Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա. նման հոդված է հրապարակել Le Monde-ի լրագրող Պյոտր Սմոլյարը:
«Սեպտեմբերի վերջին 25 տարվա անհաջող դիվանագիտությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանկարծակի բռնկվեց: Հայերի եւ ադրբեջանցիների վեց շաբաթ բախումներից հետո Երեւանը ստիպված եղավ հանձնվել: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի հովանու ներքո կնքվեց կրակի դադարեցման փաստաթուղթ: Զենքերը լռել են, բայց ոչինչ չի լուծվել: Այնպես որ, դիվանագետները նորից անցել են գործի՝ վերականգնելով նախկինում ձախողված նույն ձեւաչափը՝ Մինսկի խումբը: Պարադոքսալ էր այլընտրանքների բացակայությունը, որի հետ բախվում էին ներգրավված կողմերը, այդ թվում` Ֆրանսիան, որը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Մարտերի ընթացքում Ֆրանսիան իջել էր հանդիսատեսի դերի: Սեպտեմբերի 27-ից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելացրել էր հեռախոսային շփումների քանակը` ըստ Ելիսեյան պալատի՝ հակամարտության բոլոր կողմերի հետ դրանք հասցնելով մոտավորապես 15-ի, բայց միայն հրադադարի մասին հայտարարությունից հետո Փարիզը կարողացավ վերականգնել իր մանեւրելու տարածքը»,-ասվում է հոդվածում:
9 կետից բաղկացած հրադադարի մասին եռակողմ հայտարարությունում չի հիշատակվում Մինսկի խումբը, բայց Մոսկվան շտապում էր` հաշվի առնելով սիրիացի զինյալների աջակցությամբ ադրբեջանական ուժերի սրընթաց հարձակումը:
«Մենք չենք կարծում, որ ռուսները ուրախ են թուրքերի` Կովկաս ժամանելու կապակցությամբ, նրանք հասկանում են, որ Ֆրանսիան եւ Մինսկի խումբը կարող են օգնել խուսափել նման «տետ-ա-տետ» իրավիճակից»,-կարծում է դիվանագիտական աղբյուրներից մեկը:
«Փարիզն ընդգծում է, որ եռակողմ պայմանավորվածությունը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ խնդրի կարգավորմանը: 120 000 հայ փախստականներ, որոնք փախել են ռազմական գործողությունների թատերաբեմից, պետք է վերադառնալու հնարավորություն ունենան: Թուրքիայի կողմից ուղարկված օտարերկրյա զինյալները` մոտ 2000 սիրիացի վարձկան, ըստ ֆրանսիական կողմի, պետք է հնարավորինս շուտ հեռանան տարածաշրջանից: Բացի այդ, Ադրբեջանի եւ Նախիջեւանի ինքնավար մարզի միջեւ նախատեսվող տարանցիկ միջանցքի հետ կապված հարցեր են առաջանում Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ: Սա ամրապնդում է տեղի բնակչության կարծիքը, որ հայկական պետության ամբողջականությունը վտանգված է»,-մտածում է Սմոլյարը:
«Եվս մեկ զգայուն կետ. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու առաքելությունը: Ռուսաստանն արդեն շուրջ 2000 զինծառայող է տեղակայել, ստեղծել է դիտակետեր եւ անցակետեր: Բայց հարց է առաջանում թուրքական ներկայության վերաբերյալ: Հղում անելով «Մերձավոր Արեւելքում, այդ թվում` Սիրիայում Թուրքիայի հետ շատ լավ փորձի» վրա` Վլադիմիր Պուտինը ռուսական հեռուստատեսությամբ պարզաբանել է, որ համաձայն է շփման գծի երկայնքով անօդաչու սարքերի միջոցով տեղեկատվության հավաքման եւ վերլուծության համատեղ կենտրոն ստեղծելու գաղափարին»,-նշում է լրագրողը:
«Հայ համայնքում ընկալումն այլ է, չնայած Էմանուել Մակրոնը մատնանշել է Բաքվի եւ Անկարայի պատասխանատվությունը: Հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հիշեցրել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը Ֆրանսիային «անաչառության պահանջ» է ներկայացրել: Ազդեցությունը պահպանելու համար խոսք անգամ գնալ չի կարող կողմերից որեւէ մեկի կողմում լինելու մասին: Տհաճ փաստարկ է հայերի համար, հատկապես՝ Կովկասում Թուրքիայի իշխանության ամրապնդման ֆոնին, որը պատասխանատու է 1915-ի ցեղասպանության համար, որը նա մինչ օրս հրաժարվում է ճանաչել »,-ասված է հոդվածում:
«Ելիսեյան պալատի մեկ այլ մտահոգություն. տարածաշրջանի մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանումը: Այս առիթով Էմանուել Մակրոնը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդեր Ազուլայի հետ: Կազմակերպության առջեւ խնդիր է դրված կարճ ժամանակում ստեղծել փորձագետների առաքելություն, որոնք պետք է գույքագրեն նշանակալի մշակութային արժեքներ: Առաքելությունը կարող է մեկնել մինչ 2021 թվականը սկիզբը: Նրա աշխատանքը դժվար կլինի: Ադրբեջանը, օրինակ, մեղադրում է Լեռնային Ղարաբաղի հայությանը, որ նրանք հեռացել են՝ իրենց հետ վերցնելով եկեղեցիների խաչերը, եւ խոսում են թալանի մասին: Այնուամենայնիվ, այս գյուղացիները ցանկանում էին պաշտպանել իրենց մշակութային ժառանգությունը թշնամիների վրեժխնդիր ձեռքերից»,- ամփոփում է հոդվածը Le Monde-ը:
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները նվազել են: Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկացանք, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 16 մլն 949 հազար 400 դոլարի օգնություն, մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 95 մլն 606 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին:
Նշենք, որ Եվրամիության անդամ շատ երկրներ ուղարկել են. Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 4 մլն 156 հազար դոլարի չափով օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից` 685 հազար 500 դոլարի չափով: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստան եկել է 480 հազար 800 դոլարի մարդասիրական օգնություն: Անցած տարվա 9 ամիսներին Հայաստանը Շվեցարիայից 9 մլն 794 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, իսկ այս տարի՝ 691 հազար 600 դոլար:
Իսկ ԱՊՀ երկրներից Հայաստանը 101 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, այն էլ` Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Անցած տարվա 9 ամիսների ընթացքում Ռուսաստանից Հայաստան 64 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացվել, իսկ այս տարի՝ 100 հազար 500 դոլարի չափով:
ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Չինաստանից Հայաստան մեկ տարվա ընթացքում ավելացել է մարդասիրական օգնության չափը. եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստան Չինաստանից եկել է 1 մլն 549 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 1 մլն 824 հազար 900 դոլար:
Ամերիկայի Միացյալ Նահանգներից է զգալի նվազել մարդասիրական օգնության չափը. եթե նախորդ տարվա 9 ամիսներին ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն մտել է 6 մլն 916 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 2 մլն 402 հազար 200 դոլար:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՀՍԿԵԼ
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի պահպանումը: Ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգը իրականացնում են 23 դիտակետերի միջոցով, որոնցից 12-ը տեղակայված են պատասխանատվության գոտու «Հարավ», իսկ 11-ը՝ պատասխանատվության գոտու «Հյուսիս» հատվածում: Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր: Նշվում է, որ խաղաղապահները առավելագույնս աջակցում են տեղական իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու հարցում: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել ճանապարհային շարժը, սոցիալական օբյեկտների եւ բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, ջեռուցումը: Ռուս խաղաղապահների պարեկային խմբերն ապահովում են հեռավոր բնակավայրեր սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող ավտոտրանսպորտի ուղեկցման աշխատանքները:
ՄԱՐԶՊԵՏԻ ՎԵՐԱՄԲԱՐՁ ՃԱՌԸ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ 2019թ. մայիսին Նիկոլ Փաշինյանի հայրենի Ենոքավան գյուղում հայտարարեց, որ նախատեսում է 5 տարվա ընթացքում արտերկրից, հիմնականում՝ Ռուսաստանից 5 հազար հայ ընտանիք վերաբնակեցնել Տավուշի մարզում։ Մարզպետն իր ելույթներում բազմից խոսել է այդ մասին, Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում հղումներ կան այդ անիրատեսական «Վերադարձ» ծրագրի մասին, սակայն, բնականաբար, Տավուշի մարզ արտերկրից վերաբնակեցում չեղավ։ Արցախյան վերջին պատերազմի բուռն օրերին Տավուշի մարզպետը ծառատունկով էր զբաղված. Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնության շրջանակներում հոկտեմբերի 29-ին Դիլիջան համայնքի մաս կազմող Հովք գյուղում մարզպետ Չոբանյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ. Ցուգունյանը մասնակցել են ծառատունկի, որի ժամանակ մարզպետը հայտարարել է. «Սա երկարաժամկետ ռազմավարական ներդրում է եւ օրինակներից մեկը, թե ինչպես պետք է հզորացնել երկիրն ու թիկունքը պատերազմական դրության ժամանակ»։ Տավուշի մարզի բնակիչները դժգոհում են, որ չի հաջողվում իրենց խնդիրները լուծելու համար մարզպետի մոտ ընդունելության մտնել, քանի որ Հայկ Չոբանյանը հաջողացնում է աշխատանքի ժամերին հաճախակի Երեւան մեկնել։ Երկարաշունչ, փքուն, սակայն ոչ առարկայական ճառեր ասելու սիրահար Հ. Չոբանյանը 2020թ. նոյեմբերի 23-ին՝ մարզպետարանում կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ, հանդես է եկել հերթական վերամբարձ ճառով՝ ասելով. «Մեր կյանքում, միջավայրում, բոլոր օղակներում անհրաժեշտ են արմատական, էական փոփոխություններ իրականացնել։ Դրանց մեծ մասը վաղուց բացահայտված է, անգիր գիտենք, սակայն չենք ունեցել բավարար համարձակություն, կամք, լրջություն, ուժ, համախմբվածություն, հետեւողականություն, ազնվություն, սկզբունքայնություն։ Կա՛մ մենք պետք է պարտադրենք այս արժեհամակարգն ամեն օր, կա՛մ ցանկացած մեծ ջանք, նույնիսկ հաջողություն մնայուն չի լինելու»։ Հ. Չոբանյանն անդրադարձել է նաեւ դպրոցներին. «Հայտարարում ենք դպրոցի զարգացմանը, հզորացմանը ամեն գնով հասնելու մեր պատրաստակամության մասին։ Մարզային, համայնքային յուրաքանչյուր կազմակերպություն, աշխատակից, յուրաքանչյուր ընտանիք եւ յուրաքանչյուր ոք պետք է լծվի այս աշխատանքին։ Հայաստանը կառուցելու, հզորացնելու, արժանապատիվ կյանք ու հայրենիք ունենալու համար մեզ պետք են մտածող, ստեղծարար մարդիկ, ճարտարապետներ, շինարարներ, ինժեներներ, քիմիկոսներ, մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ ու ծրագրավորողներ։ Պետք է բացառվեն ձեւականությունները, իմիտացիաները, ժամանակի կորուստը, հաճոյությունները ու արջի ծառայություն մատուցելը: Սա ենթադրում է դպրոցի վերափոխում ու վերածնունդ։ Դպրոցում պետք է կատարվեն իրական փոփոխություններ բոլորիս մասնակցությամբ»։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ