«ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ՑԱՎՆ Է». ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՆ ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մտավորականները  իրականացրին միաբանության երթ, որի նպատակն է աջակցել զինվորների եւ զինծառայողների հարազատներին եւ ձայն հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:

 

Նշենք, որ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ու դերասան Հրանտ Թոխատյանը հանդես են եկել միաբանության կոչով։

«Ստացվել է այնպես, որ ՀՀ-ում չկա իշխանություն: Չկա որեւէ պետական պատկան մարմին, որը համակարգված եւ պատասխանատու կերպով կզբաղվի արցախյան պատերազմում անհետ կորած եւ գերեվարված զինվորներին տուն վերադարձնելու եւ զոհված զինվորների աճյունները արժանավայել հողին հանձնելու գործընթացներով: Մենք գիտակցում ենք, որ ճակատագրական այս հարցի լուծման համար թանկ է ամեն րոպեն: Մենք գիտակցում ենք նաեւ, որ այս խնդրի հանգուցալուծումը կախված է ամեն հայից՝ անկախ նրա բնակության վայրից: Կոչ ենք անում բոլոր մեր այն սրտացավ հայրենակիցներին՝ անկախ քաղաքական նախասիրությունից, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այս կարեւորագույն հարցի լուծմանը, միացե՛ք մեզ»,-մասնավորապես նշված է կոչում:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստներ Հրանտ Թոխատյանի, Աշոտ Ղազարյանի եւ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ:

«Ամենամեծ ակնկալիքն այն է, որ րոպե առաջ կարողանանք վերադարձնել մեր ռազմագերիներին, վերադարձնենք այն տղաներին, որոնք հիմա գտնվում են թշնամու տարածքում, եւ,  բնականաբար, փորձենք հարազատներին եւ մեզ բոլորիս վերադարձնենք զինվորների դիերը: Այսօր մեզ համար գերագույն խնդիրը դա է: Շատերն ասում են, թե ինչի է պետք այս հավաքը, ինչի է պետք նամակը: Ես ուզում եմ ասել՝ հավատացե՛ք, պետք է, բոլորս պետք է նամակներով հեղեղենք բոլոր դեսպանատները, որպեսզի մեծ աղմուկ բարձրացնենք եւ այս ձեւով օգնենք  նաեւ այդ խնդիրը լուծողներին: Մենք  սերտ կերպով փորձում ենք աշխատել Մարդու իրավունքների գրասենյակի հետ, որպեսզի որեւէ կերպ չխանգարենք, չվնասենք նրանց աշխատանքին: Կարծում եմ՝ այս պարագայում դա ամենակարեւորն է»,- նշում է մեր զրուցակիցը:

Իսկ, ահա, Աշոտ Ղազարյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով գերիներին, ընդգծում է. «Երբ տղաս, օրինակ, մեկ ժամ ուշանում է, արդեն անհանգստանում ենք, բա այս մարդիկ ի՞նչ ասեն, երբ արդեն երկու ամիս է՝ նստած սպասում են, թե երբ մի լուր կստանան իրենց երեխաներից: Մենք այսօր այստեղ հավաքվել ենք այդ երեխաների համար: Ուզում ենք միջազգային հանրությանը դիմենք, որպեսզի մի բան ձեռնարկեն, այս խնդիրը լուծեն: Սա բոլորիս ցավն է, ոչ մեկս չենք կարող հանգիստ քնել՝ իմանալով այս անարդարությունները,  բոլորս էլ երեխա ունենք, բոլորս թոռնիկներ ունենք»:

Իսկ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի կարծիքով՝ ամենակարեւոր բանը, որ կարող են անել այս օրերին, համախմբումն է:

«Հիմա բոլորի մտածմունքը մեկն է՝  հայ զինվորը, օրն այնպես է անցնում, որ անգամ չենք էլ զգում: Մենք այսօր գործ ունենք մարդկայն կյանքերի հետ: Պետք է թողնել կուսակցական դիրքորոշումները, քաղաքական տեսակները, եւ բոլորս լծվենք միայն մեր գերի ընկած զինվորներին փրկելու գործին»,-հավելում է դերասանուհին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ԱՅՍ ՄՐՑԱՆԱԿԸ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ». ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

Դուբայում երեկ` նոյեմբերի 29-ին, կայացել է «DIAFA» ամենամյա երաժշտական մրցանակաբախությունը, որին Հայաստանից մասնակցել է Իվետա Մուկուչյանը: Հայ երգչուհին իր մրցանակը ստանալիս բեմում խոսել է Արցախում տեղի ունեցած պատերազմի մասին եւ մրցանակը նվիրել հայրենիքի համար մարտնչած եւ պատերազմի դաշտում զոհված հայ հերոսներին.

 

«Ես այս մրցանակս նվիրում եմ բոլոր հայ զինվորներին, ովքեր հերոսաբար զոհվեցին, եւ նրանց, ովքեր քաջաբար պայքարեցին Արցախյան պատերազմում ադրբեջանա-թուրքական վայրագ հարձակումների դեմ: Ուզում եմ, որ աշխարհը ուղղի իր ուշադրությունն այն փաստի վրա, որ հենց այս պահին, երբ մենք այստեղ կանգնած խոսում ենք, Հայաստանում դանդաղ, բայց հստակ քայլերով երկրորդ ցեղասպանությունն է իրականացվում, եւ հարյուրավոր հայ գերիներ Ադրբեջանում հալածանքների են ենթարկվում:

Կուզեի, որ աշխարհը գիտակցեր, որ մենք ավելին ենք, քան քաղաքականությունը: Ես այս մրցանակը նվիրում եմ մեր նահատակված հերոներին, ցավոք, իմ ընկերներից շատերն էլ իրենց կյանքը կորցրին մարտի դաշտում, որպեսզի մենք` հայերս՝ որպես ազգ, շարունակենք գոյատեւել: Մենք կրկին կբարձրանանք, որովհետեւ մեր ազգը չի հանձնվում»,- իր խոսքում նշել է Իվետան:

 

 

ՄՐՑԵՑ «ՆԱՊՈԼԻԻ» ՀԵՏ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում մրցեց «Նապոլիի» հետ: «Նապոլիի» ֆուտբոլիստներն առանձնացան մտածված խաղով եւ հաղթեցին խոշոր հաշվով: Գատուզոյի գլխավորած թիմի կազմում գոլերը հեղինակեցին Ինսինյեն, Ռուիսը, Մերտենսը եւ Պալիտանոն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ խաղին: Այս տուրից հետո «Ռոման» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 6-րդն է, իսկ «Նապոլին» շրջանցեց «գայլերին» եւ այժմ 5-րդն է:

 

 

«ԱՐՍԵՆԱԼ»-Ն ԸՆԴՈՒՆԵՑ

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում «Արսենալը» Լոնդոնում ընդունեց «Վուլվերհեմթոնին»: Հյուրերին հաջողվեց առավելության հասնել 2:1 հաշվով: Զինագործների կազմում միակ գնդակը հեղինակեց Գաբրիելը, իսկ «Վուլվերհեմթոնից» արդյունավետ հարվածները կատարեցին Նետոն եւ Պոդենսը: Այս տուրից հետո «Արսենալը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 14-րդն է,  «Վուլվերհեմթոնը» 6-րդն է:

 

 

ԲՐԻՏԱՆԱՑԻՆ ՀԱՂԹԵԼ Է

«Ֆորմուլա 1»-ի «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը հաղթեց Բահրեյնի Գրան Պրիում: Հեմիլթոնին հաջորդեց «Ռեդ Բուլ»-ից Մաքս Ֆերշտապենը, իսկ եռյակը եզրափակեց նորից «Ռեդ Բուլ»-ից Ալեքսանդր Ալբոն: Ավելի վաղ` նոյեմբերի 15-ին, հայտնի էր դարձել, որ «Ֆորմուլա 1»-ի «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը դարձավ աշխարհի 7-ակի չեմպիոն: Հեմիլթոնը հաղթել էր Թուրքիայի Գրան Պրիում եւ իր կարիերայի ընթացքում 7-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն` հավասարվելով լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերին: Լուիս Հեմիլթոնն առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց 2008 թվականին: 35-ամյա Հեմիլթոնն Ֆորմուլա 1-ում հանդես է եկել «Մակլարեն» եւ «Մերսեդես» թիմերում:

 

 

ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը պատմել է, որ մարիխուանա է օգտագործել 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 51-ամյա ամերիկացի Ռոյ Ջոնս կրտսերի դեմ ցուցադրական մենամարտից առաջ: «Ես ծխում եմ ամեն օր: Երբեք չեմ դադարել անել դա: Ծխել եմ նաեւ մենամարտից առաջ: Արդյոք մարիխուանան անզգայացնո՞ւմ է ցավերը. ո՛չ, այն անջատում է ինձ, բայց չի ցավազրկում»,-ասել է 54-ամյա ամերիկացին։ Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում տեղի ունեցած մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի։ Լեգենդար բռնցքամարտիկներն անցկացրել էին 2-րոպեանոց 8 ռաունդ:

Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր 2005-ին, Ռոյ Ջոնսը՝ 2018-ին։

 




Լրահոս