ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում համացանցում, լրատվամիջոցներում առկա հրապարակումների, դրանց պատշաճ իրավական ընթացակարգով ստուգման նպատակով կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար օբյեկտիվ ապացույցներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումների մասին:

 

Մասնավորապես, խախտվել է «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնեւի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնեւի 1977թ. 1-ին Լրացուցիչ արձանագրության 44-րդ, 45-րդ, 47-րդ հոդվածների, 48-րդ, 51-րդ (2), 52-րդ (2) հոդվածների, 51-րդ (4) հոդվածի 3-րդ կետի եւ 85-րդ հոդվածի 5-րդ մասի, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի 1-ին, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 54-րդ նորմերը, այն է՝ առկա են տվյալներ Ադրբեջանի զինված ուժերի մոտ գտնվող եւ վերոնշյալ կոնվենցիաներով պաշտպանության իրավունք ունեցող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսեւորելու բազմաթիվ դեպքերի մասին:

Մասնավորապես՝ 2020թ. հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները ռազմագերի Ն.Բ.-ի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարից զանգահարել են վերջինիս ազգականին եւ հայտնել, որ ռազմագերուն գլխատելու են եւ նկարը տեղադրեն համացանցում: Մի քանի ժամ անց ազգականները սպանված ռազմագերու լուսանկարը նկատել են վերջինիս սոցիալական ցանցի էջում:

Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հարկադրաբար տեղահանել են քաղաքացիական անձ, ԱՀ Հադրութ քաղաքի բնակիչ Մ.Մ.-ին եւ իր կամքին հակառակ տեղափոխել Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ ենթարկելով անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների՝ ապօրինաբար դիտավորությամբ վերջինիս զրկել են կյանքից:

Համացանցային տարբեր էջերում առկա են տարբեր օրերի տեղադրված բազմաթիվ տեսանյութեր, համաձայն որոնց՝ Ադրբեջանական դրոշն ուսին զինվորական համազգեստով անձը գնդակահարել է վիրավոր ռազմագերի Ա.Մ.-ին, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կտրել են հայ ռազմագերու գլուխը եւ այն դրել ինչ-որ կենդանու որովայնի վրա, ինքնաձիգից կրակոց են արձակել գերեվարված հայ զինվորականի գլխին, ծաղրել են ռազմագերուն՝ հարվածներ հասցնելով նրա գլխին, կտրել են հայ ռազմագերու ականջը, կտրել են քաղաքացիական անձի ականջը՝ նրան ներկայացնելով որպես հայ լրտես, ծաղրել են թվով 3 հայ ռազմագերիների՝ ստիպելով ծնկի իջած վիճակով ծափահարել իրենց, գերեվարել են հայ զինծառայողների, որոնցից մեկին ոտքով հարվածներ են հասցրել, ստիպել են հայ ռազմագերուն համբուրել Ադրբեջանի Հանրապետության դրոշը՝ հարվածելով նրա գլխին, շամփուրով հարվածներ են հասցրել թվով 5 ռազմագերիներին, որոնց մեջ կան վիրավորներ, ինչպես նաեւ պայմանավորվել են նրանցից մեկի ձեռքը կտրելու մասին, ուղեկցել են քաղաքացիական հագուստով մեկ տարեց տղամարդու, որի ընթացքում հարվածել են նրա մեջքին, հայհոյանքներ են հնչեցրել գետնին ընկած ռազմագերու հասցեին՝ քաշքշելով նրա կրծքավանդակի հատվածից:

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված մեկ այլ տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը գերեվարել են երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947թ. ծնված Բ.Հ.-ին եւ Հադրութի շրջանի Տյաք գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Յ.Ա.-ին, իսկ հաջորդող տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի Արթուր Մկրտչյան փողոցում, կրակահերթով կրակոցներ արձակելով, սպանել են ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված հիշյալ երկու անձանց:

2020թ. հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները ռազմագերի Ս.Ա.-ի բջջային հեռախոսի «WhatsApp» հավելվածի միջոցով նրա ընկերոջը հաղորդագրություն են ուղարկել այն մասին, որ վերջինս գերության մեջ է: Հոկտեմբերի 21-ին Ս.Ա.-ի մեկ այլ ընկերը «TikTok» սոցիալական ցանցում նկատել է տեսանյութ, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ռազմագերուն հարվածել են եւ ստիպել վիրավորական արտահայտություններ հնչեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հասցեին:

2020թ. հոկտեմբերի 16-ին առավոտյան Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մի խումբ զինծառայողներ ներխուժել են Հադրութ քաղաքի բնակչուհի Ժ.Բ.-ի բնակարան եւ վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերից քարշ տալով՝ իր կամքին հակառակ նստեցրել ավտոմեքենան եւ բացահայտ առեւանգելու եղանակով տեղափոխել Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու: Բռնություն գործադրելու եղանակով շուրջ 12 օր պահելուց հետո՝ հոկտեմբերի 28-ին, Կարմիր Խաչի միջոցով նրան հանձնել են ՀՀ-ին:

Բոլոր դեպքերի վերաբերյալ տվյալները պատշաճ իրավական ընթացակարգով ստուգվում են, դրանց կապակցությամբ իրականացվել են դատավարական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունների ապացույցների ամբողջացման, դրանց քրեաիրավական խիստ գնահատականներ տալու հիմքերի ապահովման, հանցագործություն կատարած անձանց նույնականացման եւ քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:

 

 

ՀՈՐԴՈՐԵԼ Է ՀՐԱՏԱՊ ԱՅՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահին եւ երկու փոխնախագահներին հորդորել է հրատապ այց կազմակերպել Ադրբեջան՝ ուսումնասիրելու եւ կանխարգելելու հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ հնարավոր անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը։

 

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց կյանքը փրկելու եւ նրանց ապագա փոխանակումը հնարավոր դարձնելու նպատակով այսօր դիմել եմ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) նախագահին եւ երկու փոխնախագահներին՝ հորդորելով հրատապ այց կազմակերպել Ադրբեջան՝ ուսումնասիրելու եւ կանխարգելելու բանտերում եւ այլ փակ հաստատություններում հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ հնարավոր անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը»,- հայտնել է Մարուքյանը:

Պատգամավորը հիշեցրել է, որ ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն միակ մարմինն է, որ կարող է անարգել մուտք գործել Ադրբեջանի ցանկացած փակ հաստատություն։

 

 

 

ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ 200 ԴԵՊՔ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի երրորդ եռամսյակի  ընթացքում արձանագրվել է մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք:

ՊԵԿ վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաեւ ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման եւ արտահանման մաքսանենգության 130 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են  ավելի քան 600 գրամ «մարիխուանա»,  մոտ 600 գրամ «ափիոն», 1100 «ԼՍԴ  բլոտտեր»,  մոտ 400 գրամ «Մեթամֆետամին», «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի ավելի քան 80 հաբ, ինչպես նաեւ մոտ 170 գրամ  հաշիշի յուղ եւ դրանով   լցված  էլեկտրոնային սիգարետի  11 մուշտուկ,  ավելի քան  2240  կարատ պակաս հայտարարագրված ադամանդ, տարբեր տեսակի թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի պարունակությամբ ավելի քան 13530 դեղահաբ:

Վարչության աշխատակիցների հետեւողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է նաեւ մաքսային կանոնների խախտման 70 դեպք, որոնցից 37-ը Հայաստան ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով թույլ տրված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ:

Դեպքերով՝  ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված հանցագործությունների եւ ՀՀ մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը սահմանված կարգով տրամադրվել են ՊԵԿ ստորաբաժանումներին հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻ

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 51-ամյա Արա Մ.-ի մահվան փաստով: Ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։ Նշված հասցե են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Գրիգորյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Արա Մ.-ն նշված տան բնակիչ էր, իսկ դիակի մոտ հայտնաբերվել է «Չերչիլ» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացան։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 




Լրահոս