ԿԽՄԿ-ն աջակցում է ԼՂ հակամարտության կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես չեզոք կառույց աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում, սակայն որոշումները կայացնում են հակամարտության կողմերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, պատասխանելով այն հարցին, թե, ի վերջո, երբ է իրականացվելու գերիների փոխանակումը և ինչ դեր ունի ԿԽՄԿ-ն այդ հարցում:

«Երբ է իրականացվելու և ինչպես, որոշելու են կողմերը: Մենք օգնում ենք կողմերին համաձայնության գալ այդ հարցում, սակայն առաջարկները, որոշումները, ժամկետները որոշում են հակամարտության կողմերը: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այդ հարցում որևէ բան չի որոշում»,- ասաց Ամատունին:

Նրա խոսքով` որպես չեզոք միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության դերն է ստուգել յուրաքանչյուր կողմում անձանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ:

«Հոկտեմբերից սկսած, համապատասխան իշխանության կողմից հաստատում ստանալով, մեր կազմակերպությունը շարունակում է այցելել մի շարք անձանց . դրանց մեջ են և՛ քաղաքացիական անձինք, և՛ զինվորականներ: Կան մարդիկ, ովքեր անազատության մեջ են և իրավունք ունեն կապ պահել իրենց հարազատների հետ, մենք աջակցում ենք, որպեսզի իրենք այդ կապը ունենան, առողջական վիճակին ենք հետևում, սակայն այդ անձինքն երբ պետք է վերադարձվեն, նման որոշումներ կայացնում են հակամարտության կողմերը և իրենք են որոշում բոլոր տեսակի հարցերը կապված այդ համաձայնության հետ, մենք օգնում ենք այդ համաձայնությանը, միջնորդելով որպես կառույց, որպեսզի կարողանան այդ եզրերը գտնել»,- ասաց Ամատունին:




Լրահոս