ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄՈԴԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նախատեսում է ներդնել նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների նախագիծ: ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանի խոսքով՝ նախագիծը փորձում են ներդնել, քանի որ հանրապետության ոչ բոլոր բնակավայրերում է մատուցվում նախադպրոցական ծառայություն: Դրանք ներդրվելու են բացառապես այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթության որեւէ ծառայություն չի գործում:

 

«Հայաստանի բոլոր մարզերում կա շուրջ 270 բնակավայր, որտեղ առհասարակ չի իրականացվում նախադպրոցական որեւէ ծառայություն: Կան նաեւ բնակավայրեր, որտեղ կան մանկապարտեզներ կամ դպրոցներին կից նախակրթարաններ, որոնք նախատեսված են 5-6 տարեկան երեխաների համար: Նման մոդել ներդնելու համար ԿԳՄՍ նախարարությանը գումարը հատկացվել է պետական բյուջեից: Գերատեսչության բյուջեում լինելու է այդ գումարը, եւ տարեկան դրամաշնորհ է տրամադրվելու. կարգն այդպես է լինելու: Որոշ չափորոշիչներ կլինեն՝ հաշվի են առնվելու համայնքի պատրաստակամությունը, երեխաների թիվը: Նախակրթարանների շենքերի վերանորոգման հարցերը լուծվելու են դրամաշնորհի շրջանակում, սակայն հետագայում դրանց պահպանման ծախսերը, բնականաբար, համայնքինն են լինելու»,- ասել է նա։ Վերջինիս  խոսքով՝ առաջարկվել է մի քանի տարբերակ, որոնք հիմնականում ծախսարդյունավետ են: Տարբերակներից մեկի դեպքում մատուցվելու են 3.5-4 ժամ տևողությամբ ծառայություններ` առանց ցերեկային քնի ապահովման:

«Խմբում երեխաների առավելագույն քանակը նախատեսվում է 30։ Այս տարբերակը նպատակահարմար կլինի կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։ Առաջարկվում է նաեւ մեկ այլ ծառայության տեսակ՝ 4-4.5 ժամ տեւողությամբ, որը կիրառելի է, եթե համայնքում երեխաների թիվը մինչեւ 15 է, եւ չկա այլ մոդելներ իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար կլինի կիրառել, եթե բնակավայրում առկա է համապատասխան պայմաններ ունեցող տուն։ Համայնքը կարող է համակարգել մինչեւ 3 տան պայմաններում մատուցվող ծառայությունը։ Այս պարագայում խնամակալ ընտանիքի մայրը պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն: Մենք ունենք այդպիսի փորձ: Ներկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նման ծրագիր է արվում Սյունիքի եւ Լոռու մարզերում: Բնակավայրեր ունենք, որտեղ նույնիսկ միջին մասնագիտական կրթության խնդիր կա, այդ պատճառով ցենզը տնային պայմաններում դրել ենք, որ միջակարգ կրթությամբ կանայք լինեն, ովքեր պարտադիր կանցնեն վերապատրաստում: Երեխաների խնամքն էլ կիրականացվի հենց իրենց կողմից»,- նշել է մասնագետը:

Ներկայացնելով ծախսարդյունավետ եւ այլընտրանքային մոդելի մեկ այլ տարբերակ՝ Կարախանյանը նշեց, որ կարող է լինել նաեւ շրջիկ ծառայություն: Այդ դեպքում խումբը ձեւավորվելու է մի քանի բնակավայրի մասնագետների օգնությամբ: «Նման ծառայություն կարող է իրականացվել, եթե համայնքի երեխաների թիվը մինչեւ 15 է, եւ նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար մասնագետների խնդիր կա։ Ենթադրվում է մասնագիտական թիմի կողմից 1 օրվա ընթացքում առնվազն 2-3 համայնքում նախադպրոցական ծառայությունների մատուցում։ Մոդելների ներդրումը տեղի կունենա մի քանի փուլով. համայնքների հայտերի ներկայացում, դրանց գնահատում, բնակավայրերի ընտրություն ու համապատասխան մոդելի հաստատում, դրամաշնորհի հատկացում եւ հաշվետվությունների ընդունում:

Կարախանյանն ընդգծեց, որ կարգն այս պահին շրջանառվել է, Արդարադատության նախարարությունից վերադարձվել է, կա եզրակացություն, դիտարկումներ կան, դրանք հիմնականում իրավական հարցերին են վերաբերում:

 

 

55 ՀԱԶԱՐ ԲՆԱԿԻՉ

Մինչ այժմ  Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար բնակիչ: Այս մասին տեղեկացրել է Արցախի  տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները մինչ այժմ հաշվառել եւ ուղեկցել են  Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով վերադարձած ավելի քան 23 հազար  արցախցու:  «Շատերը  վերադարձել են մինչ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի փակվելը սեփական տրանսպորտային միջոցներով: Այստեղ ռուս խաղաղապահներ այդ ժամանակահատվածում չեն եղել, ուստի վերադարձողների հաշվառում չի իրականացվել»,-մանրամասնել է նախարարը:

Անդրադառնալով վերադարձողներին կացարանով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքերին՝ Ժիրայր Միրզոյանը տեղեկացրեց, որ ներկայումս Ստեփանակերտի հյուրանոցներն ու մյուս հնարավոր կացարանները զբաղեցրած են, ուստի  պետության կողմից այժմ վարձակալվում են գյուղական առանձատներ ու տրամադրվում ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչներին: Բացի այդ,  աշխատանքներ են տարվում այն գյուղական առանձնատների  ձեռքբերման ուղղությամբ, որոնց սեփականատերերը փաստացի չեն բնակվում այնտեղ: «Ինչ վերաբերում է Ստեփանակերտի՝ հրթիռահրետակոծության հետեւանքով բնակարան կորցրած բնակչությանը, ապա քաղաքապետարանը գույքագրել է վնասները: Մասնակի վնասված բնակարաններն արագ վերականգնվում են եւ տրամադրվում բնակիչներին: Առավել  խոշոր ավերածությունների ենթարկված  շենքերի բնակիչներին տեղավորելու հնարավորություն կընձեռվի  դրանց վերականգնումից հետո միայն»,- ասել է նա։

 

 

ԴԱՇՏԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել: Նախօրեին հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Երեւանից տեղափոխվել է Ստեփանակերտ: Շարասյանն ուղեկցել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերը եւ ռազմական ոստիկանությունը: Ռազմական հոսպիտալի մոդուլները տեղակայվել են Ստեփանակերտ քաղաքի օդանավակայանի տարածքում: Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումները կսպասարկեն ռուս խաղաղապահներին, ինչպես նաեւ կտրամադրեն անհրաժեշտ բժշկական  օգնություն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

 

 

356 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135124 դեպք, որոնցից 108442-ը` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23976 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 1098 թեստավորում (թեստավորումների քանակի քիչ լինելը պայմանավորված է շաբաթ եւ կիրակի օրերի հետ), իսկ ընդհանուր առմամբ` 510127 թեստավորում: Այսպիսով, կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 356 նոր դեպք եւ 1078 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2164 (ավելացել է եւս 22-ով) դեպք: Արձանագրվել է նաեւ մահվան 4 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 542 է:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է

«Հարգելի՛ հայրենակիցներ, հերթական հանդիպումն եմ ունեցել անհայտ կորած եւ գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ, որին մասնակցում էին Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը եւ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը»,- հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ներկայացնելով իրականացվող հումանիտար աշխատանքների ինտենսիվությունը՝ նշել եմ, որ ԱՀ ԱԻՊԾ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի եւ ռուս խաղաղապահների սերտ համագործակցության շնորհիվ՝ այս ընթացքում ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց, եւ ամեն օր աշխատանքները շարունակվում են: Այս օրերին պետական ամենաբարձր մակարդակով գործադրվում են բոլոր ջանքերը հնարավորինս կարճ ժամկետներում անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերը պարզելու ուղղությամբ»:

 

 

ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐ

Դեպի ՀՀ ուղեւորահոսքի ավելացման համատեքստում՝ «Զվարթնոց»  օդանավակայանում լրացուցիչ հերթերից եւ կուտակումներից խուսափելու համար ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը  կրկին հիշեցնում է Covid-անվտանգության ընթացակարգերը ՀՀ մուտք գործող անձանց համար։ Ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի՝ եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից: Եթե առկա չեն վերը նշված վաղեմության Covid-բացասական թեստ եւ դա հիմնավորող փաստաթղթեր, ապա անձը պարտադիր պետք է թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում եւ ինքնամեկուսանա մինչեւ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։ «Չվերթերն աստիճանաբար վերականգնվում են նաեւ «Շիրակ» օդանավակայանում, ուստի այս առումով եւս տեղեկացնում ենք, որ այնտեղ գործում են Covid-նմուշառման կետեր։ Covid-թեստի պատասխանի առկայությունը ՀՀ մուտք գործող անձի մոտ ստուգում  են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը։ Միաժամանակ նաեւ ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների եւ դրանց խախտման հետեւանքների մասին, եւ այդ մասին տրվում է համապատասխան ձեւի ծանուցագիր՝ ստորագրման, որից հետո միայն ոստիկանության աշխատակիցը թույլատրում է ժամանած անձի ելքը օդանավակայանից»,- ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիների հանդեպ ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն։ Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

 

 




Լրահոս