Նարեկ Սարգսյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի` Նարեկ Սարգսյանը ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Դատախազ Արամ Արամյանը այժմ ներկայացրեց քրեական գործի մեղադրական եզրակացությունը:

Ըստ մեղադրական եզրակացության` Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում պահել է ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի ակուսափող հրազենի փամփուշտներ, այնուհետև դրանք, թաքցնելով պայուսակների մեջ` ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանի հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Հայրապետի Պետրոսյանին պայուսակները փոխադրել և պահել իր կողմից նախապես վարձակալած`Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանում, որոնք 25.06.2018 թվականի Արտեմ Պետրոսյանի միջոցով Նարեկ Սարգսյանից ստացած ցուցումով, Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի կողմից այդ տարածքում պահելու նպատակով Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանից փոխադրելու ընթացքում հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Նույն ժամանակահատվածում, Նարեկ Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակով անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և իրեն պատկանող Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինի պահել է 0,1 գրամ խոշոր չափի թմրամիջոցներ, այնուհետև դրանք առանց իրացնելու նպատակով, ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանին հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Հայրապետի Պետրոսյանին որպեսզի պայուսակում թաքցված վերը նշված թմրամիջոցները փոխադրի և պահի իր կողմից նախապես վարձկալած` Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանում, որոնք 25.06.2018թ. Արտեմ Պետրոսյանի միջոցով ստացած` Նարեկ Սարգսյանի ցուցումով, Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի կողմից այլ տարածքում պահելու նպատակով Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանից փոխադրելու ընթացքում հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ինչպես նաև Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակով, անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և Երևան քաղաքի Արտաշատի խճուղի 67/1 հասցեի գտնվող իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանում առկա դարչնավուն երանգի, թղթյա փաթեթի մեջ գտնվող, կաշվե պատյանին նմանվող առարկայի մեջ առկա սև գույնի կափարիչով, դարչնավուն երանգի, թափանցիկ, ապակյա տարայի մեջ ապօրինի պահել է խոշոր չափերի 0,031 գրամ մաքուր քաշով կոկային տեսակի թմրամիջոց կոկային տեսակի թմրամիջոցի հետևանքով մետաղական կառուցվածքի, գլանաձև առարկա, ինչպես նաև կոկոյին տեսակի թմրամիջոցի հետքերով մետաղական կառուցվածքի, ուղանկյունաձև առարկա, որոնք 04.07.2018թ. կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Բացի այդ, նա, նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, շահադիտական դրդումներով կազմակերպել և ղեկավարել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով սպառնալիքով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ զուգորդված անձի առևանգումը:

Նարեկ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել արագացված դատաքննության կարգով գործը քննել: Դատավոր Վահե Միսակյանը ներկայացրեց արագացված դատաքննության կարգով գործի քննության առանձնահատկությունները: Դատախազ Արամյանը իր հերթին նշեց, որ պետք է միջնորդության լուծումը հետաձգվի, քանի որ գտնում է, որ անհրաժեշտ է լսել նաև տուժողի դիրքորոշումը: Դատարանը հետաձգեց միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելը, քանի որ տուժողը նույնպես պետք է դիրքորոշումը հայտնի հարցի վերաբերյալ, սակայն նա չէր ներկայացել դատական նիստին: Դատարանը հետատձգեց դատական նիստը, այն կկայանա դեկտեմբերի 24-ին ժամը 14:00-ին:




Լրահոս