Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհավորեց իր գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Երկուստեք կարևորվեց հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Այս համատեքստում նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ամերիկյան կողմից ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով միջազգային համապատասխան կառույցների տեղում ներգրավվածության կարևորությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը:
Նախարար Այվազյանը և պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը հակամարտությունից տուժած անձանց շահերի լիարժեք հասցեագրման գործում։