«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԵՆՔ ՇԱՏ ՄԵԾ ԱՐՏԱԳԱՂԹ ԿՈՒՆԵՆԱՆՔ». Գ. ՆՈՒՇԻԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու նպատակով: Այսօր վարչապետը հանդիպել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանի, «ՌԵՆՇԻՆ» շինարարական-ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանի, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության հիմնադիր նախագահ Գարեգին Նուշիկյանի հետ: Հանդիպման շուրջ այսօր զրուցել ենք Գարեգին Նուշիկյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նկատեց, թե պետք է ամեն ինչ անել հնարավոր արտագաղթը կանգնեցնելու համար:

 

-Պարո՛ն Նուշիկյան, հանդիպել եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ի՞նչ հարցեր եք քննարկել:

-Քննարկել ենք, թե ինչ խոչընդոտներ կան, ինչով կարող է ՀՀ կառավարությունն աջակցի:

-Այսինքն՝ ներկայացրել եք այն դժվարությունները, որոնք Դուք ունե՞ք:

-Հիմնականում այո: Բայց ոչ միայն դժվարություններն ենք քննարկել: Խոսել ենք տնտեսության վերաբերյալ դժվարություններից, ներդրումային ծրագրերից կոնկրետ առաջարկ արեցի: Այդ առաջարկը վաղուց էր արած, որ պետք է կառուցվի ԾԻԳ, որը կզբաղվի միայն  ներդրումային ծրագրերով: Ներդրողը ոչ մի պետականության հետ գործ չի ունենա, այլ գործ կունենա միայն այդ կառույցի հետ:  Դժվարությունները, որ մենք ողջ ընթացքում ունեցանք, պատկերացնում եմ, որ դրսի ներդրողների համար ուղղակի էստեղ ներդրումներ իրականացնելն անհնար է:

-Այսինքն՝ հիմա հնարավորություն կա՞ Ձեր ասած հարթակը ունենալու, ստեղծելու համար:

-Չգիտեմ:

-Դուք հանդիպման ընթացքում այդ հարցը նորից բարձրաձայնե՞լ եք:

-Այո, բարձրաձայնել եմ ու ակնկալում եմ, որ լուծումներ կլինեն:

-Պարո՛ն Նուշիկյան, այս տարին դժվար էր բոլոր ոլորտներում: Դուք ունե՞ք որեւէ տեսլական: Կնշե՞ք մեկ կամ երկու քայլ, որ պետք է անել այս իրավիճակից դուրս գալու համար:       

-Նախ եւ առաջ պետք է կրքերը հանդարտեցվեն: Հասարակությունը շոկի մեջ է: Մարդկանց մեջ պետք է լավատեսություն առաջացվի: Պետք է մարդկանց մեջ հավատ ներշնչենք: Ես վախենում եմ, որ մոտ ժամանակներս մենք շատ մեծ արտագաղթ կունենաք:

-Այսինքն՝ առաջին հերթին պետք է այնպիսի քայլեր անել, որը կկանգնեցնի՞ արտագաղթը: 

-Իհարկե, ամենաառաջին հերթին դա: Ունենք գրեթե սպառված Արցախ, որը պետք է վերականգնվի, բնակավայրերը վերաբնակեցվեն, կառուցվեն: Տնտեսության ֆոնին ունենք մեծ թափով գահավիժում: Մարդկանց հոգեբանորեն պետք է վերականգնենք, մարդկանց մոտ վստահությունը պետք է վերականգնենք: Բնականաբար, պետք է դրսից ներդրումներ ներգրավենք:

-Պարո՛ն Նուշիկյան, կորոնավիրուսից բացի, նաեւ պատերազմական իրավիճակն էլ է խնդիրներ ստեղծելու ներդրումների համար: Ի՞նչ կասեք:

-Կորոնավիրուսի հետեւանքների հետ, կարծեք թե, համակերպվել  էր տնտեսությունը, կամաց-կամաց առաջընթաց էինք զգում: Ավելի վնասակար է պատերազմը, թե՛ տնտեսության, թե՛ մարդկանց հոգեբանության վրա առաջին հերթին ազդել է պատերազմը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր գործարար դաշտի ներկայացուցիչների հետ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու համար: Վարչապետը հանդիպել էր Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի, «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի, «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի, «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի հետ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԽԱՂԱՂԱՊԱՀԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՉՇՓՈԹԵԼ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ այդ տարածաշրջանում:

 

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` նա հիշեցրել է, որ տարածաշրջանում ռազմական խաղաղապահ զորախումբ է տեղակայված, ինչպես նաեւ հումանիտար արձագանքման կենտրոն է գործում: «Պետք չէ դրանք ամբողջությամբ տարանջատել, սակայն պետք չէ նաեւ շփոթել ռազմական խաղաղապահների առաքելությունը, որոնք կանգնած են հակամարտող կողմերի շփման գծում հումանիտար կենտրոնի հետ: (Լեռնային Ղարաբաղում) այնքան շատ խնդիրներ կան, որոնք սրվել են պատերազմի հետ կապված, եւ հումանիտար կենտրոնը հենց դրանով էլ զբաղվում է»,- պարզաբանել է Պեսկովը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարն առանց մեկնաբանության է թողել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանի այլ երկրների հետ միասին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմին ուղղված ջանքերի ընդլայնման հնարավորությունը: «Երեկ երեկոյան մեր ասածից բացի ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել»,-ասել է նա:

Կրեմլի խոսնակը միայն հաստատել է, որ նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ համաձայնագրերի կատարման ընթացքը քննարկվել է հեռախոսազրույցի ընթացքում: Ուշադրության կենտրոնում էին նաեւ «համատեղ աշխատանքի մոդալությունները համատեղ մոնիտորինգային կենտրոնի շրջանակներում»:

Պեսկովը կարծիք է հայտնել նաեւ, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հիմքեր չի տալիս Դոնբասում իրավիճակի սրման համար: Այն հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը հիմքեր է տալիս Դոնբասում իրավիճակի սրման կամ Կիեւի կողմից շրջանի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու փորձերի համար, նա պատասխանել է. «Չի տալիս»:

 

 

 

 

ՉԻ ՀԵՌԱՆԱ

Երեկ տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հրաժարական է տվել: Դրանից հետո ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը հայտնեց, թե այդպիսի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Սակայն ArmLur.am-ը Օնիկ Գասպարյանի մերձավոր շրջապատից տեղեկացավ, որ Օնիկ Գասպարյանն ամեն դեպքում հրաժարական տալու ցանկություն ունի: Նա արդեն աշխատանքից ազատման մասին դիմում է ներկայացրել, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում  այն, ասել է, որ հետ վերցնի այն կամ սպասի մի որոշ ժամանակ: Նկատենք, որ Պաշտպանության նախարարությունում հստակ գիտեն՝ Օնիկ Գասպարյանի հեռանալու դեպքում շատ գեներալներ կհետեւեն նրա օրինակին:  Ավելի ուշ ArmLur.am-ը տեղեկացավ, որ երկար քննարկումներից հետո նա իր մտերիմներին ասել է, թե չի հեռանա եւ իր բանակին միայնակ չի թողնի: ArmLur.am-ը հայտնել էր, թե ՊՆ գեներալներն ասել էին, որ Գասպարյանի հեռանալուց հետո իրենք էլ կգնային: Հենց այդ հանգամանքից ելնելով էլ՝ Օնիկ Գասպարյանը որոշել է մնալ: Դրանից հետո նրա թիմն ասել է, թե Գասպարյանն իրեն իսկական զինվորականի նման է պահել:

 

 

ՎԵՐՄԻՇՅԱՆԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ԱՆՈՒՄ

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավայրում երեկ հացադուլ է հայտարարել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Տեղեկությունը հաստատել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ հավելելով, որ հիմնարկի վարչակազմի կողմից նրա հետ տարվում են բացատրական աշխատանքներ։

Վերմիշյանը, հիշեցնենք, մեղադրվում է խոշոր եւ առանձնապես խոշոր կաշառք ստանալու մեջ։ Ըստ ԱԱԾ-ի՝ նա պայմանավորվածություն է ձեռք բերել ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց կատարել գործողություններ կառուցապատող որոշ ընկերությունների կամ նրանց ներկայացուցիչների օգտին կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը: Դրանից բացի, պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, որի դիմաց որպես կաշառք ստացել է 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար եւ շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ:

 

 




Լրահոս