ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երեկ քննարկեց Հայաստանում  սեպտեմբերի 27-ից հայտարարաված ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը։ Հարցը այսօր նշանակված արտահերթ նիստի օրակարգում է։

 

Խորհրդարանական ընդդիմության՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն արդեն երկորդ անգամ են նման օրակարգով նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես գալիս։ Նախորդ փորձն իշխանությունը տապալեր էր՝ չմասնակցելով Ազգային ժողովի խորհրդի նիստին։

Որպեսզի արտահերթում ռազմական դրությունը վերացնելու հարցը ընդհանրապես քննարկվի, պետք է 67 պատգամավորներ գան դահլիճ ու գրանցվեն։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին 41 ձայն ունեն։ Որոշման ընդունման համար ընդդիմադիրներին իշխանության ձայներն են անհրաժեշտ։

Ընդդիմադիրները հայտարարում են՝ ռազմական դրության պայմաններում տնտեսությունն է տուժում, ժողովրդավարությունը, ավելին՝ վստահ են, որ իշխանությունները չեն գնում ռազմական դրությունը վերացնելու ճանապարհով՝ բացառապես իրենց իշխանությունը պահպանելու ցանկությամբ պայմանավորված։

Սակայն ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին:

«Կարծում ենք, որ օր առաջ ռազմական դրությունը հանելը կնպաստի, որ մենք կարողանանք գոնե քայլեր ձեռնարկել՝ մեղմելու այն ճգնաժամը, որն ունենք»,- ասաց խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ այս հարցով պաշտպանական գերատեսչության՝ ՊՆ-ի հետ խորհրդակցել է, նրանց կարծիքը գիտի, արդյոք նպատակահարմար է այս ծավալով ամբողջությամբ չեղարկել ռազմական դրությունը, թե կարելի էր մասնավորեցնել որոշ դրույթներ ու պահել այն, որը անհրաժեշտ է. Գորգիսյանը պատասխանեց, որ ամսի 10-ին ԳՇ պետի հետ են հանդիպել, այն ժամանակ ԳՇ պետն ասել էր, որ իրեն պետք է մոտ 7 օր ժամանակ, որ որոշակի անվտանգային խնդիրներ լուծեն, դրանից հետո, այսինքն՝ ամսի 17-ից հետո, ընդունելի էր համարել ռազմական դրությունը չեղարկելու հարցը. «Դրանից հետո մենք ամսի 18-ին փորձեցինք իրականացնել, արագ ընթացակարգը պահանջում էր, որ ԱԺ խորհուրդը որոշում կայացնի ու մտնի օրակարգ, բայց քանի որ դա տապալվեց, ստանդարտ ընթացակարգով մենք արեցինք»: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ԳՇ պետի հետ իրենց հանդիպման մասին տեղյակ է, գիտի նաեւ, թե ինչ է ասել նա, բայց կյանքը իր ուղղումներն է մտցնում. «Ռազմական դրությունը հանաք բան չի: Այսօրվա թե՛ Արցախի Հանրապետությունում, թե՛ Հայաստանի խնդիրների լուծումը էապես կախված են թե՛ ռազմական գերատեսչության՝ ԳՇ-ի, թե՛ այսօրվա գնահատականի հետ: Մենք այսօր պետք է կայացնենք որոշում: Եթե նրանց գնահատականը չունենք…7 օր առաջ ԳՇ պետն ասել է՝ հնարավոր է, դա այսօր չի նշանակում, որ պահն է, այսօրվա գնահատականն ունե՞ք»: Գորգիսյանն ասաց, որ ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարություններն ունեն, որ անվտանգության խնդիրները արդեն իսկ լուծված են. «Լավրովի եւ Պուտինի հայտարարություններից հետո կարիք չի եղել»: Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Դուք քարտեզը բնականաբար շատ լավ կարողանում եք կարդալ, տիրապետում եք, տեսնում եք, որ մեր տարածքների պահպանության ենթակա տարածքները անգամներ մեծացել են եւ երկարությունը սպասարկելու համար հատկապես ԶՈՒ կարողությունները պետք է վերահաշվարկ անենք: Ռազմական դրության ռեժիմն է թույլ տալիս դա: Պետք է բոլոր հանգամանքները հաշվի առնենք, ոչ թե՝ ՌԴ նախագահը սա ասեց, ասվեց, որ օդը փակ է եւ այլն»:

Կառավարության ներկայացուցիչ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ անհրաժեշտ է զգուշորեն մոտենալ ռազմական դրության ամբողջական չեղարկմանը, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել մեկ շաբաթով:

Հանձնաժողովի քվեարկությամբ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը ստացավ բացասական եզրակացություն: Խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում այն ընդգրկելու հարցը կքննարվկի նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին:

Ն. Հ.

 

 

ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է որոշման մեջ։ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից եւ ազատվել է նոյեմբերի 23-ին:

 

 

ԴԱՍԵՐ ՉԻ ՔԱՂԵԼ

«Այս իշխանությունը դասեր չի քաղել նույնիսկ պատերազմի պարտությունից, հակառակ դեպքում՝ ներքաղաքական բազարների թեման չէր շարունակի»,- ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու ԱԺ խորհրդի նիստի որոշմանը: «Երբ մենք իշխանական գործընկերներին ասում էինք՝ ԱԺ եկե՛ք, քվորում ապահովե՛ք, քննարկենք փաստաթուղթը, չէին գալիս, բայց մարդիկ պատրաստ են գնալ եւ քվորում ապահովել մի նիստում, որտեղ քննարկվում է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը։ Ես չեմ հասկանում, սա՞ է այսօր մեր խնդիրը, ինչ-որ մեկին մանդատից զրկելու հարցն ո՞ւմ է հետաքրքրում»,- նշել է պատգամավորը: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մարդկանց՝ փողոց դուրս գալու հարցին՝ Անի Սամսոնյանը նշել է, որ  երկրում սոցիալ-տնտեսական ծանր դրություն է, մարդիկ հիասթափված են. «Մարդիկ հավես չունեն եւ որքան կարող են դուրս գալ եւ պահանջել իշխանության հրաժարականը, բացի այդ, կան զինված խմբեր, մարդիկ վախենում են դուրս գալ, սա այլեւս այն անվտանգ Հայաստանը չէ»։

 

 

ԱԶԱՏՈՒՄՆԵՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Նաիրա Մարգարյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Նա էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2019թ. օգոստոսի 19-ին: Վարչապետի որոշմամբ՝ Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նա արդարադատության նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել 2019 թվականի հուլիսի 19-ին:  ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ` Արմեն Գրիգորյանը նշանակվել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

 

 

2,5 ՔՄ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն։ Այս նախաձեռնությունը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանն է։ Ի դեպ, այս նախագիծը նախարարությունը մշակել է Երեւանի քաղաքապետարանի հետ միասին։ Այսինքն՝ քաղաքացիներին կտրամադրվի գերեզմանների վկայականներ գերեզմանի փաստացի չափերին համապատասխան:

Տեղեկացնենք, որ մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանի համար տրամադրվում է 2,5 քառակուսի մետր հողատարածք (2,5×1,0 մետր չափերով), իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար՝ առավելագույնը 12,5 քառակուսի մետր հողատարածք: Բայց պարզվում է, որ գրեթե բոլոր գերեզմանատներում փաստացի առկա են համապատասխան հաշվառում չունեցող գերեզմաններ. բացակայում է գերեզմանի վկայականը եւ առկա չէ գերեզմանի տրամադրման վերաբերյալ տեղեկատվություն արխիվային գրառումներում։ Այսպես, նախարարությունն առաջարկում է ընտանեկան գերեզմանի առկայության դեպքում գերեզմանատեղը հատկացնել այդ գերեզմանի տարածքում նախկինում տրված գերեզմանի վկայականի հիման վրա, որում կկատարվեն գրանցումներ: Նշված գերեզմանի վկայականի բացակայության կամ փաստացի չափերից փոքր չափերով գրանցում ունեցող գերեզմանների դեպքում հուղարկավորության կազմակերպումը ստանձնողին կտրվի գերեզմանի նոր վկայական: Ընդ որում, գերեզմանի վկայականը կտրվի այդ պահին առկա գերեզմանի փաստացի չափերին համապատասխան, իսկ գերեզմանի փաստացի չափը 12,5 քառակուսի մետր չափից ավելի լինելու դեպքում ավել մակերեսի համար պետք է քաղաքացին գումար վճարի։

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ

ՀՀ պետական պարտքը (ներքին եւ արտաքին) 2020-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 3 տրլն 830 մլրդ 52.7 մլն դրամ (մոտ 7 մլրդ 854.6 մլն ԱՄՆ դոլար) եւ օգոստոսի 31-ի համեմատ՝ նվազել 51 մլրդ 929.1 մլն դրամով։  Արտաքին պարտքն այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրլն 914 մլրդ 396.1 մլն դրամ եւ, օգոստոսի վերջի համեմատ, նվազել 36 մլրդ 719.9 մլն դրամով. այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 2 տրլն 680 մլրդ 290.9 մլն դրամ եւ նվազել 34 մլրդ 547.5 մլն դրամով, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը կազմել է 234 մլրդ 105.2 մլն դրամ եւ մեկ ամսում նվազել 2 մլրդ 172.4 մլն դրամով։

ՀՀ ներքին պարտքը 2020-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 915 մլրդ 656.6 մլն դրամ եւ, օգոստոսի 31-ի համեմատ, նվազել 15 մլրդ 209.2 մլն դրամով։

 




Լրահոս