«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտնի համատեղ հայտարարությունում որեւէ անդրադարձ չկա, թե Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանները ինչպես են հստակեցվելու։ Կան միայն առանձին պաշտոնյաների հայտարարություններ, թե երկու երկրների սահմանազատումն իրականացվելու է՝ հիմք ընդունելով նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները։
Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների համաձայն՝ օրինակ, Կապանի օդանավակայանը Ադրբեջանից բաժանում էր միայն Ողջի գետը. գետից այն կողմ Ադրբեջանն էր, այս կողմ՝ օդանավակայանը։ Նշված խնդիրներին երեկ անդրադարձել էր նաեւ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը՝ գրելով. «Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են, մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ, մարզում որեւէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում, Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում, Կապանի օդանավակայանը գտնվում է եւ կմնա Կապան համայնքի տարածքում»։
Նկատենք՝ Սյունիքի մարզի շատ գյուղեր դարձան սահմանամերձ, իսկ հայ-ադրբեջանական սահմանին ամենամոտը գտնվում են Տեղ խոշորացված համայնքի գյուղերը: Սակայն վերջինիս ղեկավար Ներսես Շադունցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե համայնքից ոչ ոք չի հեռացել, ոչ ոք չի էլ պատրաստվում հեռանալ, եւ անգամ մի թիզ հող չեն զիջի: «Աշխատում ենք էլի մեր վարչական տարածքներով, մեր պոստերով: Չկա դեպք, որ մեր խոշորացված համայնքից որեւէ մեկը դուրս եկացած լինի, սա հիմք ընդունի եւ ասի, որ արտագաղթելու է, նման բան չկա եւ չի էլ լինելու», – նշեց նա:
Համայնքի ղեկավարը նաեւ մի միջադեպի մասին պատմեց. «Դա է մեզ բաժին հասել, ու պետք է դիմակայենք: Շատ մոտ ենք իրար, մի քանի մետր այն կողմ իրենք են, այս կողմը՝ մենք: Այսօր նենց միջադեպ է եղել, որ մենք իրենց հետ կանգնել ենք, սկսել ենք խոսել: Եկել են, էլի ուզում են առաջ գան, առաջ գան: Իրենք ուզում են ամեն մետրին գան կանգնեն», – նշեց նա: Այսինքն՝ թշնամին ուղիղ շարունակում է հարաբերվել մեր հայրենակիցների հետ, սակայն հայկական բանակը չկա։ Գոնե այս դեպքում էլ արձանագրվեց, որ տեղում չէ։
Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։