Սյունիքի մարզպետի խորհրդականն ազատվել է պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմ դիմումի համաձայն ազատվել եմ Սյունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնից։ Այս մասին հայտնել է Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը:

«Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել Հայաստանի ողնաշարը հանդիսացող Սյունիքի մարզի կառավարմանը։ Իմ աշխատանքային գործունեության ողջ ընթացքում առաջնորդվել եմ Սյունիքի և սյունեցու շահով։

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սյունիքի մարզպետ, գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ Սյունիքի մարզպետարանի ողջ աշխատակազմին, Սյունիքի համայնքների ղեկավարներին և այն գերատեսչություններին, որոնց հետ արդյունավետ աշխատել ենք։ Մեր համագործակցությունը հիմնված է եղել փոխադարձ հարգանքի ու վստահության վրա։

Սյունեցիները հերոս ժողովուրդ են, որոնք իրենց հերոսությունն ապացուցել են ինչպես արցախյան գոյամարտում (1992-1994թթ.), ապրիլյան հերոսամարտում, այնպես էլ այս պատերազմում։ Խոնարհվում եմ բոլոր զոհերի հիշատակի առաջ։ Այսօր էլ սյունեցին ամուր կանգնած է իր սահմանին և անառիկ է պահում Սյունիքի դարպասները։

Շնորհակալ եմ բոլոր սյունեցիներին, Սյունիքն անպարտ է, սյունեցին՝ անկոտրում։

Ամուր կամք և տոկունություն եմ մաղթում բոլորիդ»:

Հիշեցնենք, որ հրաժարական է ներկայացրել նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:




Լրահոս