«ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿՌՎԵԼ ԵՆՔ». ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան պատերազմի մասնակից, այժմ նաեւ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Սեյրան Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է արցախյան այս պատերազմի բացերի եւ դրա հետեւանքների մասին:

 

-Սեյրա՛ն, լինելով ապրիլյան պատերազմի մասնակից՝ մասնակցել եք նաեւ Արցախյան երկրորդ  պատերազմին: Կպատմե՞ք՝ որտեղ եք եղել եւ ինչ եք տեսել:

-Ամսի 27-ին, իմանալով, որ արդեն Արցախում ռազմական գործողություններ են սկսվել, իմ մարտական ընկերոջ հետ միասին որոշեցինք մեկնել այնտեղ, որտեղ անցկացրել ենք մեր ծառայությունը եւ մասնակցել ենք քառօրյա պատերազմին: Առաջին օրը գնացել ենք Ստեփանակերտ՝ Ազատամարտիկների միություն, որպեսզի ծանոթանանք իրավիճակին, որ արդեն մեկնենք դիրքեր: Առաջին մի քանի օրը չկարողացանք մեկնել, բայց մի քանի օր եղանք Մարտակերտի դիրքերում ու արդեն հեկտեմբերի 1-ին մեկ այլ ջոկատի հետ մեկնեցինք Մատաղիսի թիկունք: Մատաղիս գյուղն արդեն դատարկվել էր, զորքը մի փոքր հետ էր քաշվել: 14 օր եղել ենք Մատաղիսիում, որտեղ մարտական գործողությունների ժամանակ զոհվեց  մանկության ընկերս: Մեր միակ ցանկությունն այն էր, որպեսզի մենք գնանք այնտեղ, որտեղ որ ծառայել ենք, քանի որ թե տեղանքին ենք ծանոթ, թե ռազմական գործողություններին մասնակցություն ունենալով՝ որոշակի փորձ էինք ձեռք բերել, բայց մեզ չհաջողվեց հասնել, քանի որ արդեն այդ դիրքերը թշնամու կողմից գրավվել էին: Հիմնականում հրետանու եւ դիվերսիոն խմբերի կռիվ էր գնում: Մենք սկզբնական շրջանում եղել ենք Մաղավուզ գյուղում, ապա դրանից հետո՝ Ներքին Հորաթաղ գյուղում, հետո տեղափոխվել ենք անտառային հատվածներ: Ինչը որ մենք տեսել ենք ապրիլյանի ժամանակ, համեմատելու չէ ամեն առումով: Սա մի այլ կարգի պատրաստված պատերազմ էր:

-Մատաղիսում մարտերը քանի՞ օր են տեւել:

-Մինչեւ հոկտեմբորի 3-ը Մատաղիսը կանգուն է եղել, բայց քանի որ Թալիշ գյուղն արդեն հանձնված էր, մենք ինքնըստինքյան պետք է հետ նահանջեինք, քանի որ թշնամին կարող է մտնել թիկունք, եւ մոտ երկու գումարտակ մնալու էր շրջափակման մեջ, բայց մինչեւ վերջին պահը տղաները կռիվ են տվել եւ մինչեւ նահանջի հրաման ստանալը կանգուն են եղել իրենց դիրքերում:

-Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հողերի հանձման փաստաթղթի վերաբերյալ: Պատերազմի նման ավարտ սպասո՞ւմ էիք:

-Պատերազմի նման ավարտ, իհարկե, չէի սպասում, քանի որ մենք գնացել էինք կռվելու մեր հողը պահելու, իսկ այս ստորագրված պայմանագրից հետո այս ամեն ինչին կարող եմ նայել երկու դիրքից: Ինչպես ներկայացնում են վիճակը, սահմանին այդպես վատ է եղել, եւ այս պարագայում մտածում եմ, որ պատերազմի կանգնեցնելը ճիշտ էր, քանի որ Շուշիի ընկնելուց հետո Ստեփանակերտն էր արդեն ընկնելու, եւ մի քանի ստորաբաժանումներ մնալու էին շրջափակման մեջ…

-Իսկ այլ ելք տեսնո՞ւմ էիք:

-Այլ ելքը կռվելն էր, բայց չեմ կարող պատասխանել այն հարցին, թե արդյոք ունեինք ռեսուրս դիմակայելու մի քանի պետության: Ցավոք, բայց մենք մինչ օրս չենք կարողանում աշխարհին ապացուցել, որ մեր դեմ կռվել են ահաբեկիչներ, վարձկաններ եւ ջհադիստներ:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

«ԴՈՒ ԱՅՆՔԱ՜Ն ՎԵՀ ԷԻՐ ՈՒ ԱՅՆՔԱ՜Ն ՎՍՏԱՀ». ԱՐՄԻՆԿԱ

Ամերիկայի Միացյալ Նահագներում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում գրառում է արել Շուշիի մասին եւ վերհիշել 1994 թվականին իր առաջին այցը Շուշի:

 

«Շատ պարզ հիշում եմ առաջին հանդիպումս քեզ հետ:1994-ն էր, պատերազմը նոր էր ավարտվել, դեռ 21 չկայի: «Հայեր» խմբով առաջին անգամ ոտք էինք դրել Արցախի հողի վրա՝ համերգներով քաջալերելու հաղթանակած ու ծառայող հայ զինվորներին: Հիշում եմ՝ ինչպես էի քարացել քո վեհությունից ու գեղեցկությունից, իսկ երբ հայտնվեցի պատերիդ ներսում, մարմնովս սարսուռ անցավ: Պատերդ մինչեւ գմբեթի տակ ծածկված էին շուն թշնամու լեզվով խզբզած անարգ խոսքերով: Բայց դու այնքա՜ն վեհ էիր ու այնքա՜ն վստահ, քանի որ քո ժողովրդի ձեռքում էիր արդեն:

Իսկ հետո՝ ամեն քեզ այցելելիս, սիրտս ցնծությամբ էր լցվում, կողքիդ կանգնելիս անասելի հպարտություն էի ապրում: Զգում էի, որ թշնամին չի շրջանցելու քեզ, շատ ուժեղ էր զգացողությունս: Ամեն առսվոտ շունչս պահած էի ձեռքս վերցնում հեռախոսս, մինչեւ որ…

Երանի այդչափ սիրահարված չլինեի հողին, որի վրա կանգնած ես, թեեւ ի՞նչ եմ խոսում: Այդ սիրահարվածությունն ինձ պիտի ստիպի, որ տենչամ քեզ, որ սպասեմ մեր հաջորդ հանդիպմանը, որպեսզի ծնկի իջնեմ խորանիդ առջեւ ու ասեմ՝ կներե՛ս, թագուհի»,- գրել է երգչուհին:

Իր էջի սթորի բաժնում Արմինկան վերահրապարակել է իր գրառումն ու ավելացրել, որ չի կարողացել նշել տեղանքը, քանի որ արդեն նշվում է՝ Շուշա, Ադրբեջան:

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել է 2020 թվականի Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ: Aftonbladet պարբերականը 39-ամյա ռմբարկուին շնորհել է «Ոսկե խաղակոշիկ» ավանդական մրցանակը: Իբրահիմովիչը 12-րդ անգամ է արժանանում այդ մրցանակին: 2018-ին եւ 2019-ին մրցանակը բաժին էր հասել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելյոֆին: Ընթացիկ մրցաշրջանում շվեդ հարձակվողը «Միլանի» կազմում մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 11 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

16 ԳՈԼ

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, դուբլի հեղինակ դառնալով բելգիական «Բրյուգեի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի խաղում (4:0), այդ մրցաշարում գոլերի թիվը հասցրել է 16-ի: 20-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում ամենաարագն է հատում 15 գոլի սահմանագիծը: Նա այդ ցուցանիշին հասավ 12 խաղում: Մինչեւ այս այդ ցուցանիշով ռեկորդակիր էին հոլանդացի Ռուդ վան Նիստելրոյը (ՊՍՎ, «Մանչեսթեր Յունայթեդ») եւ իսպանացի Ռոբերտո Սոլդադոն («Վալենսիա»), որոնցից 19-ական հանդիպում էր պահանջվել 15 գոլ խփելու համար: Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում 15-րդ գոլը խփել է 51-րդ խաղում, Լիոնել Մեսին՝ 29-րդ, իսկ Ռոբերտ Լեւանդովսկին՝ 25-րդ:

 

 

ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը կանցկացվի դեկտեմբերին: «Դինամո» ՄՀԿ-ում նոյեմբերի 30-ին կմեկնարկի ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը: Դեկտեմբերի 7-13-ը ռինգը կտրամադրվի կրտսեր տարիքի պատանիներին, իսկ դեկտեմբերի 14-19-ը կանցկացվի մեծահասակների առաջնությունը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել են միջազգային մի շարք մրցաշարեր:

 

 

ԱՌԱՋԱՏԱՐԸ «ՎԱՀԱԳՆԻ ՍԻԹԻ»-Ն Է

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց առաջնության առաջատարը «Վահագնի Սիթի»-ն է: Բասկետբոլի կանոնավոր առաջնությունում կայացել են 13-րդ տուրի հանդիպումները, եւ Ա լիգայի առաջատարը «Վահագնի Սիթի»-ն է, որն ունի 23 միավոր: 2-3 տեղերը համապատասխանաբար կիսում են «Ուրարտու»-ն եւ «Մադ Ֆոքս»-ը, որոնք ունեն 21 միավոր: 19 միավոր ունի «Դվին»-ը, իսկ հնգյակի վերջում «Սուպերսոնիքս»-ն է (18 միավոր): 6-7-րդ տեղերը կիսում են «Էրեբունի»-ն եւ ԲԿՄԱ-ն, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է «Կիլիկիա»-ն: Հաջորդ տուրի խաղերը կմեկնարկեն նոյեմբերի 26-ին:

 




Լրահոս