Նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
Մասիս Մայիլյանը կրկին շնորհավորել է Արա Այվազյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ արտաքին գործերի նախարարությունների համակարգված ջանքերի միջոցով հնարավոր կլինի ստեղծված դժվարին պայմաններում արդյունավետ լուծումներ գտնել երկու հայկական պետությունների առջև ծառացած բարդ խնդիրների շուրջ և իրագործել համահայկական նպատակները։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարներին։ Նախարարները նաև քննարկել են սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորած անձանց ճակատագրերի բացահայտման, ինչպես նաև ռազմագերիների և պատանդների ազատ արձակման խնդիրների արագ լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը՝ երաշխավորելու իր հայրենի հողում ազատ և արժանապատիվ ապրելու Արցախի քաղաքացիների իրավունքները։