Ի՞ՆՉ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԵԿԵԼ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ամենախոշոր ոսկու Սոթքի հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին: Երեկ այնտեղ սահմանի գծման աշխատանքներ էին ընթանում: Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ տեղում ներկա են եղել ՊՆ ներկայացուցիչները, իսկ ինքը կամ համայնքապետարանի որեւէ ներկայացուցիչ չի մասնակցում սահմանազատման գործընթացին: «Սահմանն են ֆիքսում, արդեն դիրքավորվում են` մերոնք՝ մեր կողմից, իրենք` իրենց կողմից: Հանքավայրի էդ մասից սահմանն է գծվում, չգիտեմ՝ ինչքանն է մեզ մնում, ինչքանը` իրենց»,- ասել էր համայնքապետը: Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն շահագործում է Հայաստանի ամենամեծ ոսկու հանքավայրը: Ընկերությունը ռուս սեփականատերերի ձեռքում է: Խոշոր բաժնետերը մեծահարուստ Ռոման Տրոցենկոն է, ով այս տարվա հուլիսից դարձել է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի շուրջ 96 տոկոս բաժնեմասի սեփականատերը։ Եվ, ահա, այս միջադեպից հետո արդարացիորեն հարց բարձրաձայնվեց, թե ուր են ռուս խաղաղապահները, ինչու նման միջադեպ եղավ արդեն Հայաստանի սահմաններում, ինչ լիազորություններ ունեն նրանք: Նկատենք՝ դեռ նոյեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ ռուս խաղաղապահները շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով ստեղծելու են 16 դիտակետ: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը տեղեկացրել էր, որ խաղաղապահ զորքերը հագեցած են զրահամեքենաներով եւ «Վագր» ու «Թայֆուն» զրահամեքենաներով: «Խաղաղապահները կիրականացնեն նաեւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների առաջադրանքները: Նրանք պատասխանատու են շփման գծի երկայնքով պարեկություն իրականացնելու, շարասյուններն ու բեռները ուղեկցելու համար»,- հայտարարել էր նա: Իսկ, ահա, ՌԴ Դաշնային խորհրդի Անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի ղեկավար սենատոր Ֆրանց Կլինցեւիչը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, թե ռուս խաղաղապահները չեն կարող արգելել ադրբեջանցիներին մտնել այս կամ այն տարածք՝ պրովակացիա համարելով նման խոսակցությունները: «Նրանք պետք է ինչ-որ մեկին չթողնե՞ն, այնտեղ պայմանավորվածություններ կան այդ տարածքների հետ կապված: Պրովակացիայով մի՛ զբաղվեք: Մանրամասն նկարագրած է, թե ինչ պետք է անեն ռուս խաղաղապահները, եւ, հավատացե՛ք, նրանք անում են այն, ինչ պետք է անեն», -հավելեց նա:

 

 

 

ՀՀ Սահմանադրական դատարանն արդեն ստացել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը եւ 30 օրում որոշում կկայացնի։ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես կարող է տեղի ունենալ դիմումի քննության ընթացը, եւ ինչ ճակատագիր է սպասվում Գագիկ Ծառուկյանին: Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ՍԴ ուղարկված դիմումի շուրջ արդեն լուրջ քննարկումներ են սկսվել, եւ ՍԴ անդամներից շատերը կարծիք են հայտնել, թե իրավական հիմնավորումները թույլ են, այդ պատճառով դիմումը պետք է մերժվի: Այս իրավիճակին զուգահեռ նկատենք, որ քաղաքական առումով ՍԴ-ում եւս իրավիճակ է փոխվել. պատերազմից հետո ՍԴ մի շարք անդամների մոտ քաղաքական իշխանությունների նկատմամբ վստահության մակարդակը թուլացել է։ Եվ, ահա, իրավական թույլ հիմքերն ու քաղաքական իրողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ ՍԴ-ում ամենայն հավանականությամբ միաձայն կմերժվի Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը: Հավելենք, որ, որպես հիմնավորում, նշվել է Գագիկ Ծառուկյանի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը:

 

 

 

Կառավարության երեկվա նիստում հաստատվեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին նախագիծը: Նախագծում ամրագրվելու է, որ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից: Որպես հիմնավորում՝ նշվում է, որ 2021 թվականի համար պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխություն չի նախատեսվում, իսկ օրենքով սահմանված չափը (66140 դրամ) չի ապահովում նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը: Նշված խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նոր նախագիծ ներկայացնել: 2021 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվեց 68000 դրամ: Նվազագույն ամսական աշխատավարձի անվանական արժեքը (հարկերը եւ նպատակային սոցիալական վճարը ներառյալ) 2020 թվականին կազմեց 91275 դրամ, որի 80 տոկոսը 73020 դրամ է: Մինչդեռ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 թվականին թվականի համար նախատեսված էր 66140 դրամ:

 

 

 

Երեկ Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով վերջիններս առաջարկում էին վերացնել Հայաստանում դեռեւս սեպտեմբերի 26-ից հայտարարված ռազմական դրությունը: Նախագծի քննարկումը տեւեց յոթ ժամից ավելի, սակայն, ի վերջո, այն մերժվեց, քանի որ խորհրդարանական ամենամեծ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասը դեմ էր այդ նախագծին: Քվեարկության արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը՝ կողմ – 36, դեմ – 56, ձեռնպահ – 2: Ձեռնպահ քվեարկած պատգամավորներն էին Արփի Դավոյանն ու Գոռ Երանյանը. վերջինս  նոր պատգամավորներից է: Նկատենք, որ նիստում շատ էին բացակաները եւ չքվեարկած պատգամավորները,  չեն քվեարկել Սոֆյա Հովսեփյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Սարգսյանը, Մարիա Կարապետյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանը, Թագուհի Ղազարյանը, Համազասպ Դանիելյանը, Սոս Ավետիսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ռուստամ Բաքոյանը, Նիկոլայ Բաղդասարյանը: Ընդ որում, նրանցից շատերը ելույթներ էին ունեցել եւ մանրամասնել, թե ինչու չպետք է հանվի ռազմական դրությունը, սակայն արդյունքում այդպես էլ չմասնակցեցին քվեարկությանը՝ թիմին թողելով միայնակ։




Լրահոս