Պաշտոնական այցով Երեվան ժամանեց Լիբանանի խորհրդարանի նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով  հոկտեմբերի 3-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը: Ազգային ժողովի այգում Լիբանանի խորհրդարանական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո  տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիի առանձնազրույցը: Ողջունելով իր գործընկերոջը ` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պարոն Բըրրիի պաշտոնական այցը Երեւան եւս մեկ վկայություն է մեր երկու ժողովուրդների բարեկամության եւ պետությունների միջեւ տարբեր բնագավառներում համագործակցությունը զարգացնելու եւ, հատկապես, միջխորհրդարանական կապերն ամրապնդելու փոխադարձ ցանկության: Նա համոզմունք հայտնեց, որ Նաբիհ Բըրրիի այցը Հայաստան կնպաստի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը քաղաքական, առեւտրատնտեսական եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող  բազմաթիվ այլ ոլորտներում:   «Այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-լիբանանյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը  կարեւոր համարեց երկկողմ կապերի հետագա զարգացումը  բոլոր  ուղղություններով: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Լիբանանի ԱԺ նախագահը կարեւորեց երկու երկրների միջեւ փոխգործակցության խորացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ տնտեսական կապերի աշխուժացումը: Պարոն Բըրրին բարձր գնահատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2010թ. ապրիլին Լիբանան կատարած պաշտոնական այցը եւ նշեց, որ այն նոր թափ հաղորդեց  երկկողմ հարաբերություններին եւ Լիբանանում դրական մեծ արձագանք ունեցավ: «Պետք է նշեմ, որ մեր երկու երկրների  հարաբերություններում մշտական կամուրջ են հանդիսանում Լիբանանում ապրող մեր հայ եղբայրները, ովքեր ներգրավված են եւ քաղաքական եւ հասարակական կյանքում»,- նշեց Լիբանանի խորհրդարանի ղեկավարը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում,  քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված  կազմով:




Լրահոս