«ՀԱԴՐՈՒԹՈՒՄ 15 ՀՈԳՈՎ ՇՐՋԱՓԱԿԵՑԻՆ ՄԵԶ ԵՎ ՍԿՍԵՑԻՆ ԿՐԱԿԵԼ». ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս Հադրութի շրջանում վիրավորվել է  ժամկետային զինծառայող Արման Գուլինյանը: Արմանը մարտադաշտից դուրս է  հանել է իր վիրավոր ընկերներին եւ ցույց տվել առաջին բուժօգնություն, սակայն թշնամու շրջափակման մեջ հայտնվելով՝ ստացել է ոտքի հրազենային վնասվածք, այժմ նա գտնվում է Երեւանի  կենտրոնական զինվորական կլինիկական  հոսպիտալում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը պատերազմի եւ այլ հարցերի շուրջ զրուցել է Ժամկետային զինծառայող Արման Գուլինյանի հետ:

«Սկզբանական շրջանում ծառայության վեց ամիսը անցկացրել եմ Երեւանում՝ «ուչեբկա» կապավոր, ապա տեղափոխվել եմ ծառայության Հադրութում: Անկեղծ ասած, արդեն մենք գիտեինք, որ թշնամու կողմից պատերազմական գործողություններ են սկսվելու, քանի որ մեր դիտարկումների հետախուզական միջոցներով տեսնում էինք, որ թշնամու կողմից նկատվում է ակտիվ շարժ, բայց չէինք պատկերացնում, որ նման լայնամասշտաբ պատերազմ կլինի: Պատերազմի սկսվելու մասին իմացել ենք, երբ արդեն հակառակորդը մեծ ուժերով սկսեց հրթիռակոծել մեր  զորամասը: Նախ՝ սկզբից ռմբակոծել են քաղաքը՝ Հադրութը: Իրականում բոլորի պատկերացրած առաջնագիծը եւ իմ տեսած առաջնագիծը իրարից շատ են տարբերվում: Ես զինվորներին հասցրել եմ զենք-զինամթերք եւ սնունդ»,-մեզ հետ զրույցում պատմում է Արմանը:

Վիրավոր եւ քաջարի զինվորը, մեծ կամք ու արիություն ցուցաբերելով, գտնվելով  ռմբակոծության տակ, կարողացել է դուրս բերել իր ծառայակից վիրավոր ընկերներին մարտական դաշտից եւ ցուցաբերել է առաջին բուժօգնություն:

«Կարողացել եմ նրանց դուրս բերել, վիրակապել, ապա տղաներին փամփուշտներ եմ հասցրել եւ վիրավորներին տեղափոխել հոսպիտալ: Հոկտեմբերի 14-ին, երբ հերթական անգամ վիրավորներին տեղափոխել էինք անվտանգ վայրեր եւ հոսպիտալ, արդեն հետ վերադառնալիս ընկանք թշնամու կողմից շրջափակման մեջ: Շտապօգնության մեքենայի մեջ եղել ենք ես վարորդը՝, երկու հոգով: Թշնամին 15 հոգով  շրջափակեց մեզ, որից հետո  սկսեցին անմիջապես կրակել մեր վրա: Այս ընթացքում վարորդին ասացի, որ հանկարծ չկանգնի, որից հետո ոտքի շրջանում ստացել եմ հրազենային վիրավորում: Առաջին բուժօգնությունը ես ինքս եմ ինձ ցույց տվել, մինչեւ եկել են ինձ օգնության»,-նշում է խիզախ զինվորը:

Ժամկետային զինծառայողի խոսքով՝ նա ահաբեկիչների եւ ջհադիստների չի հանդիպել, բայց շատ է լսել նրանց մասին. «Իրականում ես ինքս մեր կողմում չեմ տեսել: Իսկ դասալիքների եւ փախչողների մասին անպայման ցանկություն ունեմ խոսելու, քանի որ ուզում եմ, որ նրանք խայտառակ լինեն: Ունեինք երկու պայմանագրային զինծառայող, ովքեր դիմել են փախուստի մարտական դաշտից: Իրենց տրված էր հատուկ առաջադրանք, որպեսզի վիրավորներին տանեին եւ սնունդ բերեին, իսկ իրենք գնացել էին, մեքենան թողել եւ հեռացել»:

Հարցին, թե արդյոք սպասում էր պատերազմի նման ավարտի, մեր զրուցակիցը խորը հոգոցով եւ դառնությամբ ընդգծում է՝ ո՛չ, քանի որ նրանք հաղթական ավարտի էին սպասում, բայց չեն հուսահատվում, մարտական ոգին տեղն է:

«Ինձ թվում է, որ պատերազմը չի ավարտվել, անպայման շարունակություն լինելու է: Մեր տղաներին մաղթում եմ քաջառողջություն, ուժեղ կամք, մենք անպայման հաղթելու ենք, թող հույսները չկորցնեն ու չընկճվեն»,- հավելում է վիրավոր Արման Գուլինյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ՝ ՈՐԴՈՒ ՄԱՍԻՆ

Երգահան Դավիթ Ամալյանը, որի որդին՝ Վարդանը, զոհվել է պատերազմում, պատմելով իր ապրումների մասին՝ գրել է. «Է՛հ… Առայժմ կհառաչեմ, կհառաչեմ՝ հառաչանքիս մեջ ցավ թաղելով: Հետո կլռեմ.. Կլռեմ թաքուն, կլռեմ անգույն կամ կլռեմ սեւ: Իսկ հետո, երբ Վարդանիս ու իմ զրույցը մի օր կշարունակվի, կսկսեմ ասելիքս կենտրոնացնել: Իսկ հիմա, առայժմ կմտորեմ: Կմտորեմ, օրինակ, այն դատարկության վրա, որի անունը ժամանակ է։ Տարածության եւ հավերժության անզոր թշնամին՝ ժամանակը:

 

Ժամանակն իր անզորությունը թաքցրեց կյանքի հետեւում ու սկսեց որոշումներ կայացնել՝ սկզբում մարդուն երկրի վրա ստեղծելու, հետո մարդուն մարդու դեմ հանելու լավագույն միջոցների՝ նյութապաշտության եւ սրանից բխած քաղաքակրթության, որը լավագույն տարբերակն էր մարդուն բնազրկելու, հետո կրոնազատման, հետո վերջում էլ նաեւ լեզվա, ազգա ու էլ չգիտեմ ինչազատումների ստեղծումով:

Ի՞նչ արեց մարդուկը. արագ սկսեց սիրել, ենթարկվել եւ ստրկանալ իրեն գայթակղիչ առաջարկներով դիմած ժամանակին: Սկսվեցին մարդկության կենդանական հակասությունները. աշխարհը դարձավ ժամանակի թատերաբեմ, որտեղ մարդուն մնաց միայն խաղալ ժամանակի անտաղանդ բեմադրությունը, իսկ սա տարածության հեգնանքն է թատերաբեմ դարձած աշխարհին…

Այսքանը մի տեսակ անհասկանալի ու ճոռոմ ստացվեց, բայց կուղղեմ: Անցնեմ զգացածիս, խոսեմ իմ տեսածի ու իմ չափով հասկացածի մասին: Անցյալն ավելի խելոք պատմաբանների եւ քաղաքագետների քննարկմանը թողնելով՝ անցնեմ ապրածիս, որն իր հերթին անցյալավորվում է ամեն վայրկյան: Սա ինքնակենսագրական չէ, դրա համար էլ կսկսեմ իմ տասնչորսից, որտեղ ես հայ եմ ու հայտնվել եմ հայոց համազգային շարժման իրական ու ինչ-որ տեղ ժամանակի հետ մի քիչ պայքար մղող վերելքի մեջ: Թեպետ քանի որ ընթերցողս, համոզված եմ, որ այս շարժումից լավ կամ վատ որեւէ քննարկման կարիք չունի՝ իր սեփականն ավելի ճիշտ համարելով, մոտենամ ավելի այս կողմին՝ 1990-2020 հատվածին, որն ինձ համար վերնագրվեց հաղթանակից պարտություն ճանապարհատված կամ, ավելի ճիշտ, ժամանակահատված:

Այս ժամանակահատվածն իմ հարկահավաքը դարձավ, ու ես վճարեցի իրեն՝ ապրելով, որն ամփոփված էր սիրով, ստեղծագործական մանր-մունր նշույլներով, կորուստներով, տառապանքներով, նաեւ ձեռքբերումներով: Հարկահավաքս չխնայեց ոչինչ. այս ընթացքում ինձնից առատորեն վերցնում էր տվածս հարկերն ու ինձ հանձնում ցավ, որը ես նորից փոխակերպում էի սիրո ու մնացածի: Քանի որ ժամանակին տրված վերջին հարկս իմ գոյությունից թանկ էր, հիմա դատարկված եմ եւ մի քիչ էլ, ինչո՞ւ չէ, նաեւ չարացած: Մեղավորներ չեմ փնտրելու, որովհետեւ կորուստս տիեզերական էր ու շատ ավելին, քան որեւէ մարդանման ինչ-որ բան, բայց կուզեմ մի փոքր մարդկային քննարկում անել ինքս իմ մեջ:

Հաղթանակից պարտություն ընկած ժամանակահատվածն իր մեջ պարունակում է մարդկանց, որոնք բաժանվում են երկու մասի՝ ժամանակի հետ կռվողներ եւ ժամանակին ստրկացածներ: Հենց այս կռվողների հաղթանակն էլ ժամանակի օգնությամբ պարտություն վաստակած ստրուկները հանձնեցին ժամանակին, որովհետեւ մոլորյալ մարդիկ ստրկամոլվելով սկսեցին հավատալ դատարկությանը, բարձր ձայն հանող ու ոչինչ չասող, արդարաղժժան, բայց շատ անարդար, նյութով ու փառքով իրենց վաճառած, թույլ ու փափկասուն ինչ-որ բաներին եւ իշխանավորեցին սրանց:

Ցավում եմ…

Սա գրածիս վերջն է, բայց նոր կյանքիս սկիզբը»:

 

 

 

ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Մոսկվայի դրամատիկական թատրոնի  կոլեկտիվը ընդհանուր ժողովի ժամանակ որոշում է կայացրել դիմել մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտին՝ թատրոնը Արմեն Ջիգարխանյանի անունով կոչելու խնդրանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին: Նշենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 14-ի լուսաբացին կյանքի 86-րդ տարում: Թատերախումբը Մոսկվայի մշակույթի դեպարտամենտին խնդրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակել  հանրահայտ դերասան եւ ռեժիսոր Սերգեյ Գազարովին:

 

 

 

ԱՐՑԱԽԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Իտալացի հանրահայտ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին, որը բազմիցս ելույթներով հանդես է եկել Հայաստանում, Արցախին նվիրված ստեղծագործություն է ներկայացրել: Երաժիշտը կատարման տեսնայութը հրապարակել է սոցցանցի իր պաշտոնական էջում: Վոկալիզմի համար նա շնորհակալություն է հայտնել կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանին: «Շնորհակալ եմ հրաշալի աղոթքի համար, որը նվիրել եք Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին»,- շեշտել է Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին: Մարտին Ուլիխանյանն էլ շնորհակալություն է հայտնել ակորդեոնահարին գեղեցիկ կատարման համար:

 

 

 

ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐՈՎ

Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղերում ֆուտբոլիստները դաշտ էին դուրս եկել դեմքին կարմիր գծերով: A Սերիան այդ ակցիան անցրացրել է WeWorld Onlus-ի հետ, որը կանանց ու երեխաների իրավունքը պաշտպանող բարեգործական կազմակերպություն է: Նոյեմբերի 25-ը դրա դեմ պայքարի օրն է: Իտալիայի առաջնությունում այդ ակցիան անցկացվել է չորրորդ տարին անընդմեջ: Այդկերպ A Սերիայի ղեկավարությունը փորձում է բարձրաձայնել ամբողջ աշխարհում կանանց դեմ բռնության մասին:

Հիշեցնենք, որ այս տուրում «Ռոման» 3:0 հաշվով տնային հաղթանակ էր տարել «Պարմայի» նկատմամբ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել էր դուբլի հեղինակ: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 8 խաղի եւ դարձել 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս