Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրությանը եւ վճռականորեն հրավիրում է հատկապես մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այն հիմնախնդրի վրա, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողությունների առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի եւ դիերի փոխանակման գործընթացները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:
«Հենց այս նպատակով ադրբեջանական իշխանությունները, որպես պատճառաբանություն, մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից՝ ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնեւյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։
Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս ամենով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, խաթարել հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների ու գերիների ընտանիքների անդամներին: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները վկայում են, որ սա ատելության կազմակերպված քարոզի արդյունք է, խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի համակարգված քաղաքականության անբաժան մասը։
Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած, մշտապես արձանագրել է, որ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակումներն ուղեկցվել են խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքով, խաղաղ բնակավայրերի զանգվածային ավերվածություններով, մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումներով, որոնք տեղի են ունեցել վարձկան ջհադիստների ու ահաբեկիչների օգտագործմամբ եւ ատելության կազմակերպված քարոզով:
Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում, ինչպես նաեւ այդ գործողությունների ավարտից հետո լրատվամիջոցների ու հատկապես սոցիալական մեդիայի ադրբեջանական աղբյուրներից անընդհատ հրապարակվում են տեսանյութեր ու լուսանկարներ այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերն անարգանքի ենթարկում հայկական կողմի զինծառայողների դիերը, խոշտանգում ու նվաստացնում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։ Այս ամենն ուղեկցվում է հրճվանք ապրող ադրբեջանական մեկնաբանություններով (այս հետեւությունների ապացույցներն ամրագրված են): Սա 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական գործադրած մեթոդների անբաժանելի մասն է: Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում ակնհայտ էր, որ ադրբեջանական իշխանությունները խրախուսում են այս դաժանություններն ու նվաստացումները՝ նպատակ ունենալով Ադրբեջանում բորբոքել էթնիկ հայերի նկատմամբ ատելություն ու թշնամանք, հերոսացնել դրանք կատարողներին: Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունների արդյունքները հաստատում են, որ մարդկային երեւակայության մեջ որեւէ կերպ չտեղավորվող եւ միջազգային բոլոր պահանջներին հակասող այս արատավոր երեւույթներն ունեն համակարգված եւ համատարած բնույթ՝ սկսած քաղաքական իշխանության մարմիններից մինչեւ մշակույթի ու սպորտի գործիչներ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տիրապետում է նաեւ այս փաստերը հաստատող անհրաժեշտ ապացույցների:
Պատերազմական գործողությունների ավարտից հետո հայկական կողմի գերեվարվածների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը նոր դրսեւորումներ են ստացել. զգալիորեն աճել են դրանց թիվն ու տարածման ծավալները, ինչպես նաեւ դաժանության աստիճանը: Ակնհայտ է, որ խոշտանգումներ ու դաժանություններ կատարողներն ու տեսանկարահանողներն ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն են, ում արարքները միայն խրախուսվում են:
Ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը եւ նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ հրատապ լուծում պահանջող խնդիր։ Հետեւաբար, դիմում եմ միջազգային հանրությանը ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող արտերկրյա կառույցներին. անհրաժեշտ է առավելագույն հնարավորություններով ու իրական քայլերով հրատապ լուծել այս խնդիրը՝ պատերազմական ամենածանր հանցագործություններից ու անմարդկային, դաժան գերությունից մարդկանց ազատելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԿԱՍԿԱԾՆԵՐ ԿԱՆ
«Կան կասկածներ Բաքվում հայ գերիների մասնակցությամբ զորահանդես կազմակերպելու մասին: Այդպիսի տեղեկություններ լսել եմ, բայց չեմ կարող ասել, թե որքանով են դրանք հավաստի»,-«Գերիներ ու անհետ կորածներ. ո՞վ է զբաղվում նրանցով» քննարկման ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Հաշվի առնելով նախընթաց գործընթացները, ադրբեջանական ձեռագիրը, նաեւ հայատյացության մթնոլորտն Ադրբեջանում, որը լայնորեն խրախուսվում է հենց իշխանությունների կողմից, տեսականորեն չեմ կարող բացառել, որ դա տեղի կունենա: Բայց հույս ունեմ, որ ռացիոնալ առումով իրենց համար դա լուրջ հարված կլինի միջազգային հեղինակության տեսանկյունից, եւ չեն գնա այդ քայլին»,-նշել է նա՝ հավելելով, որ այնքան էլ լավատես չէ այն հարցում, թե միջազգային հանրությունը կկատարի իր պարտավորությունները:
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ մարտական գործողությունները տեղի են ունեցել այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, կարելի է ենթադրել, որ իրենց վերահսկողության ներքո ավելի շատ հայկական դիեր կան, քան մեր վերահսկողության ներքո՝ ադրբեջանական դիեր. «Բայց ունենք տարբեր տեղեկություններ, ըստ որոնց՝ իրենք տարբեր տեղերից հավաքել են հայկական մարմինները, պահել եւ անընդհատ ժամանակ են ձգում՝ այդպիսով չկատարելով ինչպես միջազգային պարտավորությունները, այնպես էլ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»։
Ըստ Բեգլարյանի՝ անհետ կորածների մասին բաց աղբյուրներով հրապարակված շատ տվյալներ կան, բայց շատ են նաեւ միտումնավոր կամ ոչ միտումնավոր սպեկուլացիաները. «Վերջին օրերին մեր փրկարար ծառայությունը Կարմիր խաչի եւ խաղաղապահների հետ այցելել է որոշ տեղեր, այդ թվում՝ հարավային թեւի՝ Հադրութի շրջանի բնակավայրեր, բայց արդյունքում ոչ մեկին չեն գտել եւ նաեւ մարմին չեն գտել: Սրանից ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը նախօրոք հավաքել է մարմինները, հետո միայն մեզ թույլատրել, որ մտնենք ու որոնենք»։
Արցախի ՄԻՊ-ի կարծիքով՝ Ադրբեջանը ժամանակ է ձգում՝ նպատակ ունենալով ազդել ներհայկական լարվածության վրա եւ խորացնել հոգեբանական տառապանքները հայության շրջանում: Նաեւ այդ պատճառով է, որ առ այսօր շարունակում է գերիների եւ դիերի վերաբերյալ անմարդկային տեսանյութերի, լուսնակարների տարածումը. «Այս տեսանկյունից միջազգային հանրությունը եւ միջնորդ կողմերը շատ մեծ անելիքներ ունեն, պետք է առավելագույնս ճնշեն, որ այս մարդասիրական հարցերը չդարձվեն քաղաքական առեւտրի հարցեր, եւ, միանշանակ, մեր կառավարություններն էլ պետք է իրենց լիազորությունների եւ կարողությունների շրջանակում կատարեն առավելագույնը, որ գտնեն անհետ կորածներին, հետ բերեն դիերը եւ գերիներին»։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՆ
ՀՀ զինված ուժերի կարիքների համար իրականացվող պետական գնումներում հնարավոր կոռուպցիոն դրսեւորումների, ռիսկերի վերաբերյալ վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով եւ սոցիալական ցանցերի միջոցով արվել են հանրային որոշակի քննարկումների տեղիք տված հրապարակումներ: Նկատի ունենալով, որ դրանց հետ կապված որոշակի հարցադրումներ են ուղղվում նաեւ ՀՀ դատախազությանը՝ դատախազությունից հարկ են համարում տեղեկացնել, որ ՀՀ զինվորական դատախազությունը շարունակում է իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնել պաշտպանության ոլորտում պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության բնագավառում:
Այդ համատեքստում ՀՀ զինվորական դատախազությունն արդեն իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունից պահանջել եւ ստացել էր զինված ուժերի կարիքների համար, այդ թվում՝ նաեւ ռազմական դրության պայմաններում իրականացվող (ներառյալ հանդերձանքի եւ, մասնավորապես, ճտքավոր կոշիկների) պետական գնումների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը: Դրանցում առկա տեղեկատվության վերլուծության արդյունքում այդ փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին՝ ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու եւ հետագա ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
ԿՐԿԻՆ ՊՆ-Ի ԴԻՄԱՑ
Զինծառայողների հարազատները երեկ՝ ՊՆ-ի դիմաց ակցիա անելուց հետո, շարժվել են Կառավարություն: Նրանք անհանգստացած են իրենց երեխաների կյանքի համար, պահանջում են, որ վերադարձնեն Հայաստան կամ կեցության նորմալ պայմաններ ապահովեն։ «Իրենք ամեն անգամ զանգելուց ասում են՝ ի՞նչ նորություն կա, ու մենք ամաչում ենք, որ ոչ մի նորություն չունենք իրենց համար։ Ամաչում ենք, որ մենք էստեղ ազատ ման ենք գալիս, բայց չենք կարողանում իրենց համար մի բան անել, որ իրենց համար անվտանգ լինի։ Մենք պառկում ենք քնելու ու մեզ մեղադրում ենք, թե ինչու ենք մենք անկողնում պառկել, եթե երեխաները հողերի վրա են քնում»,- ասել են ակցիայի մասնակիցները: Նրանք հույս ունեն, որ Կառավարությունից իրենց կընդունեն։ Կսպասեն այնքան, մինչեւ իրավասու ինչ-որ մեկն իրենց ընդունի։