ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բանկերի միությունը հայտնում է, որ Արցախում պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանության գործին կամավորագրվել եւ զորահավաքային շրջանակներում առաջնագիծ են մեկնել առեւտրային բանկերի 412 աշխատակիցներ: «Նոյեմբերի 22-ին Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրն էր: Այս կապակցությամբ Հայաստանի բանկերի միությունն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր քաջարի մարտիկներին, որոնք անմնացորդ նվիրվածությամբ ու անկոտրում հաստատակամությամբ պայքարեցին հանուն հայրենի հողի ու վաղվա օրվա: Հայաստանում նոյեմբերի 22-ը նշվում է նաեւ որպես բանկային աշխատողի օր: Ստեղծված պայմաններում միության գնահատանքի եւ երախտիքի խոսքն ուղղված է նաեւ համակարգի աշխատակիցներին, որոնք պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում ու թիկունքում միացան համազգային պայքարին: Միանալով հայրենիքում եւ աշխարհասփյուռ հայության կողմից նախաձեռնվող եւ Արցախին ուղղված ծրագրերին՝ տարբեր ուղղություններով ցուցաբերվել է նաեւ ֆինանսական եւ հումանիտար աջակցություն: Մասնավորապես՝ դրամական փոխանցումներ են կատարվել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Բանկերի եւ համակարգի աշխատակիցների ջանքերով համակարգված աշխատանք է տարվել պարեն, հագուստ, դեղորայք, առաջնային անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելու եւ առաջնագիծ հասցնելու, ինչպես նաեւ Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին կացարանով ապահովելու նպատակով: ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված՝ նպատակ ունենալով առավել առարկայական դարձնել վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը՝ առեւտրային բանկերի կողմից նախեձեռնվեցին նաեւ հաճախորդների աջակցության ծրագրեր՝ վարկի մարման ժամկետի հետաձգումից մինչեւ վարկերի մասնակի կամ ամբողջական ներումներ»,-նշված է Հայաստանի բանկերի միության հայտարարության մեջ:

 

 

 

ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐ ԵՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ

Լեռնային Ղարաբաղ են ուղարկվել ՌԴ պաշտպանության նախարարության սակրավորներ ականազերծման աշխատանքներում ներգրավվելու համար: ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 եւ Տու-154 ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել մասնագետներ, տեխնիկա, սպառազինություն, ինչպես նաեւ ծառայողական շներ խաղաղապահ գործողություն գոտում խնդիրների կատարման համար: Երեւան է տեղափոխվել ավելի քան 100 զինվորական, 13 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա՝ ներառյալ ռոբոտատեխնիկական «ձՐՈվ-6» բազմաֆունկցիոնալ ականազերծման համալիրներ, զրահամեքենաներ։ Անձնակազմը եւ տեխնիկան կտեղափոխվեն Երեւան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով եւ տեղ հասնելուն պես նրանք կսկսեն կատարել ինժեներահետախուզական առաջադրանքներ, տեղանքի, ճանապարհների եւ օբյեկտների ականազերծում, պայթուցիկ առարկաների ոչնչացում Լեռնային Ղարաբաղի շրջաններում:

 

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների եւ վարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ շրջկենտրոնում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել: Երկրի ղեկավարն անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքներին՝ շեշտելով, որ օր առաջ պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը: Այս համատեքստում նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հրթիռակոծության հետեւանքով ավերածությունների ենթարկված  բնակարանների վերանորոգման նպատակով քաղաքաշինության նախարարությունն օպերատիվ միջոցներ կձեռնարկի: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ համայնքներում պետք է արագ ավարտել ազատ բնակֆոնդի գույքագրումը, կարճ ժամանակահատվածում կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, ապահովել այն կենցաղային գույքով եւ մինչեւ հիմնական բնակարանների կառուցումը տրամադրել անօթեւան մնացած քաղաքացիներին: Նա վարչակազմի ղեկավարին տեղում հանձնարարական է տվել ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում ունենալ պատասխանատու, որը կզբաղվի շրջանի՝ անօթեւան մնացած եւ ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած բնակիչների սոցիալական խնդիրներով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարեսկզբից դպրոցական եւ նախադպրոցական հիմնարկների աշխատանքների վերսկսմանը, ստեղծված ծանր կացությունը հաղթահարելու նպատակով բնակչությանը սոցիալական երաշխիքների տրամադրմանը, ինչպես նաեւ աշնանացանի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

 

 

485 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում նոյեմբերի 23-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 126 709 դեպք, որոնցից 95 099-ը` առողջացած, 1 976-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29 131 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 488 393 թեստավորում: Այսպիսով, նոյեմբերի 22-ին կատարվել է 1 305 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Ունենք 1 009 առողջացած եւ 24 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 503 է:




Լրահոս