ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի եւ ԱՀ-ի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու եւ ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել պատերազմ վարելու առաջին իսկ օրվանից Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող, նյութական հատուցում ստանալու նպատակով հատուկ հավաքագրված անձանց՝ վարձկանների հավաքագրելու եւ օգտագործելու վերաբերյալ:

 

Այս մասին հայտնում են դատախազությունից։

Վերջիններս իրականացրել են միջազգային ահաբեկչություն օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով, պայթյունի, հրկիզման եւ այլ նմանօրինակ գործողությունների կազմակերպմամբ ու իրականացմամբ, շարունակել են մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ եւ հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն եւ վնասելուն ուղղված գործողությունները:

Վերոգրյալի հիման վրա՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, քրեական գործի նյութերով՝ միջազգային ահաբեկչության դեպքի առթիվ, հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը միացվել է Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով 2020թ. հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմին մասնակցող վարձկան՝ 1988թ. ծնված, ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Սարմադի քաղաքին հարակից Աթմի գյուղի բնակիչ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին, իսկ  նոյեմբերի 2-ին՝ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Իդլիբ նահանգի Ջսեր Ալ Շահուր քաղաքի Ալ Զիեդիե գյուղի բնակիչ 03.05.1975թ. ծնված Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին:

Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 3-րդ մասի 1-ին կետով, 395-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 3-րդ մասի 1-ին կետով, 395-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաեւ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած ռազմական գործողություններին մի շարք այլ վարձկանների մասնակցության, մասնավորապես՝ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Ահմադ Ալ-Տայեբի /35 տարեկան, բնակվում է թուրքական Ռեյհանիյը քաղաքում/, Աբու Սթեֆ Ալ-Հինդավիի /35 տարեկան/, Աբու Դիաբ Հալաբիի /30 տարեկան/  վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռք բերված օբյեկտիվ ապացույցները հիմնավորում են  պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանի Հանրապետության տարածքում միջազգային ահաբեկչական խմբավորությունների անդամ ծայրահեղական ահաբեկիչների, վարձկանների ներկայությունը եւ Ադրբեջանի ԶՈՒ կազմում ակտիվ մասնակցությունը ռազմական գործողություններին եւ Արցախի բնակչության դեմ իրականացված ռազմական հանցագործություններին: Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ՀՀ, ԱՀ եւ ՌԴ ղեկավարների համատեղ եռակողմ հայտարարության ընդունումից հետո առկա չէ որեւէ տվյալ՝ հակամարտության գոտուց վերջիններիս հեռացվելու վերաբերյալ: Ավելին՝ ըստ հրապարակվող տեղեկությունների՝ միջոցներ են ձեռնարկվում ահաբեկչական խմբավորումների տեղակայման եւ վարձկանների հավաքագրման հիմնական կենտրոններից մեկը հանդիսացող Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային շրջաններից կազմակերպված ձեւով անձանց Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներ տեղափոխման եւ հաստատման վերաբերյալ: Վերջինս, իրականությանը համապատասխանելու դեպքում, ըստ էության, կարելի է գնահատել որպես տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների կենտրոնացման, դրանով իսկ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության բնակչության, տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության եւ կայունության սպառնալիքների մեծացմանը, հարաբերական խաղաղության խաթարմանը միտված քայլ:

ՀՀ գլխավոր դատախազությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով լայն համագործակցություն ծավալելու միջազգային ահաբեկչության տարածման, տարածաշրջանում ահաբեկչական նոր կենտրոնների ստեղծման եւ ամրապնդման փորձերը կանխելու, դրանցում ներգրավվող անձանց հայտնաբերելու եւ պարտադիր պատասխանատվության ենթարկելու հարցում:

 

 

 

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է

Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը երեկ Երեւան է ժամանել: Այդ ինքնաթիռով եկել են նաեւ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Էրիկ Շըվալյեն, ինչպես նաեւ ՀԿ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆը: Վաղը «Էրեբունի» բժշկական կենտրոնին եւ Այրվածքաբանության ազգային կենտրոնին կհանձնվեն բժշկական օգնությունները: Դրանից հետո Ֆրանսիայի դեսպանությունում ասուլիսով կամփոփվի աշխատանքը, կներկայացվեն նաեւ ապագա ծրագրերը: Ֆրանսիայից մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երեւան էր ուղեւորվել նոյեմբերի 22-ին: Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի վարձակալած ինքնաթիռը բերել էր բժշկական սարքավորումներ եւ դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու նպատակով, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող, Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար:

 

 

ԱՋԱԿՑՈՒՄ Է ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ որպես չեզոք կառույց, աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում, սակայն որոշումները կայացնում են հակամարտության կողմերը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, պատասխանել է այն հարցին, թե, ի վերջո, երբ է իրականացվելու գերիների փոխանակումը, եւ ինչ դեր ունի ԿԽՄԿ-ն այդ հարցում. «Երբ է իրականացվելու եւ ինչպես՝ որոշելու են կողմերը: Մենք օգնում ենք կողմերին համաձայնության  գալ այդ հարցում, սակայն առաջարկները, որոշումները, ժամկետները որոշում են հակամարտության կողմերը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այդ հարցում որեւէ բան չի որոշում»: Նրա խոսքով՝ որպես չեզոք միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության դերն է ստուգել յուրաքանչյուր կողմում անձանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ: «Հոկտեմբերից սկսած՝ համապատասխան իշխանության կողմից հաստատում ստանալով՝ մեր կազմակերպությունը շարունակում է այցելել մի շարք անձանց. դրանց մեջ են ե՛ւ քաղաքացիական անձինք, ե՛ւ զինվորականներ:  Կան մարդիկ, ովքեր անազատության մեջ են եւ իրավունք ունեն կապ պահել իրենց հարազատների հետ, մենք աջակցում ենք, որպեսզի իրենք այդ կապը ունենան, առողջական վիճակին ենք հետեւում, սակայն այդ անձինք երբ պետք է վերադարձվեն, նման որոշումներ կայացնում են հակամարտության կողմերը եւ իրենք են որոշում բոլոր տեսակի հարցերը՝ կապված այդ համաձայնության հետ, մենք օգնում ենք այդ համաձայնությանը՝ միջնորդելով որպես կառույց, որպեսզի կարողանան այդ եզրերը գտնել»,- ասել է նա:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Տավուշի մարզպետին փոխարինող մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը նոյեմբերի 18-ին  որոշում է ընդունել 2020թ. պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից 19 քաղաքացիների սոցիալական աջակցության նպատակով ընդհանուր 700 հազար դրամ միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին. Թաթուլ Ստեփանյանի նոյեմբերի 23-ի որոշմամբ՝ 6 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 380 հազար դրամ օգնություն։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված չէ այդ որոշման հավելվածը, դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները, թե սոցիալական աջակցություն սատացած քաղաքացիներից  յուրաքանչյուրը որքան  ֆինանսական օգնություն է ստացել։ Մարզպետի տեղակալ Թ. Ստեփանյանը նոյեմբերի 18-ին որոշում է ընդունել Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետեւանքով զոհված 6 քաղաքացիների հուղարկավորման ծախսերի փոխհատուցման նպատակով 720 հազար դրամ փոխանցել «Եդեմ-1» ՍՊԸ-ին։ Նոյեմբերի 24-ին մարզպետի տեղակալը որոշում է  ընդունել Արցախում զոհված 7 քաղաքացիների հուղարկավորման ծախսերի փոխհատուցման նպատակով  520 հազար դրամ փոխանցել «Եդեմ-1» ՍՊԸ-ին, 240 հազար դրամ փոխանցել «Հայկ Սարդարյան» ԱՁ-ին եւ 285 հազար դրամ ՝ «Սամվել Էվինյան» ԱՁ-ին։

 

 

ԴՍՏԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ

Իջեւան քաղաքի բնակիչ Գեղեցիկ Արսենի Օթարյանին մեղադրանք է աաջադրվել այն բանի համար, որ նա իր դստեր՝ Սյուզաննա Խոջայանի լուսանկարներն այլ անձանց ուղարկելու  հարցի շուրջ Իջեւանի քաղաքի Անկախության փողոցի 21/9 հասցեում 2020թ. մայիսի 23-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, վիճաբանել է նույն տան բնակչուհիներ Սիրանուշ Մուքայելյանի եւ նրա մոր՝ Գոհար Ղազարյանի հետ, որի ընթացքում հարվածներ է հասցրել բնակչուհիներ Ս. Մուքայելյանի եւ Գ. Ղազարյանի գլխի շրջանում՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ցավ։  Գեղեցիկ Օթարյանին 2 դրվագով  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենքսգրքի 188 հոդվածով («Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը»)։ Սույն  հոդվածով բնութագրվող հանցանքի համար որպես պատիժ  նախատեսվում է   տուգանք՝ նվազագույն  աշխատավարձի  առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Գ. Օթարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս