս նպատակը պետք է մեկը լինի՝ օր առաջ ազատվել այս իշխանություններից»,- ասաց նա: Գագիկ Մինասյանը նշեց, որ այս իշխանությունը պետք է պատասխանատու լինի անցնցում հեռացման համար, իսկ ժողովրդի խնդիրը պարզ է՝ համախմբվել է պետք:

 

-Փաշինյանը չի հասկանում, որ ամեն օր մնալով՝ ստորացնում է այս ժողովրդին, ստորացնում է ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանում եւ սփյուռքում, ժողովուրդը պետք է համախմբվի եւ պարտադրի, որ նա օր առաջ հեռանա:  Այսօր  փողոցում այն մարդիկ են, որոնք չեն հնազանդվում ստորացուցիչ պայմաններին եւ իրենց  քայլերն են կատարում, որպեսզի ժողովրդին եւ պետությանը դուրս բերեն այս ստրացուցիչ կարգավիճակից:

-Իսկ ի՞նչ քայլեր պետք է արվեն:

-Ես կոչ եմ անում, որ բոլորը միանան ակցիաներին եւ անեն ամեն ինչ, որպեսզի  լույս բացվի այն ծանր մղձավանջային իրավիճակի վրա, որում հայտնվել է պետութունը: Հասարակության բոլոր հատվածները եւ 4-րդ իշխանությունը պետք է նպաստեն, որ օր առաջ ժողովրդին եւ  պետությանը պարտութան տարած իշխանությունը հեռանա: Նրա՝ իշխանության գլխին մնալու յուրաքանչյուր օրը ավելի մեծ պրոբլեմներ է ստեղծում եւ՛ այսօրվա, եւ՛ ապագա սերունդների համար: Բոլորը հասկանում են, որ մինչեւ դեկտեմբերի 1-ը Նիկոլ Փաշինյանը պետք է օտար երկրներին, որպեսզի նա կարողանա ստորացուցիչ պայմանները մինչեւ վերջ տանել:

-Այսինքն՝ կանխատեսում եք, որ զարգացումներ կլինեն դրանից հետո՞:

-Մինչեւ այդ Փաշինյանը պետք է օտար երկրներին: Այսօր պետք է ժողովուրդը  դուրս գա փողոց,  որովհետեւ ակնհայտ է, որ իր կամքով Նիկոլ Փաշինյանը չի լքի իր իշխանությունը, եւ դկտեմբերի 1-ից հետո ժամացույցը կսկսի աշխատել ոչ միայն ի վնաս իրեն, այլեւ մեր ժողովրդի, քանի որ միջազգային հանրությունը կմտածի, որ այս ժողովուրդը համակերպվում է:  Ժողովրդի խնդիրը շատ պարզ է. նա ուզում է իր ուսերի վրայից թոթափել այս ամոթը, որը վերջին 30 տարիների ընթացքում չի եղել, որը գալիս է կործանելու այն 30 տարիները, որ մենք, քարը քարի վրա դնելով, ստեղծեցինք անկախ պետականություն, հայրենիքի ազատագրված տարածքներ:

 Հ.Գ. Հիշեցնենք, որ երեք երկրների ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ակցիաներ են, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Իսկ, օրինակ, նախօրեին երկու ցույց միաժամանակ էր. Ազատության հրապարակում ընթանում էր ընդդիմադիր 16 քաղաքական ուժերի հերթական բողոքի ցույցը: Նրանք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտնի հայտարարությունից 2 օր անց այսպիսի գործընթաց սկսեցին: Ընդդիմադիրների պահանջը վարչապետ Փաշինյանի հրաժարականն է: Ցույցին զուգահեռ Հանրապետության հրապարակում հավաքվել էին Նիկոլ Փաշինյանի աջակիցները, որոնց շարքում կային նաեւ զինվորականներ: Հավաքի ընթացքում նրանց կոչով դիմելու եկավ անձամբ վարչապետը` հորդորելով այս պահին ցույց չկազմակերպել, հեռանալ. եթե անհրաժեշտ լինի, ինքն անձամբ հանրահավաք կհրավիրի:

 

 

 

ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Երեկ, ՀՀ նախագահի հրամանագրով, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Մեսրոպ Առաքելյանը: Զարուհի Բաթոյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ. հունվարի 18-ից: Զ. Բաթոյանը վստահության եւ համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Վաղարշակ Հարությունյանին նշանակել պաշտպանության նախարար»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից:

«Անկեղծորեն կարծում եմ, որ այն բոլոր գաղափարները, որ կյանքի են կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ծառայակից ընկերներիս ազնիվ ու նվիրված աշխատանքի արդյունքում, համեստ ներդրում ունեն մեր երկրի պաշտպանական համակարգի զարգացման ու կատարելագործման գործում: Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ, հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով, խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: Նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաեւ 2018 թվականի գարնանը»,-նշել է Դավիթ Տոնոյանը:

Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը Անդրանիկ Փիլոյանին նշանակել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Անդրանիկ Փիլոյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է ԱԻ նախարարի պաշտոնից:

 

 

ԴԻՄԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ՝ կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը միջազգային հանրության հետ մեկտեղ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշրջանում վերջնական տեւական խաղաղություն հաստատելու եւ Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով. այս մասին տեղեկացրել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

 

 

ՆՎԱԶԵԼ Է

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 201 հազար 165 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 204 հազար 332 տոննա հաց: Այսինքն՝ հացի արտադրության ծավալները այս տարվա 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1.5 տոկոսով են նվազել: Թեեւ մասնագետները պնդում են, որ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ, սակայն, Վիճակագրական կոմիտեի տվյալներով, ոչ միայն չի նվազել բնակչության թվաքանակը, այլեւ ավելացել է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 10 հազար 400-ով ավելացել է: Հետեւաբար մշտական բնակչության թվաքանակը չի կարող ազդեցություն ունենալ հացի արտադրության ծավալների վրա: Այս դեպքում ենթադրվում է, որ հաց արտադրողների մի մասը շարունակում է գործել ստվերում:

 

 

ՓԱՐԻԶԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է

Փարիզը պատրաստակամ է աջակցել Լեռնային Ղարաբաղի եւ նրա շրջակա տարածքների մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանությանը. Թվիթերում գրել է նախագահ Էմանյուել Մակրոնը: «Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում եւ Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը եւ լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի եւ նրա շրջակայքի մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության գործում», – գրել է Ֆրանսիայի նախագահը:

 




Լրահոս