Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի եւ Ադրբեջանի Հանրապետությունների ռազմաքաղաքական պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության դատախազությունը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու եւ իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու առաջին իսկ օրվանից տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող, նյութական հատուցում ստանալու նպատակով հատուկ հավաքագրված անձանց՝ վարձկաններ հավաքագրելու եւ օգտագործելու վերաբերյալ: Վերջիններս իրականացրել են միջազգային ահաբեկչություն՝ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով, պայթյունի, հրկիզման եւ այլ նմանօրինակ գործողությունների կազմակերպմամբ ու իրականացմամբ, շարունակել են մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ եւ հաղորդակցության, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն եւ վնասելուն ուղղված գործողությունները: Վերոգրյալի հիման վրա միջազգային ահաբեկչության դեպքի առթիվ հարուցված քրգործով նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, ինչպես նաեւ անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը ծրագրել է ագրեսիայի ակտ իրականացնել Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ, ինչից ելնելով՝ Ադրբեջանի զինված ուժերի պատասխանատու պաշտոնատար անձինք միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկաններով համալրելու վերաբերյալ նախնական համաձայնություն են ձեռք բերել Թուրքիայի Հանրապետության պատասխանատու պաշտոնատար անձանց հետ: Նշված համաձայնությունն իրագործելու, այդ թվում՝ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչություն կատարելու նպատակով Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձինք, գործելով կազմակերպված խմբի կազմում, նույն ժամանակահատվածից սկսած՝ համապատասխան ֆինանսական/դրամական միջոցներ, ինչպես նաեւ զենք եւ ռազմամթերք են տրամադրել «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ», «Սուկուր», «Ալ Համզաթ», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական խմբավորումներին, վերջինների կազմից կատարել ահաբեկիչ-վարձկանների ընտրություն, ապահովել նրանց սահուն, անարգել անցումը Սիրիայի եւ Թուրքիայի պետական սահմանով նախ Թուրքիայի, ապա Ադրբեջանի Հանրապետությունների տարածքներ: 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած՝ «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ» եւ «Սուլթան Մուրադ» խմբավորումների կազմում ընդգրկված շուրջ երկու հազարից ավել վարձկան անդամներն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հետ ներգրավվել եւ ակտիվ մասնակցություն են ունեցել նախապես Արցախի Հանրապետության դեմ ծրագրված, համակարգված եւ նպատակաուղղված ռազմական գործողություններում: Վերոգրյալի հիման վրա՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ահաբեկչության ֆինանսավորման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 2171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:
Միաժամանակ, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման արգելմանն առնչվող միջազգային պայմանագրերի կարգավորումներին համահունչ՝ ձեռնարկվելու են միջազգային-իրավական համագործակցության առկա մեխանիզմները՝ հիշատակված հանցագործությունները կատարած անձանց բացահայտելու, այդ հանցագործությունների համար միջազգայնորեն ճանաչված իրավական հետեւանքները կենսագործելու ուղղությամբ:
ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՆ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սոցցանցում գրառում է արել, որում անդրադառնում է սոցցանցերում տարբեր խմբերի հանդեպ վիրավորական վերաբերմունքին։ Գրառման մեջ ասվում է. «Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են վերջին օրերին սոցցանցերում նկատվող՝ հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսեւորումները: Թեեւ տհաճորեն եմ անդրադառնում դրանց, սակայն պարտավոր ու ստիպված եմ՝ հաշվի առնելով դրանց ծավալները եւ ուժգնությունը:
Ընդհանրապես ու հատկապես այս վճռորոշ իրավիճակում մեզ հարիր ու թույլատրելի չեն հայության տարանջատման եւ ներքին թշնամանքի հրահրման ճղճիմ փորձերը: Մարդու իրավունքների պաշտպանության եւ ներքին միասնականության մշակույթի ապահովումը պարզապես հրամայական է մեր ներքին ու արտաքին մարտահրավերների արդյունավետ դիմագրավման ճանապարհին:
Արցախը՝ որպես հայ ազգի արժանապատվության ու անվտանգության գլխավոր աղբյուրներից մեկը, հատկապես վերջին տասնամյակներում անդադար եղել է հայության հատուկ հոգածության ներքո: Դա ոչ ոք չի կարող ժխտել կամ ուրանալ, եւ բոլորս էլ միշտ եղել ենք երախտապարտ յուրաքանչյուր անձի, ով իր ամենափոքր իսկ ներդրումն է ունեցել հայրենիքի (ներառյալ՝ Արցախի) անվտանգության ապահովման ու զարգացման գործում: Վերջին պատերազմը նույնպես բացառություն չէր, երբ ազգովի լծված էինք մեկ նպատակի փոխօգնության բացառիկ մթնոլորտում. վկան՝ նաեւ տեղահանված արցախցիներին ու ընդհանրապես Արցախին ցուցաբերվող զանգվածային անշահախնդիր աջակցությունը:
Հաշվի առնելով տարանջատման ու թշնամանքի դրսեւորումներում կեղծ օգտատերերի ակտիվ դերակատարությունը՝ ակնհայտ է, որ արտաքին եւ միգուցե ներքին կոնկրետ ուժեր շահագրգռված են հայ ազգը պառակտելու եւ Արցախի հանդեպ բացասական տրամադրություններ խթանելու հարցում: Եվ, ցավոք, այդ նպատակներին սպասարկող հուզական մանիպուլյացիաների ծուղակն են ընկնում բազմաթիվ անձինք, որոնք ամենեւին դիտավորություն չեն ունենում վնասելու մեզ համար այնքան կարեւոր ներքին համերաշխությունն ու ամրությունը: Ուստի դա եւս մեկ հիմք պետք է լինի սրտացավ մարդկանց համար զգուշանալ նման արհեստական ու հանցավոր արշավներին հավատալուց եւ մասնակցելուց: Նույնը, իհարկե, վերաբերում է նաեւ արցախաբնակ մեր հայրենակիցներին:
Թեեւ մարդն իր գործողություններում մեծապես առաջնորդվում է իռացիոնալ հիմքերով, սակայն ունի նաեւ ռացիոնալությունը կիրառելու կարողություն: Հետեւաբար, մենք ունակ ու պարտավոր ենք հատկապես այսպիսի դեպքերում չտրվել կարծրատիպերը չարաշահող մանիպուլյացիաներին եւ ջուր չլցնել մեր սեփական արժեքներին ու սկզբունքներին հակասող գործընթացների ջրաղացին: Ռացիոնալ եզրահանգումներից հետո հնարավոր է գիտակցել կոնկրետ երեւույթների պատճառներն ու հետեւանքները, արհեստական ընդհանրացումների ու տարանջատման փորձերի վտանգավորությունը:
Եկե՛ք երբեք չմոռանանք հատկապես ճգնաժամային պայմաններում մեր ներազգային համերաշխության ու միասնական ջանքերի անհրաժեշտությունը»:
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Միշուստինը, համաձայն հաղորդագրության, տեղեկացրել է, որ ելնելով համաճարակային իրավիճակից՝ դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը դեկտեմբերի 4-ին պետք է կայանար Մոսկվայում, իրականացվի հեռահար եղանակով: Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԽՈՍՔԸ
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հանդես է եկել ուղերձով: «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից եւ անձամբ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ: Արցախի ոստիկանները միշտ հանցավորության դեմ պայքարի առաջին գծում են, ինչպես Ազատամարտի առաջնագծում եղան եւ այս ծանրագույն օրերին էլ իրենց կյանքն են դնում Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։ Անգնահատելի է Արցախի ոստիկանների ներդրումը օրինականության ամրապնդման եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում: Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակելու է իր առաքելության իրագործումը՝ հանուն հայրենիքի ու ժողովրդի»:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ
Նոյեմբերի 30-ին գործել էր Նելսոն Ստեփանյան փողոցի խանութներից մեկի անվտանգության ազդանշանային համակարգը։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ծառայողները։ Նկատել էին, որ խանութի դուռը բաց է, եւ ոստիկանության Նոր Նորքի բաժնից օժանդակ ուժեր էին խնդրել։ Ոստիկանները խանութում հայտնաբերել են դիմակավորված երկու անձի, որոնք չեն ենթարկվել նրանց օրինական պահանջին, առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ ու փորձել փախուստի դիմել։ Փախուստը կանխելու նպատակով ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոցներ են արձակել, հետապնդել, դիմակավորված անձանց վնասազերծել են եւ բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նախազգուշական կրակոցից տուժածներ կամ վիրավորներ չկան։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Նշանակվել է ծառայողական քննություն: