ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Մասնավորապես, խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետը նշել է, որ ընթացիկ իրավիճակում ահագնացող հանրային պահանջ է, որպեսզի մեր երկրի պետական մարմինները եւ ինստիտուտները հստակ աշխատեն: «Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է հատկապես իրավապահ համակարգին եւ իրավակարգի պաշտպանությանը: Այսօրվա մեր քննարկման ընթացքում կուզենայի, որ մտքեր փոխանակենք եւ կիսենք գնահատականները, թե ինչքանով են այսօր իրավակարգի պահպանությանն ուղղված ինստիտուտները պատշաճ մակարդակով գործում, եւ ինչպիսին է մեր գնահատականը, այդ թվում՝ փոխգործակցության եւ օրինականության ապահովման տեսակետից:

Ցանկանում եմ մի կոնկրետ օրինակի շուրջ խոսել: Գիտեք, որ սույն թվականի նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցան իրադարձություններ եւ, ըստ էության, նաեւ հարձակում Ազգային ժողովի նախագահի դեմ: Տվյալ գործերով այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 50 անձի, որոնցից խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան 42 անձի պարագայում: Միջնորդություններից մերժվել է 20-ը, բավարարվել է 18-ը, ԱԺ նախագահի դեմ հարձակման գործով կալանավորվել է 2 անձ, եւս մեկ անձի կալանավորումը մերժվել է: Եթե ճիշտ բարձրաձայնեցի՝ այս վիճակագրությունը եւ հիմնական հարցը հետեւյալն է, թե մեր գնահատականը որն է, թե ինչքանով է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին, եթե պատշաճ ենք համարում ներկաներս, դա ի գիտություն ընդունենք, եթե պատշաճ չենք համարում, հասկանանք՝ ինչն է խնդիրը, եւ ինչու մենք ունենք այսպիսի իրավիճակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը ներկայացրել են նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված իրավական գործընթացների ընթացքը, կատարված ուսումնասիրությունների ու քննչական գործողությունների արդյունքները:

Այս համատեքստում տեղի է ունեցել առարկայական քննարկում հարուցված քրեական գործերի ընթացքի, հանցակազմ պարունակող արարքներում եւ դրանց կազմակերպման գործում ներգրավված անձանց բացահայտման, դատական համակարգի գործունեության շուրջ: Ներկայացվել են տարբեր դիտարկումներ եւ կարծիքներ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ իրավապահ համակարգի գործունեության արդյունքում Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր զբաղեցրած դիրքից, պետք է իրեն զգա լիարժեք պաշտպանված, իսկ իրավապահ համակարգի գործունեությունը պետք է առավելագույնը միտված լինի այդ խնդրի լուծմանը: Այս առումով վարչապետը կարեւորել է իրավապահ համակարգի մարմինների արդյունավետ ու սերտ համագործակցության ապահովումը:

 

 

ԴՈՒՐՍ ԿԳՐՎԻ

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից:  Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից եւ ամբուլատոր բուժումը (պլանային այցեր-խմբ) կշարունակի։ Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

 

 

ԿՔՆՆԱՐԿԵՆ

ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները Հյուսատլանտյան խորհրդի նիստի ժամանակ, որը կկայանա դեկտեմբերի 1-2-ին տեսահամաժողովի ձեւաչափով, կքննարկեն աշխարհում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում եւ Բելառուսում իրադարձությունների համատեքստում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Նախարարները կքննարկեն, թե ինչ կարող ենք անել՝ ի պատասխան Ռուսաստանի ռազմական ակտիվության մեծացման: Ռուսաստանն արդիականացնում է իր միջուկային զինանոցն ու նոր հրթիռներ, նոր ուժեր տեղակայում ծայրագույն հյուսիսից մինչեւ Լիբիա եւ Սիրիա: Մենք նաեւ տեսնում ենք ռուսական ռազմական ներկայության ուժեղացում Լեռնային Ղարաբաղում եւ Բելառուսում ճգնաժամների արդյունքում»,-ասել է նա:

 

 

ԴԻՄԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՆ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Սարգսյանի նամակում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի հասարակությունն ու սփյուռքը խիստ անհանգստացած են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների եւ քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակով: Ռուսաստանի նախագահի միջնորդությունը մեծ աջակցություն կլինի Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զինվորականներին եւ քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ զոհվածների մարմինները վերադարձնելու չափազանց զգայուն խնդրի լուծման գործում:

 

 

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ Է ՀԱՄԱՐՈՒՄ

«Ես ասել եմ՝ կբացվեն ճանապարհները, կմոդեռնիզացնենք մեր տնտեսությունը եւ օրերից մի օր միգուցե բացվեն ճանապարհները, դուք վերցրել եք կոնտեքստից միայն վերջին մասը»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նոր նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Առաջին ալիքին» տված իր հարցազրույցին, որտեղ նշել էր. «Միգուցե նաեւ բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, եւ մեր շուկան՝ Ադրբեջանի համար»: Դիտարկմանը, որ, մի կողմից, մերժում ենք թուրքական ապրանքները, մյուս կողմից՝ նախարարը նման հայտարարություն է անում, Քերոբյանն արձագանքել է. «Խնդրում եմ, մանիպուլյացիա մի՛ արեք: Շատ ներողություն եմ խնդրում, ես հարգում եմ լրագրողի մասնագիտությունը, բայց մանիպուլյացիոն եւ անիմաստ խոսակցություններին չեմ պատրաստվում ժամանակ ծախսել»: Հարցին, որ ինքը ժամանակին եղել է սուպերմարկետների ցանցի ղեկավար, որը սնանկացման է հասցրել, հիմա ինչպես է հաջողելու նախարարի պաշտոնում հայտնվել, նա պատասխանեց. «Ես օրենքի առաջ որեւէ պարտավորություն չունեմ, եւ այս թեման այսքանով փակում ենք: Դա եղել է իմ աշխատանքից դուրս գալուց մոտավորապես 1,5 տարի հետո: Ես չեմ դրան հասցրել»:

 

 

ԶՈՐԱՆՈՑՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ

Զինվորների ծնողները անորոշությունից ուղղակի գժվում են, չգիտեն՝ ինչ անեն, հետեւաբար պետք է ավելի պրակտիկ լինել այս հարցում. այս մասին ասել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մենք չգիտենք՝ Ադրբեջանն ինչ է ասում՝ ասում է՝ գերիներին չենք տալիս, ասում է՝ 10 օրից կտանք, ասում է՝ քանի գերի կա: Մենք չգիտենք, թե քանի գերի են իրենք հաստատել, ընդունել: Մենք գիտենք, որ շատ են»,-ասել է նա։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին գրռումներին՝ Մարուքյանը նշել է, որ չի ընթերցել, արձագանքներն է տեսել. «Ես կարծում եմ, որ դրա փոխարեն հենց հիմա մեր զինվորները զորանոցներ չունեն, գիտեք՝ ինչ պայմաններում են քնում, արթնանում: Արագ պետք է դաշտային վրանային զորանոցներ հիմնել: Դա թանկ հաճույք չի, ՊՆ-ն կարող է պետական գնումներով դա շատ արագ կազմակերպել եւ շատ լավ պայմաններ ապահովել: Դա զորանոցային պայմաններից ցածր է, բայց այս վիճակից լավ է:  Պարզ է, որ իշխանությունն ասում է, որ պատերազմը պարտվելու մեջ ընդդիմությունն է մեղավոր, նախկին նախագահներն են մեղավոր, սաղ մեղավոր են, բացի ինքը: Բա որ ասում եք՝ գերագույն գլխավոր հրամանատար, բա էդ ո՞վ էր»,-ամփոփել է պատգամավորը:

 

 




Լրահոս