Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը երեկ հանդես էր եկել կոչով՝ ասելով, թե այսօր այսօր ավելի քան կարևոր է ուժեղ ու միասնական լինել։ «Մենք դեռ խրամատում ենք, մեկ րոպե անգամ չենք թողել մեր սահմանը և շարունակում ենք ամուր կանգնած մնալ։ Բոլորիս միանալու համար անհրաժեշտ է կամավորագրվել՝ դիմելով Գորիսի համայնքապետարան», – նշել էր նա։
Այս ընթացքում հակասական լուրեր են տարածում Հայաստանի հարավային դարպասներից, և դեռևս պարզ չէ, թե ինչ է կատարվում եւ կատարվելու Սյունիքի մարզի սահմաններին, իսկ Գորիս համայնքի ղեկավարն էլ փաստորեն ինքնապաշտպանության կոչ է անում: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ:
-Պարո՛ն Առուշանյան, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր կամավորագրվելու կոչը:
-Ուղղակի պետք է մեր բանակի կողքը լինել՝ ինչպես մինչեւ հիմա եղել ենք եւ դա պետք է շարունակենք: Աշխարհազոր գորիսեցիները վաղուց են ձեւավորել եւ եղել են պատերազմի ամենաթեժ կետերում՝ Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ, սակայն հիմա կա նաեւ մարդկանց փոխարինելու խնդիր, նաեւ դրանով էր պայմանավորված կոչս: Հիմա էլ գորիսեցիները սահմանում են:
-Հիմա Գորիսում ի՞նչ տրամադրվածություն է, քանի որ հակասական լուրեր են տարածվում:
-Նորմալ է իրավիճակը, ոչ մի խնդիր չկա: Ես սովորաբար ամեն օր դիրքերում եմ, մեր գորիսեցիների հետ շփվում եմ, որևէ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է: Սա է իրավիճակը, ունենք այն, ինչ ունենք:
-Որո՞նք են լինելու հետագա քայլերը: Ի՞նչ պետք է անել՝ բնականոն կյանքի անցնելու համար:
-Ունենք այն, ինչ ունենք: Ի՞նչ պետք է անենք, մեր հողը թողնենք, գնա՞նք: Բնականաբար պետք է պահենք ու ինչպես մեր գյուղերը շենանում են , հիմա ավելի ուժեղ սկսենք շենացնել, վե՛րջ: Ոչ մի խնդիր չի կարող լինել, մենք մտահոգվելու բան չունենք, թող թշնամիները մտահոգվեն: Բացի այդ, պետք է ուժեղանալ եւ հետ վերցնել այն, ինչը մերն է: Սա պետք է լինի յուրաքանչյուր հայի առաքելությունը:
-Հաշվի առնելով, որ Գորիսի մի քանի գյուղեր դարձան սահմանամերձ, ինչպիսի՞ն է տրամադրվածությունը: Կա՞ն բնակիչներ, որոնք որոշել են հեռանալ Գորիսից:
-Ոչ, մարդն իր տանից ո՞ւր թողի, գնա, ոնց թողենք գնանք: Դա ընդհանրապես քննարկման ենթակա չէ: Մենք մեր տները թողնենք, գնա՞նք: Իհարկե, կան գյուղեր, որտեղ հեռավորությունը սահմանից շատ մոտ է: Գրեթե բոլոր գյուղերն էլ սահմանամերձ են` Խնձորեսկ, Հարթաշեն, Որոտան, Շուռնուխ: Գորիսի բոլոր գյուղերն էլ սահմանամերձ են: Մեր գյուղերում մենք նոր նախագծեր ենք իրականացնում բնակիչների համար՝ բազմաբնակարան շենքեր կառուցելու նպատակով, այնպես որ նորմալ իրավիճակ է: Իհարկե, ոչ մի արժանապատիվ հայի համար այս իրավիճակը լավ չէ, չի կարող լավ լինել, բայց ունենք այն, ինչ ունենք:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը