Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը, որով երկրի իշխանություններին կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հերքում ենք որոշման մեջ Թուրքիայի հասցեին հնչեցված չհիմնավորված պնդումները։ Ֆրանսիայի Սենատի այս որոշումը հստակ ցույց է տալիս, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը կազմված է համանախագահներից, որոնք պետք է չեզոքություն պահպանեն, մինչ օրս չի կարողացել լուծել այս հարցը։ Ֆրանսիայի Սենատի կոչն Ադրբեջանին՝ լքել օկուպացիայից ազատագրած իր տարածքները, հանդիսանում է անհեթեթ, կողմնակալ ու փաստերից կտրված, և այն չի կարելի լուրջ ընդունել։ Մենք ցանկանում ենք, որպեսզի Ֆրանսիան կառուցողական դիրքորոշում ընդունի տարածաշրջանում կայունության համար՝ անելով ճիշտ եզրակացություններ»,- նշված է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը: