ՍԴ-Ն 30 ՕՐՈՒՄ ԿՈՐՈՇԻ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանի հետ Armlur.am-ը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցի իրավական կողմի մասին՝ պարզելու համար՝ արդյոք ՍԴ-ն առաջիկայում Ծառուկյանին զրկելու է մանդատից, թե ոչ: Մեր զրուցակիցը ներկայացրել է այն կարգավորումները, ըստ որոնց՝ ՍԴ-ն պետք է քննի այդ հարցը: 24 ժամում ԱԺ-ն պետք էր հարցն ուղարկեր ՍԴ, որը 30 օր ժամանակ ունի քննելու եւ որոշում կայացնելու:

 

-«Իմ քայլը» խմբակցությունը որոշում կայացրեց, որ Գագիկ Ծառուկյանին զրկի պատգամավորի մանդատից, ու դա խորհրդարանը չքննարկեց, այլ միանգամից ուղարկեցին Սահմանադրական դատարան: Արդյոք իրավական խախտում տեղի՞ է ունեցել, ու ինչպե՞ս է դա լուծելու Սահմանադրական դատարանը:

-«Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածը նախատեսում է  Սահմանադրության 95 հոդվածի պայմանները խախտելու դեպքում. դրանք վերաբերում են պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջներին, համապատասխան պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելուն: Այստեղ Ազգային Ժողովի մասով համապատասխան կանոնակարգում դետալացված ներկայացված են: 95 հոդվածին հղում կատարեցի. խոսքը վերաբերում է պատգամավորին ներկայացող անհամատեղելիության 4 հիմնական պահանջներին: Միաժամանակ Սահմանադրության 68-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է անհամատեղելիության պահանջների խախտման դեպքում պատգամավորի լիազորությունների դադարեցման հնարավորություն: Մի փոքր ակունքներից գամ. հոկտեմբերի  26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ընդունել է եզրակացություն՝ նշված պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման վերաբերյալ: Եզրակացության հետ կապված որեւէ գնահատական կամ մեկնաբանություն այս փուլում չեմ հնչեցնի: Ընդամենը արձանագրեմ, որ եզրակացության եզրափակիչ մասում արձանագրված է, որ համապատասխան պատգամավորի կողմից խախտվել են «Հանրային ծառայության մասին» օրենքի 31 հոդվածի 6-րդ մասի  1-ին եւ 4-րդ կետերի պահանջները:

Մանրամասնեմ, թե ինչի մասին է խոսքը. «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց անհամատեղելիության պահանջները, եւ բացահայտված է առնվազն դրանցից երկուսի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի եւ, սույն հարցին վերաբերելու հատվածով, առեւտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու այս դրույթների բովանդակությունը: «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի  6-րդ մասի 1-ին կետում  նշվում է, որ առեւտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու ներքո հաստկացվում է տվյալ կազմակերպության կառավարման մարմնում ընդգրկված լինելը, այսինքն՝ այս նորմի վրա է հղում կատարված,  եւ օրենքի նույն հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետում նշվում է սույն մասի նշված դեպքերից բացի որեւէ այլ ձեւով առեւտրային կազմակերպության ներկայացուցչական կարգադրիչ կամ կառավարական գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը: Այսինքն՝ հանձնաժողովի եզրակացության  մեջ արձանագրված է նաեւ օրենքով պահանջված սույն օրենքի խախտումը:

Ելնելով սահմանադրական այս կարգավորումներից՝ նախ նշեմ, որ «Աժ կանոնակարգ» օրենքը նախատեսում էր, որ սույն հարցով ՍԴ դիմելու մասին որոշման ընդունման դեպքում որոշումը 24 ժամվա ընթացքում պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան:

-Պարո՛ն Շաթիրյան, հարցն արդեն ուղարկվե՞լ է:

-Ես այս պահին որեւէ բան չեմ ուզում փաստել: Ընդամենը արձանագրում եմ օրենսդրական կանոնակարգման մասին, որ որոշումն ընդունման պահին 24 ժամվա ընթացքում ենթակա է ուղարկման Սահմանադրական դատարան:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 79-րդ հոդվածը վերաբերում է պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննությանը: Դիմող սուբյեկտը Աժ խորհուրդն է կամ այդպիսին կարող է լինել նաեւ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը, այս դեպքում գործի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով, ապացուցման բեռը կրում է դիմող կողմը: ՍԴ-ն սույն հոդվածում նշված գործով  կարող է ընդունել հետեւյալ որոշումներից մեկը. երկու տեսակի որոշումների ընդունման հնարավորություն է նախատեսվում՝ առաջին՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին, երկրորդը՝ համապատասխան դիմումը մերժելու մասին: Եվ գործով որպես պատասխանող պետք է ներգրավվի այն պատգամավորը,  որի կողմից անհամատեղելիության խախտումների վերաբերյալ ընդունվել է համապատասխան արձանագրություն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ՝ ՆՈՐԱՑՎԱԾ ԿԱԶՄՈՎ

Երեկ կառավարությունը նորացված կազմով առաջին նիստն է անցկացրել, այն նաեւ առաջին լիարժեք նիստն է ռազմական գործողությունների ավարտից հետո։

Կառավարության անդամները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը։ Նախքան օրակարգին անցնելը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող արտաքին գործերի, պաշտպանության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արտակարգ իրավիճակների, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարներին իրենց ներդրած ջանքերի համար, իսկ նորանշանակ նախարարներին հաջողություն է մաղթել իրենց գործունեության մեջ։ Աշխատանքից ազատման դիմում է գրել նաեւ մոտ մեկուկես տարի պաշտոնավարած էկոնոմիկայի նախարարը։ Թե ով կփոխարինի Տիգրան Խաչատրյանին, դեռեւս հայտնի չէ։ Երեկ վարչապետը միայն ասել է, որ առաջիկայում սպասվում է էկոնոմիկայի նախարարի փոփոխություն։

Տիգրան Խաչատրյանը պատերազմից հետո 6-րդ նախարարն է, որը լքում է զբաղեցրած պաշտոնը։ «Ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը»,- իր ելույթում վարչապետը եւս մեկ անգամ վերահաստատել է, որ որպես Հայաստանի վարչապետ՝ իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։ «Ծանր ժամանակներ են։ Մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակները եւ պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը։ Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը, բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչեւ օրս տեղի ունեցածի, այլեւ հետագա զարգացումների պատասխանատվությունը»,- հայտարարել է Փաշինյանը։

 

 

 

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԲԱՆԱՁԵՎԸ

Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւը, որով երկրի իշխանություններին կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Մենք հերքում ենք որոշման մեջ Թուրքիայի հասցեին հնչեցված չհիմնավորված պնդումները։ Ֆրանսիայի Սենատի այս որոշումը հստակ ցույց է տալիս, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը կազմված է համանախագահներից, որոնք պետք է չեզոքություն պահպանեն, մինչ օրս չի կարողացել լուծել այս հարցը։ Ֆրանսիայի Սենատի կոչն Ադրբեջանին՝ լքել օկուպացիայից ազատագրած իր տարածքները, հանդիսանում է անհեթեթ, կողմնակալ ու փաստերից կտրված, եւ այն չի կարելի լուրջ ընդունվել։ Մենք ցանկանում ենք, որպեսզի Ֆրանսիան կառուցողական դիրքորոշում ընդունի տարածաշրջանում կայունության համար՝ անելով ճիշտ եզրակացություններ»,- նշված է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւը:

Նշենք, որ Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) կառավարությանը կոչ է արել դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը Ֆրանսիային Մինսկի խմբից հետ կանչելու համար: Այս մասին ասվում է այդ երկրի խորհրդարանի կողմից ընդունված հայտարարության մեջ՝ ի պատասխան Ֆրանսիայի Սենատի բանաձեւի, որով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:«Միլի մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ ՄԽ-ից Ֆրանսիային հետ կանչելու համար, որը վերջին օրերին իր դիրքորոշմամբ եւ հայտարարություններով կասկածի տակ է դնում սեփական չեզոքությունը»,-ասվում է փաստաթղթում, որի օգտին քվեարկել է խորհրդարանի անդամների մեծ մասը:

 

 

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է

Իտալիայում Հայաստանի դեսպանության փոխանցմամբ՝ Սան Ջորջո դի Նոգարո համայնքը /Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիա/ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը եւ Հայոց ցեղասպանությունը։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո Սուպերիորե համայնքը, Չեզենայի համայնքը, Տրենտո շրջանի Նոգարեդոն համայնքը, Ֆորլի համայնքը, Արկոյի համայնքը, Վիարեջջոյի համայնքը, Ֆորտե դեյ Մարմի համայնքը, Բերչետո համայնքը, Տոսկանա նահանգի Վիարեջջո քաղաքի համայնքային խորհուրդը, Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։

Իտալիայի Լոմբարդիա ռեգիոնը ընդունել էր բանաձեւ, որով կոչ է անում Իտալիայի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։




Լրահոս