104 ԸՆՏԱՆԻՔ ՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինվորների ապահովագրության հիմնադրամը պատերազմից հետո արդեն 104 շահառուի տրամադրել է հատուցում: Նրանք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետեւանքով զոհվածների ընտանիքներն են. այս մասին նշել է Զինվորների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 24-ին եւս նախատեսված է հիմնադրամի գործադիր հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կլինեն մի քանի տասնյակ նոր հատուցումներ: Ապագայի համար պլանավորվում է, որ յուրաքանչյուր շաբաթ հիմնադրամը կկատարի մի քանի տասնյակ հատուցում: Հիմնադրամի շահառուներն են զոհվածի կամ անհայտ կորածների ծնողները, ամուսինները եւ երեխաները:

 

«Կարող է հարց առաջանալ, թե ինչու են ժամանակային առումով ձգվում այդ հատուցումները, եւ ինչու շաբաթական մի քանի տասնյակ հատուցում է տրվում: Ընտանեկան, ծնողական, ամուսնական կապերը պետք է հաստատվեն, եւ դրա համար նախապես անհրաժեշտ է հավաքել  համապատասխան փաստաթղթային փաթեթ: Դրա համար այս պահին ներգրավված են մարզպետարանները եւ Երեւանում վարչական շրջանները, որպեսզի փաստաղթերը պատրաստելու գործին աջակցեն»,-ասել է հիմնադրամի գործադիր տնօրենը: Այնտեղ գործի մեջ ներգրավված աշխատակիցները վերապատրաստված են: Փաստաթղթերի պատրաստման ամբողջ գործընթացն իրականացվում է անվճար: Եթե ընտանիքը չդիմի տեղական ինքնակառավարման մարմնին, ապա այդ մարմինը կգտնի այդ ընտանիքին: Վարուժան Ավետիքյանն ընդգծեց, որ ժամկետային սահմանափակում չկա: Երբ էլ լինի, քանի տարի անց էլ լինի, այդ իրավունքը պահպանվում է: Նրա խոսքով՝ կան դեպքեր, երբ ծնողները Հայաստանում չեն եւ կարողանում են հիմնադրամին դիմել երեք տարի հետո: Միեւնույնն է, նրանց իրավունքը պահպանվում է: Վարուժան Ավետիքյանը վստահեցրեց՝ ամեն ինչ արվում է, որ որեւէ շահառու դուրս չմնա:

Այս պահին հիմնադրամը հատուցում է տրամադրում միայն զոհվածների ընտանիքներին, թեպետ որպես շահառու դիտարկում է նաեւ հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին: Երկրորդ խմբի դեպքում որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Վիրավորված զինծառայողը պետք է բուժվի, այդ ընթացքում առողջության որոշակի վերականգնում պետք է տեղի ունենա, այնուհետեւ համապատասխան փորձաքննությունից հետո տրվում է հաշմանդամության կարգ: Այդ կարգը ստանալուց հետո արդեն տվյալ զինծառայողն է դառնում հիմնադրամի շահառուն:

«Այս գործընթացը մեկ օրում կամ մեկ շաբաթում տեղի չի ունենում, սակայն, այո, առաջիկայում մենք կունենանք նաեւ հաշմանդամություն ունեցող շահառուներ»,- ասել է Վարուժան Ավետիքյանը:

Շահառուներին հիմնադրամի կողմից տրամադրվող աջակցությունը ե՛ւ միանվագ դրամական օգնություն է, եւ՛ շարունակական: Զոհված, առաջին կարգի հաշմանդամ դարձած կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է միանվագ 10 մլն դրամի ֆինանական հատուցում: Այնուհետեւ 20 տարի շարունակ յուրաքաչյուր ամիս վճարվում է 200-300 հազար դրամ: Գումարի տաբերությունը պայմանավորված է տվյալ զինվորականի ունեցած աստիճանով: Մյուս դեպքերում հաշմանդամություն ունեցող շահառուի գումարը կիսվում է, միանվագ օգնությունը կլինի 5 մլն դրամ, ամսական գումարը կկազմի 100-200 հազար դրամ: Եթե տվյալ զինծառայողն ունեցել է 3 եւ ավելի երեխա, ապա հիմնադրամը լրացուցիչ կվճարի 100 հազար դրամ:

 

 

 

119 ՄԼՆ ԴՐԱՄ ՀԱՏԿԱՑՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի ավագանին որոշել է չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի բնակիչներին ավելի քան 119 մլն դրամ հատկացնել: Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը նշել է, որ առաջարկվում է Երեւանի բյուջեի նպատակային հատկացումներն ավելացնել 119 մլն 686 հազար 200 դրամով:

«Այդ գումարը նախատեսվում է ուղղել չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի (այդ թվում՝ հանրակացարանների) բնակիչներին նվիրաբերված բնակարանների եկամտային հարկի պարտավորության մարմանը»,-նշել է փոխքաղաքապետը:

Ֆինանսական եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լեւոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն: Գրանցված ավագանու 39 անդամից 37-ը նախագծին «կողմ» է քվեարկել, 1-ը՝ «դեմ», «ձեռնպահ» չկար:

 

 

ԲՅՈՒՋԵՆ ԿԱՎԵԼԱՑՆԻ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն  զգալիորեն կավելացնի իր առաքելության կազմը Լեռնային Ղարաբաղում աշխատանքներ իրականացնելու համար: Այս մասին ասել է  ԿԽՄԿ-ի նախագահ Պիտեր Մաուրերը` հավելելով, որ արդեն որոշում է կայացվել նաեւ բյուջեն ավելացնելու մասին: «Եթե մինչ պատերազմը տարածաշրջանում մեր առաքելության բյուջեն կազմում էր 10 մլն շվեյցարական ֆրանկ (մոտ 11 մլն դոլար), ապա հաջորդ տարի այն կկազմի 45 մլն շվեյցարական ֆրանկ (49,4 մլն դոլար): Այսինքն՝ մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը: Մենք ունեինք բավականին քիչ մարդիկ այնտեղ: Այժմ մենք ծրագրում ենք լրացուցիչ 400-500 մարդ ուղարկել տարածաշրջան»,-հայտնել է Մաուրերը: Ըստ ԿԽՄԿ նախագահի` միջազգային կոմիտեի առաքելության աշխատակիցների խնդիրն է լինելու օգնել հակամարտության բոլոր կողմերի տուժածներին։

«Հրատապ խնդիրներից մեկը զոհվածների մարմինների որոնումն ու նույնականացումն է: Այժմ կողմերից յուրաքանչյուրը մարմիններ է որոնում այն տարածքներում, որոնք գտնվում են իրենց վերահսկողության տակ, որտեղ հեշտ է գտնել: Իսկ շփման գծում աշխատանքը բարդ է, ճակատային գծում, որտեղ մարտեր են եղել, ականներ են, այնտեղ մարմինների հայտնաբերումը շատ բարդ է»,-նշել է նա: Մաուրերն ասել է, որ ԿԽՄԿ-ն ունի մշակված  ծրագրեր եւ լավագույն փորձ, որպեսզի այդ աշխատանքներն առավելագույն արժանապատվությամբ իրականացվեն, նույնականացվեն մարմինները եւ փոխանցվեն հարազատներին: ԿՄԽԿ-ի նախագահի խոսքով` մարմիների որոնողական աշխատաքները ձգձգելու դեպքում հնարավոր են ամենատհաճ հետեւանքները: «Կարող են բարդություններ առաջանալ նույնականացման ժամանակ, եթե չկարողանանք գտնել մարմինները մինչեւ ձմեռ, քանի որ հավանականություն կա, որ ձմռանը կսկսվի մարմնի քայքայումը: Եվ մենք գիտենք անցյալի փորձից, որ եթե արագ չգործենք, մենք պարզապես ապագայում բարդացնելու ենք անհետ կորած մարդկանց հարցի շուրջ քննարկումները»,- ընդգծել է ԿԽՄԿ-ի նախագահ Պիտեր Մաուրերը:

 

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ։

ArmLur.am-ին այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից:

Նշվում է, որ հոգեհանգստի արարողություն, սգո ծառայություններ իրականացնող կազմակերպության տնօրենը նշանակում է պատասխանատու, որն ապահովում է կազմակերպության ողջ տարածքում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը եւ անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը եւ այլն։

Կազմակերպության կողմից հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողության համար նախատեսված վայրի ընդհանուր մուտքի, սանհանգույցի, առանձին շենքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով:

Հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով:

Հուղարկավորության արարողությունից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում:

Հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրում ապահովվում է պատշաճ բնական օդափոխություն՝ օրական առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տեւողությամբ:

Oրական առնվազն երկու անգամ ախտահանվում են հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրի մակերեսները 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով։ Ախտահանման աշխատանքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում։

Հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողության մասնակիցները պետք է զերծ մնան միմյանց հետ ֆիզիկական շփումից (համբուրվել, գրկախառնություն, ձեռքսեղմում), պարտադիր դնեն դիմակ, հնարավորինս պահպանեն հեռավորություն մյուսներից։ 60-ից ավելի մարդ չպետք է մասնակցի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությանը:

Աշխատողների համար եւս սահմանվել են նորմեր՝ նրանց ամենօրյա ջերմաչափման, կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների դեպքում ձեռնարկվելիք քայլերի հետ կապված։

 




Լրահոս