ՀԱՅՏՆԻ ՀԱՅԵՐԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան երկու ամիս է, ինչ ամբողջ աշխարհի հայությունը եւ համաշխարհային աստղերը բարձրաձայնում են Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցող էթնիկ ոչնչացման՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրի մասին։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել այն մարդկանց, որոնք պարբերաբար անդրադառնում են Արցախյան իրադարձություններին, ինչպես նաեւ իրենց կարծիքն են հայտնում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված հայտնի փաստաթղթի մասին:

 

«System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Արցախում պատերազմի օրերին հետեւում էր իրադարձություններին՝ կոշտ արձագանքելով հակառակորդի գործողություններին։

Երաժիշտն անդրադարձել է նաեւ ադրբեջանցիների կողմից վանդալիզմին Արցախում։ Նա Twitter-ի էջում վերահրապարակել է նրանց գործողությունները պատկերող տեսագրություն ու գրել. «Մշակութային ցեղասպանություն նրանց կողմից, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը»։

Իսկ «ԾՈՑփ ՁԹ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների գործողությունները, որոնք ավերում են հայերի ունեցվածքն ու ճարտապարետական հուշարձանները:

«Չեմ կարողանում հանգիստ նայել տասնյակ տեսանյութերը, որոնցում պատկերված է (ես հույս ունեմ՝ արձանագրված է հետագա քրեական գործերի համար) ադրբեջանցիների վանդալիզմը Լեռնային Ղարաբաղում։

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են հայկական սրբավայրերի պահպանման մասին, սակայն առայժմ այս ամենը նման է Ղարաբաղում վախկանալիայի լռելյայն խրախուսանքի։

Ամերիկացիներն ու ֆրանսիացիներն անհանգստանում են, որ զինադադարի հասել են առանց իրե՞նց։ Ակտիվ մասնակցությո՞ւն են ցանկանում։ Ահա ձեզ խաղաքարտեր. դատապարտե՛ք տեղի ունեցողն ու պաշտոնական Բաքվից այդ հանցագործությունների հետաքննության հասեք։

Թե՞ դուք կարողանում եք միայն հուզիչ մամուլի հաղորդագրություններ գրել, իսկ խնդրի լուծումը կրկին մեզ եք թողնում»,- Telegram-ում գրել է Թինան՝ հրապարակումն ուղեկցելով ադրբեջանցի զինծառայողների վայրագությունների տեսագրություններով։

Իսկ, ահա, հայտնի հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Արցախյան պատերազմի հենց սկզբից անկեղծորեն մտահոգվել է տեղի ունեցածի համար, սոցցանցերում գրառումներ է արել՝ ի պաշտպանություն հայերի եւ իր պատմական հայրենիքի, կոչ է արել օգնել ֆինանսապես եւ ինքն էլ ակտիվորեն մասնակցել է նման ակցիաներին:

Այսօր նա իր Instagram-ի Stories բաժնում պատասխանել է հետեւորդների հարցերին: Դրանցից շատերը վերաբերել են Հայաստանին եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, մարդիկ իրենց աջակցությունն են հայտնել, շտապել են Անդրեասյանին քաղաքացիական դիրքորոշման համար իրենց հարգանքն արտահայտել։

«Ի՞նչ եք կարծում, պատերազմի շարունակություն կլինի՞»,- հետաքրքրվել է հետեւորդը։

«Ոչ։ Այժմ այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները եւ նա, ով կկրակի, կկռվի Ռուսաստանի դեմ, Վրաստանի փորձը ցույց է տվել, որ դա մի քանի ժամից կավարտվի պարտությամբ։ Այժմ այնտեղ կանգնած է հզոր տերություն։ Պատերազմ այլեւս չի լինի։ Ինչ կորցված է, կորցված է։ Գուցե 30-40 տարի անց հարցը կրկին կբարձրանա, բայց հիմա դժվարությամբ եմ դա պատկերացնում»,- կարծում է Սարիկ Անդրեասյանը։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՖՐԱՆՍԻԱՅԻ 120 ՆՇԱՆԱՎՈՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՉԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻՆ

«Le Figaro Magazine» հանդեսում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների եւ մտավորականների կոչը՝ ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

 

Կոչին միացածների թվում են աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Ռենոն, Ֆանի Արդանը, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Պիեռ Ռիշարը, Ժան Դյուժարդենը, ճանաչված մտավորականներ Ժակ Աթալին, Բեռնար-Անրի Լեւին, համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներ Կոստա-Գավրասը, Կլոդ Լելուշը, Միշել Հազանավիչուսը, նշանավոր հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը եւ աշխարհառչակ խոհարար Ալեն Դյուկասը։

«Օսմանյան կայսրության պարագլուխների կողմից ոճրագործված 1915թ. Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց հայ ժողովուրդը վերստին երկու բռնապետությունների զոհ է դարձել, քանի որ ինչպես Բաքուն, այնպես էլ Անկարան հայերի հանդեպ ատելություն են բորբոքում՝ յուրաքանչյուրն իր բացարձակ իշխանությունը մի նոր արյունալի ավարով ամրապնդելու համար։ Հայերի ճակատագիրը վայրագորեն խեղվեց Լեռնային Ղարաբաղում, որը նրանք Արցախ են անվանում։ Ավելի քան երկու հազարամյակ այս հողի վրա հեզ եւ հպարտ մարդիկ են ապրում, որոնք ամուր կառչած են իրենց քարքարոտ եւ սքանչելի հողին։ Այդ մարդիկ ցանկանում էին իրենց գոյությունը շարունակել այն հողի վրա, որտեղ անառիկ լեռների սրտում եւ դառը քրտինքով մշակված հովիտներում նրանց նախնիններն են ապրել, տներ, դպրոցներ ու հրաշագեղ վանքեր կառուցել»,- ասված է կոչում:

Մշակութային գործիչներն ու մտավորականները նշել են, որ մարդկային արժանապատվությունից զուրկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիան եւ Իլհամ Ալիեւի Ադրբեջանը կատաղի հարձակում են գործել արցախահայերի դեմ նրանց օրինական ձգտումը փոշիացնելու համար։

«Հայերի համար Լեռնային Ղարաբաղը նախ եւ առաջ ժողովուրդ է՝ իր բազմադարյա մշակույթով, երաժշտությամբ, պարարվեստով, որը ցանկանում է աշխարհի քայլքին միանալ եւ ազատվել իրեն պարտադրված անկլավային կարգավիճակից։ Հակադարձ կերպով Բաքվի եւ Անկարայի իշխանությունների համար Արցախը սոսկ տարածք է, որտեղ պետք է ամեն գնով ծածանվի Ադրբեջանի դրոշը, եւ այդ նպատակին ծառայեցվեցին Թուրքիայի հատուկ ջոկատայինները, հակամարտության գոտում քաղաքացիական բնակությանը ոչնչացնելու համար Թուրքիայից ուղարկված մեծաթիվ մարդասպան անօդաչու սարքերը եւ ջիհադիստ վարձկանները։ Արդեն իսկ ապացուցված է, որ Ադրբեջանն Արցախում կասետային ռումբեր է օգտագործել, որոնք արգելված են միջազգային իրավունքով։ Սա միանգամայն անհավասար պատերազմ է եղել»,- նշել են մտավորականները:

Կոչում ասված է, որ հայերն այդ պատերազմը չեն ցանկացել, պատերազմը նրանց պարտադրվել է, եւ նրանք պայքար են մղել՝ հանուն իրենց գոյության, իսկ ադրբեջանական բռնապետության համար այս պատերազմը սոսկ ազգայնական փառասիրության հարց է եղել։

 




Լրահոս