Առողջապահական փնթի կառավարում. բացատրագրով ու ոստիկանի ուղեկցությամբ ծնունդ են ընդունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարալիկի առողջության կենտրոն»-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը կլուծարվի: Այս առաջարկով կառավարությանն է դիմել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

Ըստ պաշտոնական պարզաբանման՝ ծառայությունը թերծանրաբեռնված է, կենտրոնն ապահովված չէ մասնագետներով:

«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ զրուցեց բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Հովսեփյանի հետ:

-Տիկին Հովսեփյան, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը լուծարելու մասին նախագիծ է տեղադրվել…

-Անցյալ տարվա դեկտեմբեր ամսից կասեցվել, մերժվել է տվյալ բաժանմունքի պետպատվերի հայտը: Այսինքն պետությունը գումար չի հատկացրել: Դրան հաջորդել է հունվար ամսվա աշխատակիցների ցույցը, բոյկոտը, նրանք դուրս են եկել փողոց, պահանջել են հստակեցնել, որ պետպատվերի հայտը մերժվել է եւ ինչ պետք է լինի իրենց ճակատագիրը: Եկել են մեր բարձրաստիճան այրերը եւ ասել են, որ կան թերություններ բաժանմունքում վերափոխեք, մենք կուղարկենք հանձնախումբ կգան ուսումնասիրություն կանեն: Եւ փետրվարի 17-ին կամ հանձնախումբը եկավ ուսումնասիրություն կատարեց. նշեցին տեղեկանքում, թե որոնք են թերությունները եւ կարգ չշնորհվեց մեր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքին:

-Իսկ այդ թերությունները վերացա՞ն, վերափոխեցի՞ք բաժանմունքը:

-Դե մարտից հասկանում եք, որ Covid-19-ը միացավ, մենք 24 աշխատակիցներ հիվանդացանք կորոնավիրուսով, հոսպիտալացվեցինք, մանացածն էլ ինքնամեկուսացվեցին, կարելի է ասել, գրեթե երկու շաբաթ մենք չաշխատեցինք: Բայց մարզպետի եւ մյուս պատասխանատու բաժինների վարիչների հետ ջանացինք բոլոր այն բացերը, որոնք ստուգման արդյունքում նշվել էին տեղեկանքում դարձնել պլյուս: Այսինքն գտնել, տեղադրել այդ բոլոր սարքավորումները, լրացնել մասնագետների պակասը պայմանագրորեով եւ այլն: Հետո մենք մեր գործը պաշտոնական գրությամբ ներկայացրեցինք մարզպետարան, որն էլ իր հերթին ուղարկեց առողջապահության նախարարություն: Այդ Coviud-19 պայմանավորված առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ այդ ժամանակահատվածում իրենք հանձնախումբ չունեն նմանատիպ ուսւոմնասիրություն իրականացնելու համար: Հետո դրան հաջորդեց պատերազմը:

Փաստացի ստացվեց այնպես, որ պետպատվերի մերժումը դեռ 2019 թվականի դեկտեմբերի 15-ից ու չեղավ կառավարության որոշումը որպես իրավական մի փաստաթուղթ, որի հիման վրա նախկին տնօրենը կարող էր ծանուցել աշխատակիցներին ազատման մասին՝ երկու ամիս առաջ: Այսինքն աշխատողները գալիս են գործի, բայց պետությունը գումար չի տրամադրել, իրենք նաեւ՝ ազատված չեն աշխատանքից, որ չգան:

-Եթե բաժանմունքը վերափոխել եք, այդ դեպքում ինչո՞ւ է կառավարությունը լուծարում բաժանմունքը:

-Թիվ 1 պատճառը, թե ինչու է փակվում մեր բաժանմունքը. մեր ծննդատունը չի ապահովում 150 ծնունդ: Ամենակարեւոր հարցը ծնունդների հարցն է: Բայց մերոնք անցյալ տարի ունեցել են 127 ծնունդ, այսինքն չի հասել այդ նշաձողին: Բայց բաժանմունքը լավ, նորմալ թթվածնով հագեցած է, ջեռուցվում է, ապահովված է սառը, տաք ջրով: Մի խոսքով, մենք եկանք հասանք տարվա 11-րդ ամսին, բայց դեռ մեր խնդիրը քննարկվում է, լուծում չի գտնվել: Այս մարդիկ աշխատավարձ են ուզում, իսկ ես չունեմ աշխատավարձ տալու:

-Քանի՞ աշխատող է գործազուրկ դառնալու:

-Խոսքը 13 աշխատողի մասին է: Մենք բոլորս պայքարում էինք 11 ամիս, որ գործի մեր ծննդաբերական բաժանմունքը, որովհետեւ տարածաշրջանի ազգաբնակչությունը սոցիալապես անապահով է, կարելի է ասել՝ 90 տոկոսը եւ հնարավորություններ չունեն նմանատիպ այլ հիմնարկներ գնալու, այսինքն դա լրացուցիչ ֆինանսական բեռ է: Բոլորին եմ դիմել, տարբեր կառույցներին, բայց տարին ավարտվում է, իսկ մեր հարցը այդպես էլ լուծում չի ստանում ու ինձանից իմ աշխատակիցներն ամեն օր աշխատավարձ են ուզում: Ասում եմ, խնդրում եմ համբերեք:

Նույնիսկ գալիս ասում են դիմում ենք գրում ազատվենք, բայց ես ասում եմ չեմ կարող ազատել, որովհետեւ ես չգիտեմ ոնց պետք է վարձատրեմ, ում աշխատավարձը տամ իրենց: Խոսքը մոտ 15 մլն դրամի մասին է: Մարդիկ եկել են աշխատանքի իրենց չի ծանուցվել աշխատանքի ազատման մասին: Ես իրավական հիմք չեմ տիրապետում, եթե ես չունեմ, մարդուն ազատեմ աշխատանքից մյուս օրը դատարանում եմ հայտնվելու, ինձ հարցնելու են, որ իրավական հիմքով եք ազատել:

-Տիկին Հովսեփյան, կնշեք այս տարի քանի՞ ծնունդ է ընդունել բաժանմունքը:

-Մեզ թույլ չեն տվել ընդունել, բայց հունվար ամսին ընդունել էին 6 ծնունդ ու այդ ցույցերի ընթացքում նախարարությունից եկել ասել էին, որ կստանաք այդ 6 ծնունդի գումարը, իրենք ստացան: Չհաշված որ ազգաբնակչությունը դրամագլուխ էր հավաքել, ես այդ բոլորը գումարեցի իրար եւ հունվար ամսվա աշխատավարձը տվեցի այսպես ասած: Դրանից հետո մեզ չեն թողել ծնունդ ունենանք բայց մենք «էքստրենի» 37 ծնունդ ենք ունեցել, որոնք բացատրագրերով, ոստիկան հրավիրելով բոլորը արձանագրել ենք:

Մարդը դիմել է, այսինքն տեսնում են, որ բաժանմունքի լույսերը վառվում են, իրենց հետաքրքիր չէ պետպատվեր է մերժվել, գալիս են ու ինձ ասում՝ բժշկուհի ջան, ծնունդ է եկել, ասում եմ՝ ընդունեք, ինչ պետք է անեք ու բացատրագիր վերցրեք, ոստիկանին կանչեք թող արձանագրի:

Ես էդ վիճակում այդ ծնունդին ո՞ւր ուղարկեմ, դնե՞մ շտապօգնության մեքենայով ուղարկեմ, բա որ ճանապարհին մի բան լինի, ո՞վ պատասխան կտա նորածնի ու ծննդկանի համար: Բայց, փառք Աստծո, 37 ծնուննդն էլ ողջ առողջ են, ունեն ծննդյան վկայականներ:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս