ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ժողովրդին հղած ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի ներսում գործող հանրահայտ խմբերը, արտաքին ուժերին համընթաց, փորձում են երկրում անիշխանության տպավորություն ստեղծել, քաոս սերմանել՝ նպատակ ունենալով պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս եւ այդ միջոցով վերադառնալ որպես փրկիչ։

 

«Հատկապես վերջին օրերին մենք տեսնում ենք, որ ներհայաստանյան հանրահայտ խմբեր, ընդ որում՝ արտաքին ուժերին համընթաց, նրանք գործում են բավական երկար ժամանակ, ձեզ հայտնի արտաքին ուժերի մասին է խոսքը. մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը: Երեկ, օրինակ, ոմանք բառիս բուն իմաստով խրախճանք, կրկնում եմ, խրախճանք էին նախաձեռնել այն ստահոդ լուրերի ֆոնին, թե Հայաստանի կառավարությունը Գեղարքունիքի մարզից տարածքներ է զիջել Ադրբեջանին», – ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ իշխանությունները թույլ չեն տա նման սցենարի իրականացումը, որովհետեւ դրան դեմ է Հայաստանի քաղաքացին. «Հայաստանում եւ նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, ովքեր փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել, տպավորություն ստեղծել, թե Հայաստանում անիշխանություն է, ովքեր փորձում են քաոս սերմանել մեր երկրում, նրանք ուզում են ուղղակի պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս, ավտոմատների ու հանցավոր խմբերի գործադրմամբ երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձը ապահովելու համար: Ուզում եմ հստակ եւ աներկբա ասել՝ մենք սա թույլ չենք տալու, ոչ թե նրա համար, որ իշխանությունից կառչած ենք, այլ որովհետեւ դա չի ուզում ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, ում հպարտությունը, այո՛, խոցված է, բայց ոչ ոչնչացված»:

Փաշինյանը վերահաստատեց՝ այն իրավիճակում, որում ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների հայտնի հայտարարությունը, եւ որը հրադադար հաստատեց Արցախում, այլ տարբերակ չկար. «Որովհետեւ ցանկացած այլ տարբերակ լինելու էր շատ ավելի վատը: Այլ խնդիր է, թե մենք ինչու հասանք նման կետի, ինչպես հասանք, ինչ հանգամանքներում եւ ժամկետում հասանք, որտեղից մեկնարկեց այդ կետը, ինչ զարգացում ստացավ, ինչ հանգրվաններ ունեցավ: Սրանք հարցեր են, որ անպայման պիտի պատասխան ստանան, եւ ես ամենաշահագրգիռն եմ, որ այս պատասխանները ստացվեն: Բայց դա մանրամասն եւ տեւական աշխատանք է, իսկ այսօր մենք ունենք հրատապ եւ անհետաձգելի հարցեր: Նկատի ունեմ՝ այդ հարցերի պատասխանները դեռ կուսումնասիրվեն, կգտնվեն, բայց այսօր մենք ունենք հրատապ հարցեր, իսկ այդ հարցերից կարեւորագույնը Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում անվտանգություն եւ կայունություն ապահովելն է, եւ դրա համար անհրաժեշտ քայլերից մեկը, որքան էլ դա հաճելի չի հնչում, նոյեմբերի 9-ի համաձայնություններն իրագործելն է»:

Փաշինյանն ասել էր, թե 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, եւ այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում:

Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում, թե ինչ է բանակը, ինչ է պատերազմը եւ երբ ինչ է կատարվել: Այս մասին նշում է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը: Մովսես Հակոբյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Աննա Հակոբյանը հրամանատարական շտաբում Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով է եղել, ասաց, որ թող նախ բացատրեն՝ ինչու էին սկզբում ստել, հետո էլ ասել էին, թե Մովսես Հակոբյանը կորոնավիրուսով է վարակված եղել, դրա համար են հանել, ինչը, նրա խոսքով, այդպես չէր:

Ն. Հ.

 

 

 

ՄԱՆԴԱՏԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ նիստ է հրավիրել, որի օրակարգում են ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատ եւ Երեւանի ավագանու մանդատ տրամադրելու հարցերը: ՀՀ ԱԺ պատգամավորի թափուր մանդատ առաջացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի կողմից մանդատը վայր դնելու հետեւանքով: Հաշվի առնելով, որ Աբրահամյանը իր հայտարարությունից 7 օր անց մանդատը հետ վերցնելու որոշում չի կայացրել, ԿԸՀ-ն նրա մանդատը կփոխանցի «Իմ քայլը» դաշինքի ցուցակի հաջորդ համարին:  Տվյալ դեպքում խոսքը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Զարուհի Մաթեւոսյանի մասին է: Հիշեցնենք, որ մանդատը վայր է դրել նաեւ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, եւ առաջիկայում նրա մանդատը կփոխանցվի ուրիշին: Զարուհի Մաթեւոսյանից հետո ցուցակում հաջորդը Երեւանի ավագանու անդամ Մեսրոպ Պապիկյանն է, որը տեղեկացրել է, որ չի վերցնի խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թափուր մնացած մանդատը: Ավելին՝ Պապիկյանը տեղեկացրել է, որ հրաժարվել է նաեւ Երեւանի ավագանու անդամի մանդատից ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու որոշում է կայացրել: Պապիկյանից հետո ցուցակում հաջորդը Հայկ Ցիրունյանն է: Նա եւս Երեւանի ավագանու անդամ է:

 

 

 

ԿԵՏԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ

Մարտական հերթապահության իրականացման նպատակով նոյեմբերի 27-ին Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում: Պետական սահմանի սահմանագծումը եւ սահմանազատումը տեւական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջեւ ձեւավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի կողմից միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ:

 

 

 

ՏԱՐՀԱՆՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

Արցախի Քաշաթաղի շրջանի  Բերձոր, Աղավնո եւ Սուս համայնքներում տարհանումը դադարեցվել է: Այս բնակավայրերը կմնան  հայկական: Այս մասին տեղեկացրել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը: «Այս պահին առանց հստակեցնելու  կարող եմ ասել,  որ պայմանավորվածություններ են փոխվել, անվտանգության երաշխիքներ ենք ստացել: Իմ անմիջական պատասխանատվության ներքո այս բնակավայրերում իրականացվող տարհանումը դադարեցրել ենք եւ մնալու ենք տեղում»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը:

 

 

 

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվ երկխոսության մեջ է գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը՝ բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

 

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, ռուս խաղաղապահների գործունեության եւ ԼՂ-ում մարդասիրական առաքելության խնդիրները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին: «Զրույց է տեղի ունեցել ռուս խաղաղապահների գործունեության եւ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական առաքելության աշխատանքի մասին»,- ասել է Պեսկովը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասն արդեն տեղակայվել է Արցախում։

 




Լրահոս