ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՅԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձեւը՝ 305 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվերակությանը մասնակցել է 306 հոգի: Ներկայացված բանաձեւով Ֆրանսիայի Սենատը կոչ է անում կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը տարածաշրջանում տեւական ժամանակ խաղաղություն հաստատելու համար: Բանաձեւը նաեւ դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների եւ օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, եւ կոչ է արվում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը եւ նրանց աջակիցներն այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում: Բանաձեւը ներկայացրել էին հինգ սենատորներ՝ Բրունո Ռետալոն, Պատրիկ Քանները, Էրվե Մարսելը, Էլիան Ասասին և Գիյոմ Գոնտարը: Նշենք, որ երեկ Ֆրանսիայի Սենատում բանաձեւի քվեարկությունից հետո երկար ժամանակ ծափահարությունները չէին դադարում: Այս քվեարկությունից հետո բանաձեւը պետք է քննարկվի նաեւ Ֆրանսիայի կառավարությունում. եթե ընդունվի նաեւ նրանց կողմից, ապա պետք է ստորագրի նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Սա ավելի շատ խորհրդատվական բնույթ էր կրում Ֆրանսիայի կառավարության համար եւ պարտադիր նշանակություն չունի: Սա բանաձեւ է, որով օրենսդիրը դիմում է նախագահին, կառավարությանը` ասելով, որ, որպես ժողովրդի պատգամավորներ, կոչ են անում ճանաչել Արցախի անկախությունը։ Ամեն դեպքում, սա կարեւոր որոշում էր Ֆրանսիայի Սենատի կողմից եւ պետք է սպասել հետագա զարգացումներին:

 

 

 

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հարուցված քրական գործերի շրջանակներում ինչ քայլեր են ձեռնարկվել, ինչ գործողություններ են իրականացվել, եւ, առհասարակ, այդ քրեական գործերի քննությունը որ փուլում է։ Հիշեցնենք՝ խոսքը ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջազգային ահաբեկչության, Ադրբեջանի զինուժի կողմից անօդաչու թռչող սարքեր օգտագործելու եւ այլ դեպքերով հարուցված քրեական գործերի մասին է: Բանն այն է, որ մինչ մեր դատախազությունը գործեր է հարուցել, դեռ քննություն է անում, ադրբեջանի իրավապահները գործի են անցել։ Օրերս հայտնի դարձավ, որ նախկին պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ Սեյրան Օհանյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Սա նշանակում է, որ նա չի կարող երկրից դուրս գալ, անգամ ոտքի հետ կապված բուժման խնդիրներով։ Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը. հենց այս հարցերի պատասխաններն է փորձել ստանալ պատգամավորը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը նշեց. «Ես սպասում եմ պատասխանների։ Ինձ շատ հետաքրքիր է՝ ադրբեջանական բարբարոս բանակի որ սպան է միջազգային իրավական դաշտում խնդիրների առջեւ կանգնել։ Իսկ եթե չի կանգնել, ինչո՞ւ։ Կարեւոր է, որ մենք հիմա իրավական հարձակման ենթարկենք Ադրբեջանին: Որպես հիմնավորում, անշուշտ, պետք է ներկայացնենք պատերազմական հանցագործության տարբեր դրսեւորումներ»։ Պատգամավորը հավելեց, որ պետք է ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների համար արտերկիր գնալու խոչընդոտներ ստեղծենք ու դա անենք հիմա։

 

 

 

Նոյեմբերի 23-ին աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Դրանից հետո լրատվական կայքերում տեղեկություններ տարածվեցին, թե այդ պաշտոնում նշանակվելու է menu.am ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը: Իսկ ո՞վ է նա. վերջինս «ՍԹԱՐ» առեւտրային ցանցի գործադիր տնօրենն է եղել եւ հայտնի է որպես մեկը, որը մի շարք ապրանքների մատակարարումների դիմաց վճարումներ չի կատարել: Գործարարները տարակուսած են, թե ինչպես կարող է վարչապետը գործարարներին նեղացրածի իմիջով հայտնի որեւէ մեկին վստահել մի նախարարություն, որը պատասխանատու է հենց ներդրումների համար եւ պետք է աշխատի գործարարների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2012 թվականին անդրադարձել էր այդ իրավիճակին եւ գրել, որ «Սթար» սուպերմարկետների ցանցն իրեն տարբեր ապրանքներ մատակարարող արտադրողների եւ անհատ ձեռներեցների համար պատրաստել էր նոր պայմանագրեր: Ըստ նոր փաստաթղթի` նախատեսվում էին բազմաթիվ հավելյալ վճարներ, ինչը կարող է հանգեցնել փոքր շրջանառություն ունեցող արտադրողների դուրս մղմանը շուկայից:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը որոշում է կայացրել մի շարք պետական կառույցներում ստուգումները վերսկսելու մասին: Հիշեցնենք՝ Հաշվեքննիչ պալատը դեռեւս սեպտեմբերի 30-ին էր որոշում կայացրել մի շարք գերատեսչություններում ստուգումները կասեցնելու վերաբերյալ: Պատճառը սեպտեմբերի 27-ին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումն է եղել: Մեզ հայտնի դարձավ, որ Հաշվեքննիչ պալատի ղեկավար Լեւոն Յոլյանը որոշում է կայացրել իրականացնել վարչապետի աշխատակազմի, Ջրային պետական կոմիտեի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական բյուջեի 2020 թվականի վեց ամիսների կատարման հաշվեքննությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կվերսկսվի նաեւ Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության վեց ամիսների հաշվեքննությունները: Ի դեպ, այս ցանկում ներառված են նաեւ Արտաքին գործերի նախարարությունը, Վանաձորի, Գյումրու քաղաքապետարաններ:

 




Լրահոս