ՖՐԱՆՍԻԱՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում քաղաքական մեծամասնություն ներկայացնող՝ Մակրոնի «Առաջ հանրապետություն» կուսակցության պատգամավորները եւ Սենատի հանրապետականների, դեմոկրատների, առաջադիմականների եւ անկախների խմբակցությունը առաջարկում են քննել Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը Մինսկի խմբի բանակցությունների շրջանակում հակամարտության տեւական լուծման նպատակով.  հաղորդում է «Արմենիուս» կայքը:

 

Արդեն հայտարարվել էր Սենատի 2 գլխավոր քաղաքական բաղկացուցիչների կողմից Արցախի անկախության ճանաչման բանաձեւը նոյեմբերի 25-ին Սենատի օրակարգ բերելու մասին: Կարծիքներ են հնչում` մեծ հավանակություն կա, որ Սենատի կողմից այն կարող է ընդունվել: Պատգամավորներն ու սենատորներն այսօրվա իրենց հաղորդագրությամբ նաեւ խստորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա սեպտեմբեր 27-ին սկսած հարձակումը, Թուրքիայի եւ վարձկանների մասնակցությունն այդ պատերազմին եւ կոչ են արել կողմերին, այդ թվում` Թուրքիային զերծ մնալ միջամտությունից, ռազմական գործողություններից:

Այդ կայքում տեղադրված հաղորդագրությունը ներկայացրել է նաեւ խորհրդարանականների սպասելիքները Մինսկի խմբի շրջանակում Ֆրանսիայից` իբրեւ համանախագահ երկիր: Այդ քայլերը բաժանված են մի քանի բնագավառի` միջազգային արդարադատություն, օրինակ, միջազգային պատժիչ դատարանի առջեւ քննելու պատերազմում տեղի ունեցած ոճիրները, մարդկային, միջազգային իրավունքի ոտնահարումը, արգելված զենքերի օգտագործումը քաղաքացիական բնակչության հանդեպ: Երկրորդն անվտանգության ապահովումն է, որի համար խորհրդարանականները հանդիսավոր դիմել են Մինսկի խմբին, որպեսզի իր հերթին էլ վերջինս դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` ապահովելու Ղարաբաղի քաղաքացիական բնակչության անվտանգությունը, միաժամանակ քաջալերելով Ֆրանսիային ներգրավվել հրադադարի հսկողության եւ խաղաղության պահպանման հատուկ կենտրոնի աշխատանքներին:

Հաղորդագրության մեջ հատուկ կետեր կան նաեւ մարդասիրական օգնություն տրամադրելու, տեղահանվածների վերադարձի համար անվտանգության պայմաններ ապահովելու, ինչպես նաեւ մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ: Անդրադառնալով քաղաքական եւ դիվանագիտական բնագավառին` պատգամավորները եւ սենատորները նշել են, թե տեւական խաղաղության հաստատման նպատակով իրենք ներկայացնելու են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը նույն ձեւակերպմամբ թե՛ Ազգային ժողովում եւ թե՛ Սենատում:

Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնության առաջին օդանավն այսօր է ժամանում Երեւան, երկրորդը` նոյեմբերի 27-ին: Մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, որն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ` աջակցելու Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանն օգնության համար կազմակերպվող դրամահավաք – հեռախոսամարաթոնին։

 

 

 

ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ԴԻՄՈՒՄՆԵՐԸ

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է պաշտպանների դիմումները եւ որոշել է կիրառել հրատապ միջոց. այս մասին նշել   է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: «Գերության մեջ հայտնված անձինք են Սամվել Ասատրյանը, Արսեն Կարապետյանը, Նորիկ Արաքելյանը, Գեղամ Էլիբեկյանը, Վահե Աբրահամյանը, Հովսեփ Սահակյանը, Սամվել Քաստակցյանը, Սամվել Կնազյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը, Հարություն Գեւորգյանը, Արման Հարությունյանը, Միքայել Մարտիրոսյանը, Լյուդվիգ Մկրտչյանը, Պետրոս Ղազարյանը, Սարգիս Սողոմոնյանը եւ Խաչիկ Հակոբյանը»,- գրել է Զեյնալյանը:

Հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի եւ անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների եւ բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչեւ 27.11.2020թ: Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը Դատարան սահմանված ժամկետում չի ներկայացրել հիմնավոր եւ արժանահավատ տեղեկություններ:

 

 

 

350 ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՐՄԻՆ

350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել վերջին տասը օրում. այս մասին տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Աշխատանքներն սկսվել էին Շուշիից, վերջին օրերին ընդլայնվել դեպի Մարտունի, Կարմիր շուկա եւ Մատաղիսի ուղղություններ: Մի խումբ մարմինների նախնական փորձաքննության արդյունքներով արձանագրվել են վիրավորների սպանության ու զոհվածների մարմինների խեղման դեպքեր: Շուշիից գտնվել է երեք քաղաքացիական անձի մարմին, որոնք դաժանաբար սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից: Ո՛չ անհայտ կորած, ո՛չ էլ գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց հստակ թվեր չկան։ Ըստ Արտակ Բեգլարյանի՝ գերիների վերաբերյալ տեղեկատվություն շարունակում են հավաքագրել, բայց հիմնական աշխատանքը Կարմիր խաչինն է ադրբեջանական կողմի հետ կապի միջոցով։  Շուրջ 40 գերիների վերաբերյալ են դիմումներ ներկայացրել Ստրասբուրգի դատարան: Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Կետերից մեկում նշվում է, որ ներքին տեղահանվածները եւ փախստականները վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն եւ մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կան 50 զոհ ու 148 վիրավոր։

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՆՑԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող տարածքների անվանումները.

Քաշաթաղի շրջան` Կովսական; Միջնավան; Որոտան; Ալաշկերտ;  Աղաձոր; Աղանուս; Աղավնատուն; Այգեհովիտ; Այգեկ; Արախիշ; Արծվաշեն; Արտաշավի; Գանձա; Գետամեջ; Գետափ; Գողթանիկ; Դրախտաձոր; Երիցվանք; Իշխանաձոր;  Լեռնահովիտ;  Ծաղկաբերդ; Ծիծեռնավանք; Ծոբաձոր; Կերեն; Կումայրի; Հակ; Հակարի; Հայկազյան; Հոչանց; Ձորափ; Ղազարապատ; Մամարք; Մարտունաշեն; Միրիկ; Մշենի; Մոշաթաղ; Մուշ; Նորաշենիկ; Շալուա; Սարատակ; Սոնասար; Ներքին Սուս; Վակունիս; Վաղազին; Վան; Վարդաբաց; Վուրգավան; Տիգրանավան; Ուռեկան; Փակահան; Քաշունիք; Քարեգահ:

Մարտակերտի շրջան՝ Նոր Սեյսուլան; Հովտաշեն; Նոր Հայկաջուր; Նոր Կարմիրավան; Նոր Այգեստան; Նոր Մարաղա; Թալիշ; Մատաղիս; Նոր Ջրաբերդ:

Շահումյանի շրջան՝ Քարվաճառ;  Ակնաբերդ; Նոր Բրաջուր; Նոր Գետաշեն; Դադիվանք; Եղեգնուտ; Զուար; Նոր Էրքեջ; Խարխափուտ; Ծար; Նոր Կարաչինար; Հավսաթաղ; Նոր Մանաշիդ; Չարեքտար; Նոր Վերինշեն; Քնարավան:

Հադրութի շրջան՝ Հադրութ; Ազոխ; Ակնաղբյուր; Այգեստան; Առաջամուղ; Առաքել; Արեւշատ; Բանաձոր; Դրախտիկ; Թաղասեռ; Թաղոտ; Խանձաձոր; Ծակուռի;  Ծամձոր; Կարմրակուճ; Հակակու; Հարթաշեն; Մարիամաձոր; Մեծ Թաղեր; Մոխրենես; Նորաշեն; Պլեթանց; Ջրակուս; Վարդաշատ; Տող; Տումի; Ուխտաձոր; Քյուրաթաղ; Մեխակավան:

Ասկերանի շրջան՝ Ավետարանոց; Ակնաղբյուր; Ջրաղացներ; Մադաթաշեն; Սղնախ; Մոշխմհատ; Ուղտասար; Արմենակավան:

Մարտունու շրջան՝ Ջիվանի; Շեխեր; Զարդանաշեն; Սարգսաշեն; Թաղավարդ; Վազգենաշեն:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 8 ԴԵՊՔ

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 16-22-ն գրանցվել է 324 դեպք, որից 145-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, 2 փլուզման, 1 պայթյունի, 8 ինքնասպանության փորձի դեպք, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաեւ 130 կենցաղային կանչ. տուժել է 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ: Արձանագրվել է թունավորման 7 դեպք: Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց:

 

 




Լրահոս