Որքան քառակուսի մետր է հատկացվում մահացածի գերեզմանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն։ Այս նախաձեռնությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է։ Ի դեպ, այս նախագիծը նախարարությունը մշակել է Երևանի քաղաքապետարանի հետ միասին։ Այսինքն քաղաքացիներին կտրամադրվի գերեզմանների վկայականներ գերեզմանի փաստացի չափերին համապատասխան:

Տեղեկացնենք, որ մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանի համար տրամադրվում է 2,5 քառակուսի մետր հողատարածք (2,5×1,0 մետր չափերով), իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար՝ առավելագույնը 12,5 քառակուսի մետր հողատարածք: Բայց պարզվում է, որ գրեթե բոլոր գերեզմանատներում փաստացի առկա են համապատասխան հաշվառում չունեցող գերեզմաններ. բացակայում է գերեզմանի վկայականը և առկա չէ գերեզմանի տրամադրման վերաբերյալ տեղեկատվություն արխիվային գրառումներում։ Այսպես, նախարարությունն առաջարկում է ընտանեկան գերեզմանի առկայության դեպքում գերեզմանատեղը հատկացնել այդ գերեզմանի տարածքում նախկինում տրված գերեզմանի վկայականի հիման վրա, որում կկատարվեն գրանցումներ: Նշված գերեզմանի վկայականի բացակայության կամ փաստացի չափերից փոքր չափերով գրանցում ունեցող գերեզմանների դեպքում հուղարկավորության կազմակերպումը ստանձնողին կտրվի գերեզմանի նոր վկայական: Ընդ որում գերեզմանի վկայականը կտրվի այդ պահին առկա գերեզմանի փաստացի չափերին համապատասխան, իսկ գերեզմանի փաստացի չափը 12,5 քառակուսի մետր չափից ավելի լինելու դեպքում, ավել մակերեսի համար պետք է քաղաքացին գումար վճարի։

Ս.Հ.




Լրահոս