Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վերջին օրերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից։ Այս մասին հայտնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Սոցիալական մեդիայի ողջ տիրույթը հեղեղված է կեղծ էջերից հայհոյախառն վիրավորանքներով ու ատելության խոսքով: Հարցը կազմակերպված, կոնկրետ նպատակներով ու թիրախներով հարձակումների մասին է:
Նման հարձակումներ պարբերաբար կազմակերպվում են նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ:
Մեր հիմնավոր ենթադրությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վերջին օրերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից:
Ավելին, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունների արդյունքների՝ այդ պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք: Ստացվում է՝ ըստ էության գործ ունենք ատելության որջեր կազմակերպելու եւ վարելու հետ:
Այդ պաշտոնյաներին խիստ զգուշացնում եմ անհապաղ դադարեցնել այս ծայրաստիճան վտանգավոր, որեւէ տեսակի իրավական կարգավիճակից չբխող քայլերը, այդ թվում՝ հարձակումները Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ:
Ցավոք, այս արատավոր երեւույթը վերջին երկու տարիների ընթացքում ստացավ ծավալների շեշտակի աճ, ձեռք բերեց համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ:
Հույս ունեի, որ այս պատասխանատու օրերին կբացառվեր նման որեւէ զարգացում՝ հաշվի առնելով բոլորիս միասնական ու համախմբված լինելու, միմյանց խոսքի ու արժանապատվության նկատմամբ հարգանքի, բոլոր խնդիրները հենց այդ սկզբունքով լուծելու հրամայականը:
Բայց դա ոչ միայն տեղի չունեցավ, այլեւ հիմա գործ ունենք այնպիսի վիճակի հետ, որը կոպտորեն ոտնահարում է մարդկանց հոգեկան անձեռնմխելիությունը՝ որպես Սահմանադրության 25-րդ հոդվածով ուղիղ երաշխավորված իրավունք, վնասակար է հասարակության առողջության ու երկրում համերաշխության մթնոլորտի համար, իսկ այս օրերին կարող է խարխել մեր երկրի անվտանգության հիմքերը»,- գրել է նա։