Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամներին՝ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը նշել է, որ ընթացիկ շրջափուլն Արցախի պատմության ամենածանր ժամանակահատվածներից է, և ձևավորված օրակարգի խնդիրները հաղթահարելու, ինչպես նաև հայ ժողովրդի հարատևությունը սեփական հողի վրա ապահովելու նպատակով այսօր առավել, քան երբևէ պետք է համախմբել բոլոր կարող ուժերը: Նախագահ Հարությունյանը հատուկ շնորհակալություն է հայտնել պատերազմական ծանր օրերին «Ազգային վերածնունդ» կուսակցության դրսևորած բարձր քաղաքացիական գիտակցության և մարտական գործողություններին ունեցած մասնակցության համար, և ընդգծել, որ հանդիպման նպատակը Հայրենիքի առջև ծառացած խնդիրների հաղթահարման ուղիները քննարկելն է: Նա նաև պատրաստակամություն է հայտնել կուսակցության հետ կիսելու երկրի կառավարման քաղաքական պատասխանատվությունը:
Հայկ Խանումյանը հանդիպման համար շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ նշելով, որ կուսակցությունը պատրաստ է պետականաշինության հետագա գործընթացին անմիջական մասնակցություն ունենալու: