ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 30-ին դատական համակարգի մի քանի ներկայացուցիչներ հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ նկատենք՝ վարչապետի հետ հանդիպմանը ոչ բոլոր դատավորներն են մասնակցել։ Մենք տեղեկացանք, որ դատական համակարգում խոսակցություններ կան այն մասին, որ Փաշինյանը հանդիպման հրավիրել է այն դատարանների դատավորներին, որոնցից շատերը շահագրգռվածություններ ունեն: Օրինակ՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանին համարում են աղմկահարույց դատական գործերով իշխանահաճո որոշումներ կայացնող դատավոր. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով քննվող քրեական գործի պարագայում նա այն հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան՝ նոր քննություն իրականացնելու: Այսինքն՝ այնպիսի որոշումներ է կայացրել, որ իշխանությանը դեմ չի գնացել: Բացի այդ, նա ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է, ընդունել է այդ հրավերը՝ ԱԺ-ում քվեարկության մասով խնդիրներ չունենալու նկատառումներից ելնելով: Մյուս դատավորը, որը ներկա է եղել վարչապետի հետ հանդիպմանը, եղել է Հովսեփ Բեդեւյանը, որը Վճռաբեկ դատարանի դատավոր է ցանկանում  դառնալ. այդ հաստիքը թափուր է Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամ դառնալուց հետո: Ընդ որում, այդ թեկնածուին ընտրելու է իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը: Ստացվում է՝ վարչապետի հետ հանդիպմանը գնացել են հիմնականում այնպիսի մարդիկ, որոնք ինչ-ինչ հավակնություններ ունեն. Վիգեն Քոչարյանին արդարադատության փոխնախարարի պաշտոնից ազատեցին, սակայն առանց աշխատանք չթողեցին, եւ դարձավ ԲԴԽ անդամ, իսկ Անի Մխիթարյանն ու Արմեն Չիչոյանն էլ եղել են ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կադրերից, սակայն նրա հեռանալուց հետո պատրաստ են անել ամեն բան, միայն թե իրենց չնեղացնեն: Այսպիսով, դատական համակարգում եկել են այն եզրակացության, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կոնկրետ գնացել են այն մարդիկ, որոնք շահ ունեն կամ ինչ-որ բանից կախված են: Եվ հիմա դատական համակարգում ասում են, որ այս դատարանների նախագահների ցանկացած որոշում պետք է կասկածի տակ դրվի, քանի որ վարչապետի հետ հանդիպման գնացած դատավորները չեն կարող այսուհետ խոսել անկախության մասին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությունը նախաձեռնել է հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ խմբակցությունը նպատակ ունի փակ հանդիպումների ժամանակ տարբեր հարցերի միջոցով նորանշանակ նախարարներից պարզել, թե վերջիններս ինչպես են պատկերացնում իրենց աշխատանքը պատերազմից հետո այս ծանր իրավիճակում: Մեր տեղեկություններով՝ իմքայլականները նախարար Քերոբյանին նախ հարցեր են ուղղել, թե ինչպես է վերջինս պատկերացնում բիզնես ոլորտում հարցերի լուծումները, ներդրումների հարցը Հայաստանում, ինչպես նաեւ էկոնոմիկայում առկա խնդիրների լուծումը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Քերոբյանից իմքայլականները լավ տպավորություն են ստացել, անգամ միմյանց ասել են, թե «դրայվոտ» նախարար էր երեւում, ու, կարելի է ասել, մեծ հույսեր են կապում բիզնեսմեն Քերոբյանի հետ: Հիշեցնենք, որ դեռեւս նոյմեբերի 26-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար: Նշենք, որ նոյմբերի 23-ին էկոնոմիակիայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել ՀՀ վարչապետին:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանում առաջիկայում հանրահավաքներ չեն լինի: 16 կուսակցություններն այս ընթացքում այլ մարտավարութուն են որդեգրել եւ հանրահավաքներ անելու փոխարեն մասնավոր հանդիպումներ են ունենում, ակտիվ են լրատվամիջոցներով, ինչպես նաեւ փոքրաթիվ կազմերով ճանապարհներ են փակում, որն էլ հանդիպում է ոստիկանների միջամտությանը: Հիշեցնենք, որ 16 կուսակցությունների հավաքները մեկնարկեցին նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, երբ ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին տարածել, որը ենթադրում էր հայկական կողմից տարածքների վերադարձ Ադրբեջանին: Հենց այդ հանգամանքն էր առաջացրել քաղաքական ուժերի վրդովմունքը, եւ  համատեղ սկսել էին հանրահավաքներ անցկացնել, որը, սակայն, կարճ կյանք ունեցավ: Նոյեմբերի 28-ին էլ առաջին հանրահավաքն իրականացրին մտավորականները, որոնք մինչեւ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանատներ են այցելել եւ նամակներ հանձնել: Նրանց պահանջը գերիների վերադարձն էր Հայաստանին: Սակայն նրանք եւս երեկ հայտարարեցին, թե դադարեցնում են հավաքները եւ կաշխատեն այլ ֆորմատով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հանրահավաքային պայքարն ավարտված է. առաջիկայում թերեւս այլ քայլեր կլինեն:

 

 

Հայաստանում բենզինի գինը բարձրացել է. արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 350 դրամով: Ըստ տնտեսվարողների՝ պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, որը ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: «Ժողովուրդ» օրաթերթը, բենզինի գնի բարձրացման հետ կապված, դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից փոխանցեցին, որ ուսումնասիրություն են անում, արդյունքների մասին կտեղեկացնեն: Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային տարբերությամբ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է մոտ 357 դրամ, Ռուսաստանում՝ մոտ 320 դրամ, Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 225 դրամ, Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է միջինը 204 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել. համաձայնագիրն ուժի մեջ է: Նշենք, որ Ղազախստանի իշխանություններն այս տարվա ապրիլի 1-ից զրոյացրել են նավթամթերքի արտահանման տուրքերը բոլորի համար՝ կապված նավթի գների անկման հետ, սակայն հետագայում դրանք կարող են վերականգնվել, ինչը արդեն չի անդրադառնա Հայաստանի վրա: Երբ հայտարարվեց Ղազախստանից բենզին ներկրելու մասին, հանրությունը հույս հայտնեց, որ բենզինի գինը զգալի կնվազի, սակայն, ինչպես տեսնում ենք, այս հարցում դրական տեղաշարժ դեռ չկա:




Լրահոս