ԱՅԼԵՎՍ ՍՈԹՔԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին։ Աշխատակիցների համար անհասկանալի է՝ արդյոք իրենք շարունակելու են աշխատել Սոթքի հանքում, թե ոչ։

 

Նրանց հետ հանդիպել է Աժ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա փորձել է հասկանալ իրավիճակը։ Պատգամավորը նշել է, որ Սոթքի հանքը, իր տեղեկություններով, շարունակելու է շահագործվել։ «Մենք շատ լավ գիտենք, որ պատերազմի օրերին Քարվաճառի շրջանում մեր զինվորականները եւ կամավորներն իսկապես մաքառել են եւ մի սանտիմետր չեն նահանջել: Ընթացքում եղել է, որ թշնամին կարողացել է ճեղքել առաջնագիծը, բայց շպրտվել են, մեր տղաները հերոսաբար մարտնչել են: Նրանց համար շատ ցավալի է, որ 44 օր իրենց կյանքի գնով, ընկերների արյան գնով ամբողջ տարածքը պահել են, ու մենք, ըստ էության, մի փաստաթղթով հանձնեցինք այս տարածքը: Իմ այցի նպատակն այն է, որ մարդկանց խնդրեմ՝ մի քիչ համբերեն»,- ասել է Թ. Թոմասյանն ու հավելել, որ դեռ վաղուց էր Կառավարությանը դիմել Սոթքի վերաբերյալ անհանգստությունների հարցով, սակայն մինչ այսօր որեւէ պատասխան չի ստացել: Ըստ պատգամավորի՝ բանավոր հավաստիացումներ կան, որ հանքը շարունակելու է գործել, բայց պետք է աշխատել այն ուղղությամբ, որ հանքը կարողանանք ամբողջությամբ շահագործել: Աշխատակիցների խոսքով՝ իրենց կանչել են գործի, ապա չեն թողել աշխատել:  «Ես հանք չեմ հասել, առավոտյան իմ ընկերներն ասացին՝ մեզ կանչել են, արի գնանք, մեկ էլ ճանապարհի կեսից զանգեցին, ասացին՝ այսօր չենք աշխատում, հլը որ գնացեք տուն, ու էդպես իջանք»,- ասել է աշխատակից Գրիգոր Դանիելյանը։ Ըստ նրա՝ պարզ չէ նաեւ, թե ինչքան ժամանակ չեն աշխատի։ Հանքի աշխատակիցները նախօրեին՝ մինչեւ ժամը 16։00-ն, աշխատել են, դրանից հետո աշխատանքները դադարեցվել են, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ են անում։ «Մենք չենք տեսել, թե ադրբեջանցիները ոնց են եկել, մենք առանձին տեղ էինք, բայց մեզնից հետո իրենք բարձրացել են հանքի տարածք. իրենց ասելով՝ դա իրենցն է»,- ասել է նա: Վերջինս մոտ երկու տարի է, ինչ աշխատում է հանքավայրում։ Ասում է՝ Աստված չանի, եթե հանքը փակվի, ինքը անգործ չի մնա, հողագործությամբ էլ է զբաղվում:

«Այսօր ես պետք է աշխատանքի գնայի, սակայն չթողեցին. թուրքերն արդեն կանգնած էին: Թուրքերը Վարդենիսում մեր ծառաներն էին, այսօր թուրքը եկել, մեզ կարգադրություն է անում, չի թողնում աշխատենք: Սրա մասին պետք էր շուտ մտածել: Քարվաճառը հայերի ձեռքում էր, ինչի՞ տվեցինք: Թուրքի ոտքը որտեղ էլ մտնի, կռմբակոծի. թե ինչի էին մեր զինվորները 7 հոգի, ես չգիտեմ: Հիմա թուրքը, այնտեղ կանգնած, հանգիստ խոսում է, մեր տերն ո՞վ է: Եթե հանքը չշահագործվի, եւ իրավիճակը չկարգավորվի, ապա իրենց ապրելն անիմաստ է»,-ասել է Վարդենիսի բնակիչ, Սոթքի հանքավայրի աշխատակից Աշոտ Գրիգորյանը: Ըստ նրա՝ խնդրի լուծումը Քարվաճառն ազատելն ու հանգիստ կյանքին վերադառնալն է: Նշենք, որ դեպքի վայրում էին նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանն ու Շաքե Իսայանը: Ըստ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ բացարձակ հասկանալի չէ, թե Նիկոլ Փաշինյանի ստորագրած այդ եռակողմ փաստաթղթից հետո ինչու ենք մենք օրական այսպես տեղեկանում, որ այս գյուղը եւս պետք է հանձնվի, այս հատվածը եւս պետք է հանձնվի: «Վատն այն է, որ սոթքեցիները մեզ ուղարկում են տեղեկություններ, թե ինչպես են թուրքերը, թուրքերեն խոսելով, դարպասներից ներս մտնում, նույն պահին վարչապետի օգնականն ասում է՝ սուտ է, չկա նման բան, ՊՆ-ն հայտարարում է՝ սուտ է, չկա նման բան, հետո մարզպետն է ասում, որ սուտ է, Վարդենիսի քաղաքապետը ասում է՝ սուտ չէ, Սոթքի համայնքապետը հաստատում է»,-նշել է Ն. Զոհրաբյանը: Սոթքի ոսկու հանքավայրի տարածք այցելած պատգամավորները հանդիպել են բանակային կորպուսի հրամանատարի հետ: Հանդիպումից հետո ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպումից շատ մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ ռազմական գաղտնիք է պարունակում:

«Պաշտոնապես ստացանք հավաստիացումներ գեներալի կողմից, որ սահմանն ամբողջությամբ գտնվում է մեր վերահսկողության տակ: Մենք արդեն դիրքավորվել ենք: Նախկին անհասկացվածությունը, որ եղել էր, մենք ոնց որ մի փոքր այլ դիրքում էինք եղել, հիմա շտկվել է: Այնպես չէ, որ մենք դիրք ենք զիջել, մենք ամբողջությամբ պաշտպանում ենք ՀՀ սահմանը ավելի հոծ թվով զինվորականներով»,- ասաց Թովմասյանը: Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի զինվորականները մտել են Սոթքի հանքավայրի տարածք եւ հայերից պահանջել լքել տարածքը, քանի որ այն այլեւս Ադրբեջանի վերահսկողության տակ է։ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը շտապել էին հերքել այս տեղեկությունները՝ վստահեցնելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ավելի ուշ, սակայն, տարածվեցին տեսանյութեր՝ ինչպես են ադրբեջանական ավտոմեքենաները շարժվում դեպի Հայաստանի տարածք, ինչպես նաեւ կադրեր արդեն Սոթքի հանքավայրից, որտեղ երեւում էին ադրբեջանցի զինվորականները։ Դրանից հետո ՊՆ-ն արդեն չէր հերքում այս տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանցիները ոչ թե ներխուժել են հանքի տարածք, այլ պարզապես եկել են հայերի եւ ռուսների հետ համատեղ հայ-ադրբեջանական սահմանի պաշտոնական սահմանազատում անելու։ Ավելի ուշ ՊՆ ներկայացուցիչը, ինչպես նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ Սոթքի հանքավայրի մի մասն անցնելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։

Ն. ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

ՆԱՀԱՏԱԿՎԱԾն ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ: Պահեստազորային Նավասարդյան Ալեն Արտակի, ծնվ. 1989թ.; պահեստազորային Սարգսյան Նորայր Փայլակի, ծնվ. 1967թ.; պահեստազորային Առաքելյան Արմեն Ալիքի, ծնվ. 1996թ.; կամավորական Սառիկյան Գագիկ Պարգեւի, ծնվ. 1967թ.; Մանուկյան Գերասիմ Արտյոմի, ծնվ. 2001թ.; Գարսեւանյան Թաթուլ Մխիթարի, ծնվ. 2001թ.; Բադալյան Տիգրան Դավթի, ծնվ. 2001թ.; Սարգսյան Մովսես Կարենի, ծնվ. 2001թ.; Կարապետյան Գագիկ Կարենի, ծնվ. 2001թ.; Սահակյան Արամ Մանվելի, ծնվ. 2001թ.; Առուստամյան Արմեն Պավելի, ծնվ. 2001թ.; կամավորական Վիրաբյան Արթուր Իվանի, ծնվ. 1992թ.; Բալասյան Նարեկ Վիկտորի, ծնվ. 2002թ.; կամավորական Կարապետյան Էմին Ռուդիկի, ծնվ. 1990թ.; Շահնազարյան Դավիթ Դարչոյի, ծնվ. 2000թ.; Ասատրյան Վահե Թովմասի, ծնվ. 2001թ.; Մխոյան Սերյոժա Լյուդվիգի, ծնվ. 2002թ.; Մալխասյան Գագիկ Արթուրի, ծնվ. 2001թ.; Հայրապետյան Հարություն Արթուրի, ծնվ. 1996թ.; Թորոսյան Արամ Տարոնի, ծնվ. 2002թ.; կամավորական Մխիթարյան Տիգրան Գառնիկի, ծնվ. 1994թ.; պահեստազորային Տոնյան Խաչատուր Մակիչի, ծնվ. 1994թ.; Մարտիրոսյան Դմիտրի Վասիլի, ծնվ. 2000թ.; Սիմոնյան Գոռ Գարիկի, ծնվ. 2000թ.; Հարությունյան Մանվել Միշայի, ծնվ. 2001թ.; Սիմոնյան Վազգեն Սիմոնի, ծնվ. 2001թ.; Հակոբյան Արթուր Գրիգորի, ծնվ. 2002թ.; Բարսեղյան Վահագն Տիգրանի, ծնվ. 2002թ.; Գեւորգյան Արման Արթուրի, ծնվ. 2002թ.; կամավորական Հասրաթյան Սուրեն Բագրատի, ծնվ. 1960թ.; կամավորական Մարգարյան Սամվել Սերգեյի, ծնվ. 1981թ.; կամավորական Ղազարյան Արկադի Հրայրի, ծնվ. 1977թ.; կամավորական Ավագիմյան Արտակ Վլադիմիրի, 1980թ.; կամավորական Սարգսյան Ռոբերտ Կարապետի, ծնվ. 1992թ.: Մինչ այս Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր 1678 զոհի անուն: Նոյեմբերի 18-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ մինչ օրս դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2425 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաեւ չճանաչվածներ:

 

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:49-ին, գրանցվել է հյուսիսային լայնության 40.27օ եւ արեւելյան երկայնության 45.85օ աշխարհագրական կոորդինատներով, Հայաստան՝ Սոթք գյուղից 7 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

 

 

1476 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 1476 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 132 346 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 502 607, վերջին մեկ օրում` 3656 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 24580 պացիենտ. մեկ օրում նվազել է 648-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 105 149 անձ, վերջին մեկ օրում՝ 2094 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 2090 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 527 է:

 

 

 

ԼՂ-ՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵԼ ԵՆ ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ԱՌԱՐԿԱՆԵՐ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության եւ տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Ռուսական ինժեներական ստորաբաժանումները իրականացնում են ինժեներական հետախուզություն եւ ընդհանուր օգտագործման ճանապարհների եւ տեղանքի ականազերծում խաղաղապահական դիտակետերի միջեւ ընկած հատվածներում, բնակավայրերի մոտակայքում եւ սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներում:

Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները իրականացրել են ինժեներական հետախուզություն եւ պայթյունավտանգ առարկաների վնասազերծում Ստեփանակերտ քաղաքի հարավում՝ 1.5 կիլոմետր հատվածում: Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան եւ ոչնչացվել:

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ընդհանուր առմամբ ինժեներական ստորաբաժումներն ականազերծել են երկու հեկտար տարածք եւ շուրջ երեք կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել ու վնասազերծել են 144 պայթյունավտանգ առարկա:

 

 




Լրահոս