ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԵՐԿԽՈՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 

Հորդանանի հայ համայնքի հոգեւոր հովիվ, հոգեշնորհ տեր Ավետիս վրդ. Իփրաճյանը ողջունել է Հայաստանի նախագահի այցը՝ նշելով, որ համայնքը հետեւում է հայրենիքում կատարվող իրադարձություններին եւ քաջատեղյակ է արցախյան պատերազմի մանրամասներին: Նա տեղեկացրել է, որ այդ դժվարին օրերին Հորդանանի համայնքը նույնպես ձգտել է աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Արցախի հայրենակիցներին: Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Արցախի նկատմամբ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմի, երկրում ստեղծված իրավիճակի, Հորդանան կատարած այցի նպատակների մասին, ինչպես նաեւ պատասխանել համայնքի ներկայացուցիչների հարցերին:

Հայաստանի նախագահը նշել է, որ դժվարություններն ու խնդիրները բազմաթիվ են. «Պատերազմի անփառունակ ավարտը, Արցախի այսօրվա կարգավիճակի հետ կապված խնդիրները, այն, որ բազմաթիվ արցախցիներ այսօր իրենց տունն են գտել Հայաստանում, եւ Աստված գիտի՝ այդ տունը ժամանակավոր է, թե մշտական։ Հազարավոր հայ երիտասարդներ կյանք են կորցրել, հազարավոր երեխաներ ծնող են կորցրել, հազարավոր հայ երիտասարդներ վիրավոր են, հազարավոր զինվորներ վերադառնում են տուն, իսկ տանը մեծ տնտեսական դժվարություններ կան, որոնք խորացել են նաեւ կորոնավիրուսի հետ կապված։ Սրանք իրականություն են, որոնց առաջ չես կարող աչքերը փակել»,-ասել է նա։

Խոսելով ապագայի անելիքների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Չնայած մենք այսօր պարտվել ենք, բայց մեր բարեկամները, կարծում եմ, հավատում են, որ մենք կկարողանանք ոտքի կանգնել եւ ցույց տալ, որ մեզ հաղթել հնարավոր չէ, որովհետեւ ճակատամարտում պարտվելը մի բան է, բայց դրանից հետո ոտքի կանգնելը, ուժ գտնելը, պատրաստվելը կյանքի հաջորդ մարտահրավերներին ուղղակի անհրաժեշտություն է։ Մենք ճանապարհ ունենք, եւ այդ ճանապարհը դժվարին է, բայց այդ ճանապարհը կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք, ոչ թե մասնատված սեւերի-սպիտակների, իշխանության-ընդդիմության եւ այլն։ Դադարենք իրար հայհոյել, իրար վրա կեղտ լցնել։

Առավոտից գիշեր պետք է աշխատենք առանց կանգնելու, բոլորս միասին։ Եթե չենք աշխատելու, իրար ենք հայհոյելու, սպասելու ենք, որ ինչ-որ մեկը գա, պաշտպանի… Եթե պատրաստ չես, ամենամոտիկ բարեկամն էլ քեզ չի պաշտպանի, որովհետև ինչո՞ւ պետք է պաշտպանի, եթե ինքդ չես ուզում պաշտպանել։ Իսկ դրա համար շատ էական է ազգային միասնությունը։ Սա այս պահին ուղղակի անհրաժեշտություն է»։

Անդրադառնալով այցի ընթացքում ունեցած հանդիպումներին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ հանդիպումների առանցքում համագործակցության խորացման հարցերն են եղել: «Այս երկիրը փորձ ունի այնպիսի մարդկանց հետ աշխատել, որոնք զրկվել են իրենց տնից։ Այս երկիրը նաեւ ժամանակակից բանակ կառուցելու պատմություն ունի։ Այս երկիրը պատմություն ունի՝ արժեւորելու մշակույթը եւ կրթությունը»։ Պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին՝ կարեւորելով ճգնաժամը սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելը: Խոսելով իր ներկայացրած՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու եւ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու առաջարկությունների մասին՝ նախագահն ընդգծել է, որ խորհրդարանական երկրում ճգնաժամի լուծման ճանապարհը միշտ եղել են արտահերթ ընտրությունները։ Ազգային համաձայնության կառավարության ձեւավորման գաղափարը նույնպես նոր չէ։ «Ցանկացած այսպիսի իրավիճակում, երբ մեծ դժվարություններ կան, դրանք հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ միասնությունը, միասին լինելը»,-ասել է նախագահ Սարգսյանը։ «Իմ առաջարկությունը հենց դա է՝ որ իշխանությունը եւ ընդդիմությունը երկխոսեն, դրա համար կարող են գալ նախագահի մոտ։ Նախագահի ինստիտուտը հենց դրա համար է, նախագահը պետք է լինի այն մարդը, որը կաջակցի երկրի համար ամենակենսական եւ ամենակարեւոր խնդիրների լուծմանը»։

 

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

Աիդա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ Գյումրու Ղանդիլյան փողոցի 89-րդ շենքի 6-րդ բնակարանի սեփականաշնորհման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու համար Սիրուն Քիշմիշյանից պահանջել եւ շորթմամբ ստացել է ապօրինի վարձատրություն:

Այսպես, Աիդա Անատոլիի Ավետիսյանը, աշխատելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնում որպես առաջատար մասնագետ, Հայաստանի Հանրապետության «Հանրային ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն ընդգրկված լինելով հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմում եւ այդ հիմքով հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, լիազորված լինելով մասնակցելու համայնքի սեփականություն համարվող հողերի օտարման կամ օգտագործման տրամադրման, ինքնակամ շինությունների օրինականացման եւ այլ քաղաքաշինական գործընթացների իրականացման ժամանակ պահանջվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, քաղաքաշինական բնույթի տեխնիկական եզրակացությունների, հատակագծերի, գծանկարների եւ այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազման աշխատանքներին, ի պաշտոնե աշխատանքային գործունեություն իրականացնելու ընթացքում ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի 89-րդ շենքի 6-րդ բնակարանի սեփականաշնորհման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու, այն արագացնելու, քաղաքապետարանում կայանալիք նիստին խնդիրներ չառաջացնելու համար 2020 թվականի փետրվարի 23-ին Գյումրու համայնքապետարանի իր աշխատասենյակում Սիրուն Քիշմիշյանից պահանջել է 100 ԱՄՆ դոլար գումար՝ հայտնելով, որ այն չտալու դեպքում չի լուծվի բնակարանի սեփականաշհորհումը: Պայմանավորվածության համաձայն՝ 2020 թվականի մարտի 23-ին Գյումրու համայնքապետարանի մուտքի դռան մոտ Աիդա Ավետիսյանն անձամբ Սիրուն Քիշմիշյանից շորթմամբ ստացել է սպիտակ թղթե ծրարի մեջ դրված 49.501 ՀՀ դրամին համարժեք 100 ԱՄՆ դոլար գումարը, որից անմիջապես հետո Աիդա Ավետիսյանն ապօրինի վարձատրություն պահանջելու եւ ստանալու կասկածանքով ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումյարիի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ վերցվել է 2 հատ 50 ԱՄՆ դոլարից բաղկացած 100 ԱՄՆ դոլար գումարը:

 

 

 

ՈՐՈՇՈՒՄ ՉԿԱ

Արցախի Չարեկտար գյուղը հանձնելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, վերջնական որոշումը վաղը կկայացվի. այս մասին ասել է գյուղապետ Կամո Ցականյանը։ «Բոլոր գյուղացիները դուրս են եկել, մի մասը իրերը տարել է, մի մասը դեռ կա, գյուղի վերաբերյալ վերջնական որոշում վաղը կկայացվի»,- ասել է  նա։ Նշենք, որ Չարեկտար գյուղը գտնվում է Շահումյանի շրջանում, սակայն նախկինում Մարտակերտի շրջանի գյուղերից էր։ Գյուղում բնակվում է 48 ընտանիք՝ ընդհանուր 270 բնակիչներով։

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը Ստեփանակերտի քաղաքապետարան է փոխանցել սննդամթերքի 500 ծանրոց, հիգիենայի պարագաների 620 հավաքածու, 7000 տուփ մակարոնեղեն, 4000 կգ շաքար եւ 1660 վերմակ հակամարտության սրացման հետեւանքով տուժած խաղաղ բնակիչներին բաժանելու համար: Բացի այդ, 1600 ծածկոց ուղարկվել է Մարտունու քաղաքապետարան, 1500՝ Ասկերանի քաղաքապետարան, դրանց կարիքն ունեցող անձանց տրամադրելու նպատակով: Դեռեւս ռազմական գործողությունների ընթացքում ԿԽՄԿ-ն պարբերաբար սնունդ եւ հիգիենայի պարագաներ էր փոխանցում Ստեփանակերտի քաղաքապետարան ապաստարաններում գտնվող մարդկանց կարիքները հոգալու համար: Կազմակերպությունը նաեւ բժշկական բնույթի օգնություն է տրամադրել մի շարք հիվանդանոցների:

 

 

ԱՆՀԱՅՏ ԾԱԳՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել. վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների եւ քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում եւ, ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որեւէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ: Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաեւ միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա: Հաշվի առնելով նմանատիպ երեւույթների առկայությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից ու այս ասպարեզում եւս բացառապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկություններով:

 




Լրահոս