ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ-Ն ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱԿՈԹՈՂՆԵՐ Է ՈՉՆՉԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձեւով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնեւի կոնվենցիայի, ինչպես նաեւ միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների եւ մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու եւ պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, կանխամտածված եւ նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ ոչ ընտրովի հարձակման օբյետներ դարձնելով քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական, հումանիտար եւ մշակութային օբյեկտները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:

 

Այդ շրջանակներում ինչպես ռազմական ակտիվ գործողությունների ընթացքում, այնպես էլ 2020թ. նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատման մասին ՀՀ, ԱՀ եւ ՌԴ-ի միջեւ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները կանխամտածված եւ նպատակային հարձակման են ենթարկել նաեւ հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները՝ ոչնչացնելով, վնասելով կամ պղծելով դրանք: Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, պարբերաբար նպատակային հրետանային հարվածներ հասցնելով, վնասել են ԱՀ Շուշի քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաեւ հետագայում պղծել են եկեղեցու արտաքին եւ ներքին պատերը՝ դրանց վրա կատարելով տարբեր գրառումներ: Բացի այդ, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նմանատիպ վարքագծի զոհ են դարձել նաեւ այլ պատմամշակութային հուշարձաններ, մասնավորապես՝ ԱՀ Ավետարանոց գյուղում գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրերում տեղադրված խաչքարերը, հայ զինվորների գերեզմանոցները եւ նրանց հիշատակին կանգնեցված հուշաքարերը: Հրադադարի հաստատման եռակողմ վերոնշյալ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ոչնչացվել է Շուշի քաղաքի «Կանաչ ժամ»՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթը եւ զանգակատունը: 2020թ. նոյեմբերի 16-ին համացանցում հայտնված տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները պղծել եւ վնասել են ԱՀ Մեխակավան բնակավայրի /Ջաբրահիլ/ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կոտրելով եկղեցու խաչը։ Նույն օրը համացանցում հայտնված լուսանկարի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը պղծել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը՝ նստելով դրա վրա։ Նշված հանգամանքները քննության առարկա են դարձել ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում: Նախաքննության ընթացքում ձեռք բերված վերոնշյալ տվյալները ստուգվում են պատշաճ իրավական ընթացակարգով, ձեռնարկվում են քննչական եւ այլ դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ նմանատիպ այլ դրսեւորումների վերաբերյալ փաստերի հավաքագրման, նշված դեպքերի բոլոր հանգամանքների բացահայտման, պատմական եւ պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանները ոչնչացնելուն, վնասելուն, պղծելուն ուղղված գործողություններ կատարած անձանց ինքնությունը պարզելու, ռազմական հանցագործություններին բնորոշ նման արարքներին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու եւ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով: ՀՀ գլխավոր դատախազությունը նաեւ միջոցներ է ձեռնարկում նշված արձանագրված փաստերի վրա Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպության (UNESCO), ինչպես նաեւ մշակութային արժեքների պաշտպանությամբ եւ պահպանությամբ զբաղվող միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ՝ գնահատական տալու վերոնշյալ հանցավոր դրսեւորումներին, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ անցած, Արցախի Հանրապետության տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող այլ կառույցների, հուշարձանների, առարկաների հնարավոր ոչնչացումը եւ վնասումը կանխելու, դրանց պահպանության եւ պաշտպանության գործուն մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ:

 

 

 

ՈՒԺԵՂԱՑՐԵԼ Է ԽԱՂԱՂԱՊԱՀ ԿՈՆՏԻՆԳԵՆՏԸ

Ռուսաստանն ուժեղացրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ կոնտինգենտը: Երեկ ԼՂՀ է տեղափոխվել հատուկ նշանակության բժշկական ջոկատ, որը ժամանել է Արեւելյան ռազմական օկրուգից: Հակամարտության գոտում հայտնվել են նաեւ նորագույն հայրենական ռադիոէլեկտրոնային պայքարի «Լեեր-3» համալիրներ: Յուրաքանչյուրի կազմում կան մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են տեքստային, աուդիո- եւ վիդեոհաղորդագրություններ ուղարկել բջջային հեռախոսներին: Այդ պատճառով «Լեեր-3»-ն անվանում են բջջային զենք: Այդ ԱԹՍ-ները կօգտագործվեն ոչ թե խոչընդոտների վերացման, այլ մարդասիրական գործողությունների ժամանակ տեղի բնակչությանը զանգվածաբար տեղեկություններ հաղորդելու համար: «Լեեր-3»-ի կազմում ներառված են «Օրլան-10» երեք անօդաչու թռչող սարքեր, որոնք մոդիֆիկացված են ռադիոէլեկտրոնային պայքարի խնդիրների լուծման համար, ինչպես նաեւ ԿամԱԶ-5350-ի բեռնատարի հենք վրա կառավարման կետ:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե հայկական կողմի զինծառայողների դիերի անարգանքի եւ գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին ադրբեջանական զինված ուժերին վերագրվող տեսանյութերի մեծ մասը կեղծ է: Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ու դեռ մի հատ էլ հայտարարվել է, թե քրեական վարույթներ են սկսել, ու մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության: Իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութերի մեծագույն մասն իրականություն է: Դրանք ապացույցի տեսքով հայաստանյան ու արցախյան կողմերն ամրագրել են, ներկայացրել ու շարունակում են ներկայացնել միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Իսկ հիմա մեղավորների պատասխանատվության հարցով.

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է նաեւ, որ այդ դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը պատերազմական հանցագործություններ են: Դրանք կատարել են Ադրբեջանի ոչ թե առանձին վերցված զինվորներ՝ իրարից անկախ, այլ այդ ամենը Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական կազմակերպված քաղաքականության անբաժան մաս է, Ադրբեջանում տարիներով կուտակված ու պետական աջակցությամբ համակարգված հայատյացության արդյունք է: Ավելին, այդ դաժանությունները տարածվել են հայ հասարակությանը հոգեկան տառապանքներ պատճառելու, լարվածություն առաջացնելու դիտավորությամբ ու դրանով սեփական հասարակությունում գովեստների ու թվացյալ «հերոսության» արժանանալու համար։ Այնպես որ, պատասխանատվությունը առանձին զինվորների վրա գցելով չէ, այդ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են»:

 

 

ՀԱՄԱԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ

Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վերջին օրերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Սոցիալական մեդիայի ողջ տիրույթը հեղեղված է կեղծ էջերից հայհոյախառն վիրավորանքներով ու ատելության խոսքով: Հարցը կազմակերպված, կոնկրետ նպատակներով ու թիրախներով հարձակումների մասին է: Նման հարձակումներ պարբերաբար կազմակերպվում են նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ: Մեր հիմնավոր ենթադրությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վերջին օրերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից: Ավելին, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունների արդյունքների՝ այդ պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք: Ստացվում է՝ ըստ էության, գործ ունենք ատելության որջեր կազմակերպելու եւ վարելու հետ:

Այդ պաշտոնյաներին խիստ զգուշացնում եմ անհապաղ դադարեցնել այս ծայրաստիճան վտանգավոր, որեւէ տեսակի իրավական կարգավիճակից չբխող քայլերը, այդ թվում՝ հարձակումները Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ: Ցավոք, այս արատավոր երեւույթը վերջին երկու տարիների ընթացքում ստացավ ծավալների շեշտակի աճ, ձեռք բերեց համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ:

Հույս ունեի, որ այս պատասխանատու օրերին կբացառվեր նման որեւէ զարգացում՝ հաշվի առնելով բոլորիս միասնական ու համախմբված լինելու, միմյանց խոսքի ու արժանապատվության նկատմամբ հարգանքի, բոլոր խնդիրները հենց այդ սկզբունքով լուծելու հրամայականը: Բայց դա ոչ միայն տեղի չունեցավ, այլեւ հիմա գործ ունենք այնպիսի վիճակի հետ, որը կոպտորեն ոտնահարում է մարդկանց հոգեկան անձեռնմխելիությունը՝ որպես Սահմանադրության 25-րդ հոդվածով ուղիղ երաշխավորված իրավունք, վնասակար է հասարակության առողջության ու երկրում համերաշխության մթնոլորտի համար, իսկ այս օրերին կարող է խարխել մեր երկրի անվտանգության հիմքերը»,- գրել է նա։




Լրահոս